Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

Հունիս 24,2006 00:00

Վառելիքի ավանդական տեսակները՝ նավթը, գազն
ու ածուխը համարվում են էներգիայի չվերականգնվող աղբյուրներ, ու հիմա՝ 21-րդ դարի
սկզբին վառելիքաէներգետիկ ճգնաժամը ահավոր չափեր է ընդունել: Մասնագետները վստահեցնում
են, որ երկրագնդի ածուխի պաշարները կբավականացնեն ամենաշատը 165 տարի, նավթը՝ 65,
գազը՝ 50, իսկ ուրանը՝ ընդամենը 37 տարի: Այդ իսկ պատճառով հիմա ողջ աշխարհը
գնում է հանքային ռեսուրսների խիստ տնտեսման եւ միաժամանակ այլընտրանքային էներգիայի
աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ: Բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ զբաղված
են այդ խնդրով, որ տարեցտարի ավելի ու ավելի սուր է կանգնում մարդկության առաջ: Ընդ
որում, որոշ զարգացած երկրներ վաղուց են անցել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների
օգտագործման պրակտիկային ոչ միայն տնտեսական դրդապատճառներով, այլեւ՝ բնապահպանական:
Չէ՞ որ, ասենք, քամու կամ արեւի էներգիան, ի տարբերություն նավթի եւ գազի, անհամեմատ
մաքուր է եւ անվնաս: Այնուհանդերձ, խնայողությունը գլխավոր պատճառն է, որը ստիպում
է նույնիսկ փոքրիկ գետակների վրա կառուցել ՀԷԿ-եր, օգտագործել գեյզերների էներգիան,
եւ անգամ արտադրական ու կենցաղային աղբից էներգիա ստանալ: Սակայն ամենահեռանկարայինն
ու հասանելին, գիտնականների կարծիքով, այնուամենայնիվ, քամու եւ արեւի էներգիաներն
են. ինչ-ինչ, բայց քամիներն ու արեւի լույսը անպակաս են: Քամին զանա, քամին
զանա, զանա… Հողմաղացները դեռ մ.թ.ա. 2-րդ դարում են հայտնվել Պարսկաստանում,
իսկ Չինաստանում դրանք գործածման մեջ են եղել շատ ավելի վաղ: Միջին դարերում հողմաղացներն
իրենց հաստատուն տեղը գրավեցին նաեւ Եվրոպայում ու մեծ համբավ ձեռք բերեցին «Դոն
Քիշոտի» եւ հոլանդացի գեղանկարիչների գործերի շնորհիվ: Երբ 19-րդ դարի վերջին հայտնաբերվեց
էլեկտրականությունը, ու աշխարհը սկսեց էլեկտրաֆիկացվել, հողմաղացները անցան մոռացության
գիրկը: Սակայն 20-րդ դարի վերջին մարդկությունը ստիպված եղավ կրկին վերադառնալ «փորձված
թանին»: Ներկայումս արեւմտաեվրոպական, սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում
հաստատուն կերպով զարգանում են ալտերնատիվ էներգիայի ստացման աղբյուրները: Դանիայում,
Շվեդիայում, Գերմանիայում, Բելգիայում կարելի է անծայրածիր դաշտերում տեսնել անթիվ-անհամար
գերժամանակակից հողմաղացներ, որոնք արտաքնապես նման չեն Դոն Քիշոտի «թշնամիներին»,
սակայն, ըստ էության, կատարում են նույն ֆունկցիան՝ քամուց էներգիա են «քամում»:
Օրինակ, Գերմանիայում 1մլն եվրո է ներդրվել հողմաղացների մի ամբողջ «դաշտ» կառուցելու
համար, սակայն դա նրանց վրա շատ ավելի էժան է նստել, քան եթե նույնքան էներգիան գնեին
էներգետիկ ընդհանուր աղբյուրներից: Արդեն ԱՊՀ-ում էլ են սկսել էներգետիկայի այդ սեկտորի
զարգացման աշխատանքները: Այս գործում մասնավորապես ակտիվ են Ուկրաինան, Ղրղըզստանը,
Բելառուսը: Արեգակին պետք է հեռվից նայել Որտեղի՞ց է արեւի էներգիան,
դեռ որքա՞ն երկար նա կարող է երկրագունդը տաքությամբ եւ լույսով ապահովել: Այս հարցերը
հուզել են բոլոր ժամանակների գիտնականներին: Սակայն դրանք հիմա ունեն հստակ եւ հուսադրող
պատասխաններ: Աստղագետները գտել են, որ Արեւի խորքերում ջերմաստիճանը կազմում է ավելի
քան 20 մլն աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Եվ այդ պայմաններում Արեգակի խորքերում
կատարվում է ջրածնի փոխակերպումը հելիումի: Այդ պրոցեսում արտադրվում է հսկայական
քանակի ատոմային էներգիա, որը լրիվ բավականացնում է Արեւի շողարձակումն ապահովելու
համար: Իսկ ջրածինը Արեգակի վրա այնքան շատ է, որ գիտնականները հաշվել են, թե այն
կբավականացնի մի քանի տասնյակ միլիարդ տարի եւս Արեւի ճառագայթումն ապահովելու համար:
Այնպես որ, Արեւի ճառագայթների պակասի հետ կապված որեւէ աղետ մարդկությանը չի սպառնում:
Արեւի էներգիան վերափոխվում է ոչ միայն էլեկտրական, այլեւ ջերմային եւ մեխանիկական
էներգիաների: Արեւի էներգիան վերափոխող սարքավորումները լայն տարածում են ստանում
շենքերի եւ շինությունների ջեռուցման եւ հովացման համակարգերում, ջրի տաքացման եւ
ծովի ջուրը քաղցրահամ դարձնելու համար, ինչպես նաեւ՝ գյուղմթերքների եւ այլ նյութերի
չորացման տեխնոլոգիաներում: Տարածված են նաեւ արեւային ջրատաքացուցիչները, որոնք
շատ հեշտ են կառուցվում եւ հեշտությամբ օգտագործվում են կենցաղում: Սակայն դա դեռ
բոլորը չէ: Ներկայումս շվեյցարացի գիտնականները սկսել են նախագծել մի ինքնաթիռ, որի
շարժիչներն աշխատելու են ոչ թե կերոսինով, այլ արեւի էներգիայով: Ըստ նախագծի հեղինակ,
գիտնական Բերտրան Պիկկարդի, ինքնաթիռի շարժիչները կսնվեն արեւային մարտկոցներով,
որոնք տեղակայված կլինեն մեքենայի թեւքերին եւ կկարողանան վերամշակել արեւի էներգիայի
հսկայական քանակություն: Նա հուսով է, որ 2008-2011թթ. ընթացքում ինքնաթիռն արդեն
կհայտնվի երկնքում: Դեպի նոր էներգետիկ աղբյուրներ Քամու էներգիայի
էֆեկտիվ օգտագործման դեպքում այն լրիվ կբավականացնի էլէներգիայի գլոբալ կարիքները
ամբողջ աշխարհում հոգալու համար: Այս եզրահանգմանն են եկել Ստենթֆորդի համալսարանի
գիտնականները՝ ուսումնասիրելով երկրագնդի վրա ավելի քան 8000 տարբեր տեղանքներում
կատարված չափումների արդյունքները: Հետազոտության համար հետաքրքրություն են ներկայացնում
այն քամիները, որոնք երկրի մակերեւույթից 80մ-ի վրա ունեն վայրկյանում 7մ եւ ավելի
արագություն: Նման քամիները պատկանում են 3-րդ դասին եւ հատուկ են Հյուսիսային ծովի,
Հարավային Ամերիկայի հարավի, Թասմանիայի, ինչպես նաեւ Ամերիկայի հյուսիսում գտնվող
Մեծ լճերի տարածքներին: «Մեր հետազոտությունների հիմնական արդյունքն այն է, որ հասկացանք՝
քամիների էներգիայի պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան ենթադրվում էր մինչ այժմ»,-
ասել են գիտական խմբի ղեկավարներ Քրիստինա Արչերը եւ Մարկ Յակոբսոնը: Նրանք հաշվարկել
են, որ 3-րդ դասի քամիներ ունեցող տարածքներում տարեկան կարող է արտադրվել ավելի
քան 72 տերավատտ էներգիա: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ կօգտագործվի այդ ընդհանուր
քանակի միայն մի փոքր մասը, այն միեւնույն է, լիուլի կհերիքի մոլորակի ողջ էներգածախսերի
համար՝ կարծում են գիտնականները, քանի որ, օրինակ, 2000թ.-ին ողջ երկրագնդի վրա ծախսվել
է միայն 1,6-1,8 տերավատտ էներգիա: 1 տերավատտը հավասար է 1միլիարդ կիլովատտի: Այսօր
1 տերավատտ էներգիա ստանալու համար պահանջվում է մոտավորապես 500 ատոմային կայան
կամ մի քանի հազար ՋԷԿ: 2020թ.-ին Շվեդիան պլանավորում է լիովին դադարեցնել
նավթի օգտագործումը: Դա կարվի վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին՝ այս տարի
մայիսին այս մասին հայտարարել էր Շվեդիայի տնտեսության զարգացման հարցերով նախարար
Մոնա Սալին: Առաջին անգամ նման հավակնոտ գաղափար դեռ 2005-ի սեպտեմբերին հնչեցրել
էր երկրի վարչապետ Գորան Պերսսոնը, եւ դա առաջացրել էր շատ վերլուծաբանների «անիրականանալի
է» հոռետեսական գնահատականը, սակայն շվեդական կառավարությունն այլ կերպ է մտածում:
Ծրագրի շրջանակներում կառավարությունը մտադիր է ավելացնել այլընտրանքային վերականգնվող
աղբյուրներից էներգիայի ստացումը: Պաշտոնական տվյալներով, 2003-ին Շվեդիայում էներգաօգտագործման
26%-ը բաժին էր հասնում ալտերնատիվ վերականգնվող աղբյուրներին: Ընդ որում, նավթի
չափաբաժինն այս երկրի էներգահամակարգում կազմում էր ընդամենը 32%, այն դեպքում, երբ
դեռ 1970-ին 77% էր: Հիմա երկրում շենքերի միայն 8%-ն է ջեռուցվում նավթի շնորհիվ:
Իսկ 2005-ին շվեդական պառլամենտն օրենք ընդունեց, համաձայն որի՝ 2006-ի հունվարից
սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ջեռուցման համար կօգտագործեն ալտերնատիվ եւ էկոլոգիապես
մաքուր էներգիա, բազմաթիվ արտոնություններ կստանան: Իր հերթին Եվրամիությունն էլ
է ծրագրում ավելացնել ալտերնատիվ էներգիայի քանակը ընդհանուր էներգաօգտագործման մեջ՝
մինչեւ 2010 թ. հասցնելով այն 12%-ի: Բացի այդ, շվեդական AB Volvo կոնցեռնը
որոշել է Գյոթեբորգի բեռնատար մեքենաների իր գործարանը դարձնել աշխարհում առաջին
ավտոմոբիլային գործարանը, որի արտադրության թափոնների մեջ չի մտնի CO2 ածխաթթու գազը:
Գործարանում կներդրվեն միջոցներ, որպեսզի այն անցնի բիովառելիքի եւ քամու էներգիայի
օգտագործմանը, այդպիսով էլեկտրականությունը եւ ջերմությունը, որ կօգտագործվեն գործարանի
կողմից, կարտադրվեն էկոլոգիապես մաքուր աղբյուրներից եւ մթնոլորտ չի արտանետվի ածխաթթու
գազ: «Դա պահանջում է զգալի միջոցներ, բայց մենք հասկանում ենք, որ էկոլոգիան ավելի
կարեւոր է, քան ցանկացած փող»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Լեյֆ Յոհանսոնը:
Volvo-ն Goteborg Energi-ի հետ միասին այսօր կառուցում է հինգ մեծ քամու էլեկտրակայան
եւ նոր գործարան, որը կաշխատի բիովառելիքի վրա: Այդ նոր քամու գեներատորները կավելացնեն
քամու էներգիայի արտադրությունը Շվեդիայում ամբողջ 4%-ով: Եթե գործարանը այդ էներգիան
ամբողջությամբ չօգտագործի, ապա էներգիայի ավելցուկը կտրվի այլ սպառողների: 2007-ին
արդեն ավարտված կլինեն ինչպես քամու էլեկտրակայանների կառուցումը, այնպես էլ գործարանի
վերազինումը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել