Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի առաքիչը՝ մարդասպան

Փետրվար 09,2006 00:00

Սննդամթերքի առաքիչը՝ մարդասպան Նա թալանել եւ մասնատել է իր զոհի դիակը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհի, 35-ամյա Գյուլնարա Հովհաննիսյանը 2005թ. դեկտեմբերի 19-ին տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել: Նրա դիակի մասերը, ջրասույզ արված, 2 պարկի մեջ հայտնաբերվեց այս հունվարի 8-ին: Հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Ըստ Շիրակի մարզի դատախազության, որի վարույթում է գտնվում գործը, պարզվել է, որ Գյուլնարան դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հացիկ գյուղի բնակիչ Սուրեն Զաքարյանին: Վերջինս աշխատել է «Շանթ» ընկերության «Ալոկ սերվիս» մասնաճյուղի Գյումրիի բաժանմունքում որպես վարորդ-առաքիչ: Հանդիպել են «Պուրակ» սրճարանի մոտ: Ըստ գործի նյութերի, «Ֆորդ» մակնիշի բեռնատարով նրանք գնացել են Հացիկ գյուղի ուղղությամբ, իսկ ճանապարհին էլ նրանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Զաքարյանն արգելակել է մեքենան, սալաքարով հարվածել Գյուլնարային: Վերջինս տեղում մահացել է: Ուշադրության արժանի է այն, որ սննդամթերք առաքող 36-ամյա վարորդի բոլոր գործողությունները եղել են հավասարակշռված եւ սթափ: Նա սառնասրտորեն Գ. Հովհաննիսյանի մոտից վերցրել է «Պանասոնիկ» տեսակի բջջային հեռախոսը: Այնուհետեւ, ըստ նախաքննության ձեռք բերած տվյալների, դիակը տեղափոխել «ամայի վայր, տուժողի վրայից հանել է ոսկյա զարդերը, որոնք հետագայում վաճառել է, իսկ հեռախոսը գցել կեղտահորը»: Սպանությունը կատարելուց 7 օր հետո Ս. Զաքարյանը դատախազությունում բացատրություն տալիս նկարագրել էր իր հետագա քայլերը. «վերցնելով մեծ շեղբով դանակ, սահնակ եւ պարկեր, գնացել է Գ. Հովհաննիսյանի դիակի մոտ», մասնատել այն, լցրել 2 պարկի մեջ: Պարկերին ամրացրել է Գյուլնարայի հագուստները, ծանր քար եւ ջրասույզ արել մոտակա արհեստական լճակում: Նույնքան սառնասրտորեն տուժողի հագուստները տեղափոխել է իրենց տուն՝ այրել վառարանում: Ս. Զաքարյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: Նրա մասնակցությամբ տեղազննություն է կատարվել դեպքի վայրում: Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է 6-12 տարվա ազատազրկմամբ: Շիրակի մարզի դատախազությունը մեղադրանքի հիմքում դրել է միայն սպանությունը: Սակայն չի նկատել հանցագործի այլ գործողությունները՝ զուգակցված դիակի նկատմամբ ոտնձգությունների շահադիտական դրդումները: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել