Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՉԸՆԴՈՏՎՈ՞ՒՄ ԷՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 22,2006 00:00

ԽՈՉԸՆԴՈՏՎՈ՞ՒՄ
ԷՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Մեր խնդրանքով մեկնաբանելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական
վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի պատճառները՝ «Օրինաց
երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների
զարգացումը կարեւոր նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգության
եւ ժողովրդավարացման համար։ Այս հարցում մեծ է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի
հետ ՀՀ ԱԺ աշխատանքի դերը։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ-ն եւ ՆԱՏՕ ԽՎ-ն
իրականացրել են համատեղ միջոցառումներ, որոնք նպաստում են այդ կառույցում մեր դիրքերի
ամրապնդմանը։ Սակայն ներկայումս ես, որպես մեր պատվիրակության ղեկավար, չեմ կարողանում
լիարժեք իրականացնել, իմ պատկերացմամբ, անհրաժեշտ քայլեր։ Դեռեւս մնում է անորոշ՝
նախապես միջազգային կառույցների հետ փոխհամաձայնեցվա՞ծ է քիմիական զենքի արգելմանը
վերաբերող միջազգային կոնֆերանսի անցկացման հարցը, ինչին իրենց մասնակցությունը եւ
աջակցելու պատրաստակամությունն են հայտնել քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը,
ՆԱՏՕ ԽՎ-ն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության
Ժնեւի կենտրոնը, Մարշալի կենտրոնը։ Մասնավորապես այսօր ՆԱՏՕ ԽՎ-ում ներկայացված Հարավային
Կովկասի վերաբերյալ զեկույցի վրա աշխատելու համար խիստ նպատակահարմար էր մասնակցել
մոտակա օրերին ԱՄՆ կատարվելիք ԽՎ այցին, ինչը նախկինում պլանավորված էր, բայց ԱԺ
ղեկավարությունը համաձայնություն չտվեց: Կան նաեւ մի շարք այլ խնդիրներ։ Նպատակահարմար
եմ գտնում հրաժարական ներկայացնել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար պաշտոնից:
Միաժամանակ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում՝ իմ գիտելիքներն ու փորձը կներդնեմ
ի նպաստ մեր ազգային շահերի պաշտպանության, պետության միջազգային դիրքերի հզորացման
եւ երկրի ժողովրդավարացմանը»։ Ա. Ի. Հ.
Գ. Ըստ որոշ լուրերի, պատվիրակությունն այսուհետ ղեկավարելու է ԱԺ պաշտպանության,
ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել