Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ ԱՌԿԱԽ

Հունվար 25,2007 00:00

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում հանրապետության չեմպիոնուհու որոշումը
մեկ օրով հետաձգվեց:

Երեկ եզրափակիչ՝ 8-րդ տուրում երկու առաջատարները՝ էջմիածինցի միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը եւ վանաձորցի Լիանա Աղաբեկյանը, ովքեր մինչ այդ ունեին հավասար՝ 6,0-ական միավոր, համապատասխանաբար պարտության մատնեցին Նունե Դարբինյանին ու գրոսմայստեր Նելլի Աղինյանին: Ըստ մրցակարգի, այսօր նրանց միջեւ անցկացվելու է լրացուցիչ մրցամարտ:

Տղամարդկանց առաջնությունում երիտասարդները գրեթե չեն զիջում փորձառու գրոսմայստերներին: Եվ պատահական չէ, որ, բացառությամբ մեկ պարտիայի, առաջնության ընթացքում արագ ոչ-ոքիներ չեն գրանցվել: Ասվածի վառ ապացույցներից է նաեւ այն, որ հաղթողի գլխավոր հավակնորդ եւ մրցաշարի առաջատար, օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանը, ում անհատական գործակիցն էլ ամենից բարձրն է, 7-րդ տուրում շատ կարեւոր կես միավոր կորցրեց ետնապահ Արթուր Չիբուխչյանի հետ պայքարում: Ավելին, մասնագետները նշում են, որ խաղի ընթացքում առավելությունն Արթուրի կողմն էր:

Երեկ կայացած ութերորդ տուրից առաջ մասնակիցների մեծ մասը դեռ մրցանակային տեղերի համար պայքարը շարունակելու հեռանկար ուներ: Ութերորդ տուրի ամենահետաքրքիր հանդիպումը Կարեն Ասրյանի եւ երկրորդ հորիզոնականում ընթացող Տիգրան Քոթանջյանի միջեւ պարտիան էր: Տիգրանը մրցավայր եկել էր կես ժամ շուտ, որպեսզի կենտրոնանար եւ ճակատամարտ տար առաջատարին: Սակայն Կարենը, այնուամենայնիվ, հաղթանակ տարավ: Մյուս զույգերը կազմել էին Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 0:1, Զավեն Անդրիասյանն ու Արթուր Չիբուխչյանը` 1/2, Դավիթ Կարաթորոսյանն ու Տիգրան Նալբանդյանը՝ 0:1, Արա Մինասյանն ու Արման Փաշիկյանը` 1/2, Աշոտ Անաստասյանն ու Արսեն Եղիազարյանը՝ 0:1: Ութ տուրից հետո Կարեն Ասրյանը 6,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքերը:

Պայքարը գնալով սրվում է

Վեյկ ան Զեե (Հոլանդիա) քաղաքում շախմատի միջազգային գերմրցաշարը թեւակոխում է եզրափակիչ փուլ: Ուստի պայքարը գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Իններորդ տուրում աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը եւ աշխարհի նախկին չեմպիոն ու մրցաշարի առաջատար Վեսելին Տոպալովը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Տիվյակով-Մոտիլյով, Կարլսեն-Ռաջաբով եւ Սվիդլեր-Կրամնիկ պարտիաներում: Շիրովը սեւերով առավելության հասավ Նավարայի նկատմամբ, Պոնոմարյովը հաղթեց Կարյակինին, Անանդը՝ Լյուկ վան Վելիին: Երեկ կայացած տասներորդ տուրից առաջ, որում Արոնյանը մրցում էր Լյուկ վան Վելիի, Մոտիլյովը՝ Կրամնիկի, Ռաջաբովը՝ Սվիդլերի, Տոպալովը՝ Կարլսենի, Կարյակինը՝ Անանդի, Շիրովը՝ Պոնոմարյովի, Տիվյակովը՝ Նավարայի հետ, մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում էր Տոպալովը: Նրանից կես քայլ ետ էր մնում Ռաջաբովը: Արոնյանը, Սվիդլերը, Կրամնիկը 5,5-ական միավորով բաժանում էին 3-5-րդ հորիզոնականները, Կարյակինն ու Անանդը՝ 6-7-րդ տեղերը՝ 5,0-ական, ութերորդը Պոնոմարյովն էր՝ 4,5, իններորդը՝ Նավարան՝ 4,0, 10-11-րդը՝ Տիվյակովն ու Մոտիլյովը՝ 3,5-ական, 12-13-րդը՝ 3,0-ական միավորով Լյուկ վան Վելին ու Կարլսենը, եւ մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում էր Շիրովը:

«B» խմբում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց Ատալիկի հետ եւ 4,5 միավորով բաժանում էր 6-11-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել