Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԻ՛

Փետրվար 24,2006 00:00

ԴԱՏԻ՛ ՏՎԵՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ Առաջարկում է Հայաստանի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովին կից կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է տեղեկատվության ազատության, ԶԼՄ-ների մասին օրենքների խախտումներով, ինչպես նաեւ «Քրեական օրենսգրքի» այն հոդվածներով, որոնք վերաբերում են լրագրողների իրավունքների խախտման դեպքերին. «Աշխատանքային խումբը զբաղվում է նման խախտումների ուսումնասիրությամբ ու համապատասխան գերատեսչություններից պարզաբանումների ստացմամբ»,- ասաց Մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար Բագրատ Եսայանը: 2005-ի ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից համանման խախտումների վերաբերյալ խմբին ներկայացվել է 3 դեպք: Առաջինը «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ իրականացված բռնությունն է: Հանձնախումբը դատախազությունից այս կապակցությամբ ստացել էր պատասխան, թե գործն ուղարկվել է դատարան: «Որոշեցինք հետագայում ուսումնասիրել նաեւ այս հարցի վերաբերյալ դատարանի որոշումը՝ պարզելու համար, թե խնդիրը հասե՞լ է տրամաբանական ավարտին, թե՞ ոչ»,- ասաց պրն Եսայանը: Ուշագրավ է երկրորդ գործի՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձի շուրջ ոստիկանության պարզաբանումը՝ հայտնել են, թե անցկացվել է ծառայողական քննություն: Մեր հարցին, թե որեւէ ոստիկան ենթարկվե՞լ է գոնե կարգապահական տույժի՝ Բագրատ Եսայանը պատասխանեց. «Ո՛չ, քանի որ պարզաբանման համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ Նոր Հաճընում նախապատրաստվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եւ տեղի է ունեցել տեղամասերից մեկի հարեւանությամբ: Քանի որ Նոր Հաճընում բավական լարված իրավիճակ էր՝ ոստիկանության աշխատակիցները տեսնելով, որ լուսանկարահանում է կատարվում՝ ուղղակի փորձել էին հասկանալ, թե ով է դա անում: Եվ երբ պարզել էին, որ լրագրողներ են՝ 5-10 րոպե հետո նրանցից ներողություն էին խնդրել ու բաց թողել»: Հանձնաժողովի ղեկավարը խոստացավ, թե այս պարզաբանումն ուղարկելու են նաեւ Նաիրա Մամիկոնյանին: Վերջինս այս պարզաբանումն այսպես գնահատեց. «Սկզբից մինչեւ վերջ սո՛ւտ է»: Երրորդ դեպքը վերաբերում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտմանը, երբ Արարատի մարզպետը «Տեղեկատվության ազատության կենտրոն» կազմակերպությանը չէր տրամադրել որոշ տվյալներ իր ընդունած որոշումների մասին՝ պատճառաբանելով, թե հարցումը նման է վերահսկողության: Կենտրոնն այս պատասխանը վիճարկել էր դատարանում: «Սակայն մինչդատական վարույթում մարզպետարանն արդեն իսկ տեղեկատվությունը գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ 2 որոշումների, տրամադրեց կազմակերպությանը: Այդ երկու որոշումներն էլ, ըստ մարզպետարանի պարզաբանումների՝ պարունակում են որոշակի տեղեկություններ, որոնք չի կարելի հրապարակել ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի»: Հիշեցնենք, որ նման տեղեկությունների շարքին են դասվում մասնավորապես ծառայողական ու առեւտրային գաղտնիքներին եւ մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալները: Քննարկվել է նաեւ տեղեկություններ չտրամադրելու համար պատասխանատվության խնդիր: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսվում է պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են տրամադրել տեղեկություն կամ տալիս են ոչ հավաստի տվյալներ: Եվ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 189.7 հոդվածի համաձայն՝ նախատեսվում է պատասխանատվություն պաշտոնատար այն անձանց նկատմամբ, ովքեր օրենքին համապատասխան ձեւակերպված պահանջի դեպքում չեն տրամադրում տեղեկատվություն՝ առաջին անգամ՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչեւ 100-ապատիկ: Բագրատ Եսայանն ուշադրության հրավիրեց. «Այս կետը դեռեւս ոչ մի կազմակերպության կողմից պատշաճ ձեւով չի հետապնդվել: Մինչ այժմ եղել են դատարանի որոշումներ, որոնց համապատասխան գերատեսչությունները տրամադրել են իրենց որոշումները: Սակայն այդ ԶԼՄ-ներից կամ քաղաքացիներից եւ ոչ մեկը, ովքեր չեն ստացել համապատասխան տեղեկատվություն՝ վարչական վարույթ հարուցելու հայցով չի դիմել դատարան: Մինչդեռ այդպիսի գործընթաց նախատեսվում է, եւ սա տվյալ պաշտոնյայի անձնական պատասխանատվությունն է՝ գերատեսչությունը չի ենթարկվում պատասխանատվության: Եվ ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին՝ պատասխանատվության կանչել պետական պաշտոնյաներին, եթե չտրամադրեն պահանջված տվյալները»: Ենթադրելի հակափաստարկի առնչությամբ, թե դատարաններին ապավինելը միայն ժամանակի անտեղի վատնում է՝ պրն Եսայանը հիշատակեց հետեւյալ օրինակը. «Հետաքննող լրագրողների ընկերակցության հայցն 1-ին ատյանի դատարանում մերժվեց, սակայն հետագա բոլոր ատյաններում նրանք ստացան դրական դատավճիռ: Եվ ընկերակցությանն այսօր տրամադրված են Երեւանի քաղաքապետի որոշումները: Կարծես թե դատարանները հասկացել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պիտի կատարվի աներկբայորեն: Կայացված որոշումները դա են ապացուցում»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու կոչի առնչությամբ ասաց. «Միգուցե կարելի է փորձել, բայց ինձ թվում է՝ իրավական բավական դժվարություններ կարող են ունենալ այն լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կփորձեն պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնյային: Քանի որ՝ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, նախատեսվում է, թե տվյալ գերատեսչության կամ նախարարության ղեկավարը կա՛մ ինքն է պատասխանատու տեղեկատվություն ներկայացնելու համար, կա՛մ իր կողմից լիազորված անձը: Սակայն այդ դրույթի իրականացումը, ինչքան հասկանում եմ, բավական արգելքների է հանդիպում, քանի որ դեռ ընդունված չէ կառավարության որոշում այս օրենքի կիրառման մասին: Ինչքան գիտեմ, տեղեկություններ ներկայացնելու այդ գործառույթը շատ դեպքերում դրված չէ ոչ մի կոնկրետ անձի վրա: Եվ գտնել հենց այն պաշտոնյային, որն անպայման պարտավոր էր օրենքի համաձայն տրամադրել տեղեկություններ՝ շատ դժվար կլինի, եւ համապատասխանաբար՝ կոնկրետ անձին դատական պատասխանատվության ենթարկելը եւս կհանդիպի խոչընդոտների»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728