Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԻՆԱԴԱԴԱՐ»՝

Հունվար 27,2006 00:00

«ԶԻՆԱԴԱԴԱՐ»՝ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ «Եթե մեր աշխատավարձերը չբարձրացնեն, մեկ շաբաթից գործադուլ ենք անելու»,- երեկ «խոստացան» մետրոյի աշխատակիցները: Երեկ վաղ առավոտյան Մետրոպոլիտենի շենքի ներսն ու դուրսը «պաշարել» էին մետրոյի աշխատողները՝ նրանք սպասում էին մետրոյի տնօրինությանն ուղարկած իրենց պահանջագրի պատասխանին: Այն չբավարարվեց՝ տնօրինությունը որոշեց գրավոր պատասխանել մեկ շաբաթից, թեպետ բանավոր պատասխանը ոչ մի լավ բան չէր խոստանում: «20 տարվա գծի հերթապահը հավելավճարներով 30-35 հազար դրամ է ստանում: Մնացածինն էլ՝ նույնը: Ինչ էս տնօրենը եկել է, մենք զրկվել ենք տոնական օրերին տրվող կրկնակի աշխատավարձից, աշխատում ենք գետնի տակ, ջրերի մեջ՝ կաթ-մածուն էլ չեն տալիս: Մի դեպք պատահի՝ մեր ապտեկայում բինտ անգամ չկա: Բա առաջ ո՞նց կար: Պահեստամասերը՝ հին, սարքում-նորից դնում ենք: Ժամը 7-ին հերթափոխը սկսվում է՝ գիշերով, ցրտին կանգնում ենք փողոցում, որ մի պատահական մեքենայով տեղ հասնենք: Մետրոն կռիսներով լցված է, հերթապահների սենյակներում կռիսների բները՝ լիքը, ամեն ծակի մեջ մի շիշ ենք խցկել: Աշխատավարձից 800-1000 դրամ պահում են գթության ֆոնդին ու պրոֆմիությանը՝ մի կոպեկ չեն տալիս, ընտանիքում մարդ է մեռնում՝ էլի ասում են, թե փող չկա, դուք որ մեռնեիք՝ կտայինք: Ո՞վ փող կտա՝ պրոֆմիության նախագահին ղեկավարությունն ինքն է դնում, ընտրություն ասվածը չկա»,- «չկա»-ների այս շարքը դեռ ամբողջը չէ: Աշխատողներն իրար հերթ չտալով բողոքում էին, որ իրենց ոչ մի հոգսի մասին Մետրոպոլիտենի ներկա տնօրինությունը լսել չի ուզում՝ «ասում է, դիմում գրի՝ ազատվի, իսկ նախկին տնօրենները անգիր գիտեին բոլոր աշխատողներին»: Ըստ մեր լսածի, տնօրեն Վահագն Հակոբյանին շարքային մետրոյականները նույնիսկ դեմքով չեն ճանաչում, որովհետեւ «մետրո չի մտել»: Իսկ ընկերության տնօրենների խորհրդի շուրջ երկու տարվա նախագահ Արեգ Բարսեղյանը «երկու անգամ եկել է, բայց մեր սենյակների տեղն էլ չգիտի»: Գծային հերթապահների աշխատասենյակները տեղակայված են կայարանի հարթակների ներս ընկած մասում, որտեղից նրանք կառավարման լուսային վահանակներով հետեւում են գնացքների ողջ անցուդարձին: Ըստ հերթապահներից մեկի՝ «այդ սենյակների գոյության մասին Բարսեղյանն իմացել է այս ամռանն ու շատ զարմացել, թե՝ այդպիսի բան էլ կա՞»: Ասենք, որ մեր զրույցի ժամանակ էլ պարոն Բարսեղյանը զարմանալու բաներ գտավ. «Ես առաջին անգամ եմ լսում, որ դեղատունն ինչ-որ բանի կարիք ունի կամ սենյակներում կռիսներ կան, որովհետեւ միշտ հետեւում եմ ծախսային հոդվածներին եւ գիտեմ, որ առաջին անհրաժեշտության համար նախատեսված ամեն ինչ էլ գնվում է»: Հասկանալի է, որ եթե նախագահը փաստաթղթերին հետեւելուց զատ գոնե մեկ անգամ պատահական այցելած լիներ նույն դեղատունն ու մետրոյի մեջ տեղակայված սենյակները, այսինքն՝ փաստացի հետեւեր ծախսային հոդվածների կատարմանը, ապա կբարձրաձայներ այդ մասին: Իսկ ընդհանրապես նա դեմ չէր, որ մետրոյի աշխատանքային պայմանները բավարար չեն, աշխատավարձը ցածր է, իսկ ապրելը գնալով թանկանում է, հասկանում էր, որ շուտով բարձրացող կոմունալ ծախսերը կփոշիացնեն նաեւ այդ գումարը: «Բայց չենք կարող աշխատողների պահանջը կատարել, այսինքն՝ կրկնակի բարձրացնել աշխատավարձը, հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել ընդամենը 10 տոկոսով, ինչն էլ արդեն նախատեսել էինք անել հունվարի 1-ից»: «Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այժմ պետությունից սուբսիդավորվում է ծախսերի կիսով չափ, մյուս կեսը ծածկվում է սեփական եկամուտների հաշվին: Սուբսիդիան այս տարի ավելացել է շուրջ 120 մլն-ով, բայց՝ կոմունալ ծախսերի բարձրացման նկատառումներով: Իսկ շահույթը նախորդ տարվա համեմատ անցյալ տարի պակասել է 5 մլն դրամով: Ա. Բարսեղյանը դա բացատրում է ուղեւորների պակասով՝ «վագոնի միջին ծանրաբեռնվածությունը օրական 23-24 մարդ է եղել, իսկ տեղափոխման հնարավորությունը 200 մարդ է»: Ինչ վերաբերում է մետրոյի տարածքում տեղադրվող գովազդային պաստառներից եւ կրպակներից ստացվող եկամուտին, պարզվում է, դա շահույթի մեջ մի քանի տոկոս է ընդամենը կազմում: Նշենք, որ բողոքողների մեջ չէին միայն մեքենավարները եւ ոստիկանները՝ նրանք ստանում են միջինը 110000 դրամ աշխատավարձ: Մետրոյի 1200 աշխատակիցներից 64-ն է մեքենավար: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել