Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՈՒՐ ԵՆՔ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Օրերս Բուդապեշտում կայացավ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որտեղ ՎԱԴԱ հակադոպինգային ծառայության ներկայացուցիչների, ֆեդերացիայի անդամ 97 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների կամ գլխավոր քարտուղարների մասնակցությամբ ամփոփվեցին մրցաշրջան-2006-ի արդյունքները:

Այդ համաժողովում Հայաստանը ներկայացնում էր մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով վերադարձին հարցազրույց տվեց «Առավոտի» մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանին:

– Պարոն Խաչատրյան, հայ մարզասերներին նախ եւ առաջ հետաքրքրում է, թե հայաստանցի ծանրորդները աշխարհի առաջնությունում երեք բրոնզ նվաճելուց եւ թիմային հաշվարկով լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելուց հետո դոպինգի հետ կապված խնդիրներ ունեցե՞լ են, թե՞ ոչ, առավել եւս, որ վերջին շրջանում մամուլում այդ հարցի հետ կապված որոշակի մտահոգություն մշտապես արտահայտվում էր:

– Հարցի լավագույն պատասխանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից օրերս ստացված պաշտոնական ֆաքսն է, որում, մասնավորապես, բառացիորեն ասված է հետեւյալը. «Արա Խաչատրյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը այսօրվանից, այն է՝ 2006 թվականի դեկտեմբերի 18-ից, այլեւս չեն գտնվում վտարման մեջ եւ կարող են մասնակցել միջազգային մրցումներին: Եվ այն արդյունքները, որոնց հասել են 2006 թ. աշխարհի առաջնության ժամանակ Սանտո-Դոմինգոյում, կմնան որպես նվաճված արդյունքներ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2006 թ. չի ունեցել երեք, կամ ավելի դոպինգային խախտում, հետեւաբար, $50 հազար վճարման ենթակա տուգանքը հանվում է, եւ հետագայում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարող է մասնակցել միջազգային մրցումների»: Կարծում եմ, սրանով ամեն բան արդեն ասված է, եւ մեր մամուլում հնչած անհիմն անհանգստությունը օրակարգից այլեւս դուրս է գալիս:

– Աշխարհի առաջնությունը նաեւ օլիմպիական ուղեգրերի համար պայքար էր: Հայաստանը Սանտո-Դոմինգոյում քանի՞ ուղեգիր է նվաճել:

– Այսօրվա դրությամբ արդեն 5 ուղեգիր նախնական նվաճել ենք, ու այդ թիվը հաստատվել է: Իսկ թե ի վերջո Պեկինում քանի՞ մասնակից կունենանք՝ հայտնի կդառնա միայն եկող տարի: Ասեմ, որ 2007-ին մեր ծրագրերն անհամեմատ ավելի լուրջ են: Մենք մտադիր ենք գոնե Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով տեղ գրավել առաջին եռյակում:

– Միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի հետ առանձնազրույց ունեցա՞ք, որեւէ պայմանավորվածություն ձեռք չբերեցի՞ք:

– Նախնական համաձայնություն ենք ձեռք բերել 2008-ին աշխարհի լավագույն ծանրորդների մասնակցությամբ Երեւանում միջազգային մրցաշար կազմակերպելու շուրջ: Հնարավոր է, որ նաեւ մեզ մոտ անցկացվի 2009-ի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Սրանք դեռ ծրագրեր են, որոնք շատ մոտ են իրականություն դառնալուն: Խոսել եւ պայմանավորվել ենք նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային նյութապես՝ ծանրաձողերով, օգնելու մասին: Առայժմ ժամանակից առաջ անցնել եւ այս մասին խոսել չեմ ուզում: Օրը կգա՝ բոլորն էլ ամեն բան կիմանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել