Լրահոս
Օրվա լրահոսը

Կապի ոլորտում մենաշնորհը վերացված է

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"Ըստ նախարար Անդրանիկ Մանուկյանի, դա ՀՀ տնտեսության համար կարեւոր առաջադեմ քայլ է

«Հայաստանի կառավարությունը որեւէ իրավունք չուներ միջամտել OTE-ի եւ «ԱրմենՏելի» պոտենցիալ գնորդների բանակցություններին,- երեկ «Առավոտին» ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը,- եւ եթե OTE-ն ընտրել է «Վիմպելկոմին», ապա դա հունական ընկերության որոշումն է, որը հիմնված է զուտ տնտեսական հաշվարկների վրա, եւ այստեղ որեւէ քաղաքական խնդիր չկա»: «Առավոտի» տեղեկություններով, թեեւ արաբական «Վտել» ընկերությունն իսկապես առաջարկել է ավելի բարձր գին, OTE-ն գերադասել է «Վիմպելկոմին»՝ վճարման պայմանները հաշվի առնելով:

Նախարարն անդրադարձավ կառավարությանը պատկանող 10 տոկոսի բաժնեմասի վաճառքին: «Կառավարության միակ լծակն այստեղ պետության ձեռքում գտնվող 10 տոկոսն էր: Ինչպե՞ս մենք պետք է օգտագործեինք այդ լծակը, եթե իսկապես ազատ շուկայական հարաբերությունների եւ տնտեսական մրցակցության կողմնակիցներ ենք: Բնականաբար, պայման դնելով, որ կվաճառենք այդ 10 տոկոսը միայն այն ընկերությանը, որը կհրաժարվի կապի ոլորտում բոլոր տեսակի մենաշնորհներից, որովհետեւ 21-րդ դարի այս կարեւորագույն բնագավառը կարող է զարգանալ միայն ազատ մրցակցության պայմաններում: 10 տոկոսի վաճառքը մենաշնորհի վերացմամբ պայմանավորելու խնդիրը ես զեկուցեցի ՀՀ նախագահին եւ վարչապետին եւ ստացա նրանց համապատասխան առաջադրանքը: «Վիմպելկոմը» հենց այն ընկերությունն է, որը, գնահատելով ազատ մրցակցության սկզբունքը, համաձայն էր հրաժարվել մենաշնորհից: Այդպես էլ վարեցինք հետագա բանակցությունները եւ ստացանք այդ ընկերության գրավոր հավաստիացումը, որ նա «ԱրմենՏելը» գնելուց հետո հրաժարվում է կապի ոլորտում բոլոր տեսակի մենաշնորհներից: Կարծում եմ, կառավարությունը կարեւոր քայլ է արել՝ բնագավառը ազատականացնելու եւ, հետեւաբար, զարգացնելու ուղղությամբ»:

Տեղեկացանք նաեւ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելուց եւ կառավարության համապատասխան որոշումից հետո «ԱրմենՏելի» վաճառքը դարձել է զուտ իրավական խնդիր (ի դեպ, մեր տեղեկություններով, աուդիտը իրականացնում էր HSBC բանկը), եւ դրանով զբաղվում է արդարադատության նախարարությունը:

«Այսքանից հետո ինձ, տարրական տրամաբանությանը հակառակ, փորձում են ինչ-որ բանում մեղադրել: Բայց դա, ճիշտն ասած, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Կարեւորն այն է, որ Հայաստանում այլեւս կապի ոլորտի ոչ մի տեսակի մեջ չի լինի որեւէ մենաշնորհ: Այդ նպատակը ես իմ առջեւ դրել եմ դեռեւս 5 տարի առաջ, եւ այսօր վերջապես հաջողվել է այն իրականացնել: Մնացածի մասին թող դատեն մեր քաղաքացիները»,- ասաց պարոն Մանուկյանը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում բիզնեսի ներկայացուցիչները անազնիվ գործարքների մեջ են մտնում պաշտոնյաների հետ՝ մենաշնորհը պահպանելու կամ ձեռք բերելու համար: Տնտեսության պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ տնտեսվարող սուբյեկտը նման գործարքի դիմի՝ մենաշնորհից զրկվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել