Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ ԽԱԼՏՈՒՐԱ»

Հունվար 28,2006 00:00

Մշակույթի գործիչների տպավորությունները՝ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման համերգից

Ռուսաստանում Հայաստանի տարվա անհաջող մեկնարկի շուրջ կրքերը դեռ շարունակվում են բորբոքված մնալ: Մտավորականներն ու մշակույթի գործիչները մտահոգված են, որ գավառական մակարդակի միջոցառումները եւ մոսկովյան նախադեպը կարող են կրկնվել Ֆրանսիայում եւ Իտալիայում Հայաստանի տարին կազմակերպելիս:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն «Առավոտին» ասաց, որ քաղաքից բացակայելու պատճառով հնարավորություն չի ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում կազմակերպված համերգը դիտել, բայց արձագանքներից դատում է, որ «Ռուսաստանում մեր ազգային մշակույթը ներկայացված չի եղել, եւ ծրագրի գաղափարախոսությունը ամենեւին էլ դա չի եղել»:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արտաշես Էրզրումցին եւս հիացած չէր Հայաստանի տարվա բացման համերգով. «Ճիշտն ասած, միայն լուսային էֆեկտներն են տպավորվել ողջ համերգից, դա էլ ոչ թե մերոնց շնորհքն է, այլ Կրեմլի պալատի հզոր լուսային տեխնիկայի արդյունքը: Ապշած եմ մի բանից եւս՝ ներկայացնում էին Հայաստանի հերոսին, տվյալ դեպքում Շարլ Ազնավուրին, բոլորը հոտնկայս ծափահարում էին, իսկ առաջին շարքում նստած էին մնացել մեր նախագահը, պաշտպանության նախարարն ու Ռուսաստանում մեր դեսպանը: Կամ մի՞թե Ֆլորա Մարտիրոսյանն ու KBH-ն էին հայկական մշակույթը: Ո՞ւր էր պարի պետական անսամբլը, Կոմիտասի անվան կվարտետը, Սվետլանա Նավասարդյանը եւ մյուսները: Դրանք ոչ թե Հայաստանի, այլ մի փոքր խմբի օրեր էին, մինչդեռ հարկ էր ներկայանալ ամբողջ ազգի դեմքով»:

Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանն ասաց, որ չի կարող կոնկրետ դեղատոմս առաջարկել՝ հայ մշակույթը դրսում ճիշտ ներկայացնելու, բայց մի բանում վստահ է՝ KBH-ը հայկական մշակույթի դեմքը չէր: «Ամենացցունը Նորայր Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամության», Միշել Լեգրանի, Բարսեղ Թումանյանի ելույթներն էին, Շարլ Ազնավուրի ներկայությունը: Բայց բոլոր դեպքերում մեր մշակույթը լիարժեք չէր ներկայացված: Նկատեմ, որ նկարչական ձեւավորումը շատ վատն էր, բացարձակ չէր համապատասխանում մեր ազգային ոճին եւ ճաշակին»,- շարունակեց պրն Մելիքսեթյանը:

Դերասան Ազատ Գասպարյանը անշնորհքություն եւ անճաշակություն որակեց միջոցառումը. «Վախ, վախ, վախ… գոնե Իգոր Մոիսեեւի երեկոյից հետո չլիներ (մեկ օր առաջ նույն դահլիճում փառահեղ նշվել էր ռուսական խորեոգրաֆիայի նահապետ Իգոր Մոիսեեւի ծննդյան 100-ամյակը- Գ. Հ.): Գոնե նախագահները ելույթ չունենային, գոնե Ազնավուրը ներկա չլիներ: Այդ համերգը վերից վար հայհոյանք էր բոլորիս հասցեին: Ախր Հայաստանում ե՛ւ ներկայացնելու բան ունենք, ե՛ւ դրանք ներկայացնելու ընդունակ ռեժիսորներ»:

Արվեստաբան Նազարեթ Կարոյանի կարծիքով՝ ավելի անհաջող ու խառնափնթոր բան կազմակերպել հնարավոր չէր. «Դա ամենեւին վայել չէր մեր մշակույթը արտերկրում ներկայացնելու սանդղակին: Առանձին համարներ իրենց ցածր, ամբոխահաճ մակարդակով ուղղակի ամոթ էին առաջացնում: Անձամբ ես անհարմար էի զգում ռուսական բարձրաճաշակ եւ խստապահանջ մշակութային միջավայրի առջեւ նման ձեւով ներկայանալու համար»: Նրա կարծիքով, պատճառներից մեկն էլ այն է, որ մշակութային քաղաքականությունը չի համապատասխանում այսօրվա պահանջներին, ուստի անհրաժեշտ է մտածել արմատական փոփոխությունների մասին: Արվեստաբանը համոզված է. «Պիտի ստեղծվեն համապատասխան հանձնախմբեր, որտեղ ներգրավված լինեն իսկապես արվեստի, մշակույթի բնագավառի իրական գործող անձինք, կուրատորները, ովքեր իրենց իսկ ձեռքերով են ստեղծում այսօրվա մշակութային ակտիվությունը: Հակառակ դեպքում միշտ կունենանք այն նույն անհամ, տափակ KBH-ական կատակները եւ փոփ-մշակույթը, որը ոչնչով չի տարբերվում այն պրոպագանդիստական խալտուրայից, որ 70 տարիների ընթացքում տեսել ենք… Նորմալ երկրներում 10 տարին մեկ մշակութային նոր էլիտա է հայտնվում, նոր գաղափարներ, ճաշակի, մտքի, գեղագիտության նոր օրենսդիրներ, իսկ մեզ մոտ 60-70-ականներից մնացած նույն դեմքերն են՝ խեղճուկրակ, կիսահուսահատ, պահպանողական գոյատեւման ռեժիմների մեջ պահվող»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել