Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն

Հոկտեմբեր 07,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեական օրենսգրքի 503.1-րդ հոդվածը արդյո՞ք սահմանադրական է 

Քրեական օրենսգրքի նոր 503.1-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի, ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից նմուշ ներկայացնելու կամ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու կամ խուսափելու համար, եթե օրենքով նախատեսված պայմանները առկա են։ Բայց այստեղ առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ որտե՞ղ է անցնում պետության՝ ապացույց ձեռք բերելու իրավասության և անձին իր դեմ ապացույց ստեղծելուն հարկադրելու սահմանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ ՍԴՈ-871 որոշմամբ հստակ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի էությունն այն է, որ անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և դատական ակտով, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ ՍԴ-ն նաև ընդգծել է, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները չպետք է պատժի տարրեր պարունակեն։

Ավելին՝ Սահմանադրական դատարանը հղում է կատարում ՄԻԵԴ-ի «Saunders v. United Kingdom» գործին, որտեղ Եվրոպական դատարանը լռելու և ինքն իրեն չմեղադրելու իրավունքը դիտարկել է որպես արդար դատաքննության հիմնարար չափանիշ։

«Funke v. France» գործով ՄԻԵԴ-ը ևս պաշտպանել է անձին իր կամքին հակառակ՝ իրեն մեղադրող նյութ տրամադրելուն հարկադրելու գաղափարից։

Այսինքն՝ իրավական սկզբունքը պարզ է`

Պետությունը կարող է ապացույց որոնել և ձեռք բերել օրենքով սահմանված ընթացակարգով, բայց դա դեռ չի նշանակում, որ անձի հրաժարումը պետք է վերածվի առանձին հանցագործության։ Այստեղ 503.1-ի սահմանադրական խնդիրը հատկապես սրվում է այն պատճառով, որ հոդվածը քրեական պատասխանատվություն է կապում հենց անձի հրաժարվելու կամ «խուսափելու» վարքագծի հետ։

Իսկ «խուսափելը» ի՞նչ է։

Եթե անձը պահանջում է պաշտպանի մասնակցություն, վիճարկում է փորձաքննության օրինականությունը, պահանջում է դատական վերահսկողություն, ներկայացնում է առողջական կամ այլ իրավական առարկություն՝ ո՞ր պահից է նրա վարքագիծը դառնում քրեորեն պատժելի։ Սա արդեն իրավական որոշակիության խնդիր է։

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքն, իհարկե, տարբերակում է անձի կամքից անկախ գոյություն ունեցող նյութերը՝ օրինակ որոշ կենսաբանական նյութեր, և անձի կամքի միջոցով ստացվող ինքնամեղադրող տեղեկությունը։ Saunders-ի այդ տարբերակումը պետք է հաշվի առնել։

Սակայն դա չի նշանակում, որ պետությունն ունի անսահմանափակ իրավունք անձի նկատմամբ հարկադրանք կիրառելու։

«Jalloh»–ի գծով ՄԻԵԴ-ի մոտեցումն էլ ցույց է տալիս, որ նույնիսկ ֆիզիկական հարկադրանքով ապացույց ստանալու դեպքում պետք է գնահատվեն հարկադրանքի բնույթը, աստիճանը, ընթացակարգային երաշխիքները և մրցակցող հանրային շահերը։ Ուստի հարցը պետք է դրվի շատ պարզ։

Եթե պետությունն ունի ապացույց ձեռք բերելու դատավարական միջոցներ, արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն և դրա համար սպառնալ ազատազրկմամբ։

Սա արդեն միայն քրեական քաղաքականության հարց չէ։

Սա Սահմանադրության 23-րդ, 25-րդ, 31-րդ, 63-րդ, 65-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պաշտպանության հարց է։

Եվ հատկապես՝ Սահմանադրության 65-րդ հոդվածի տրամաբանության մեջ պետք է պատասխանել ամենակարևոր հարցին՝ կարո՞ղ է պետությունը անձին քրեական պատժի սպառնալիքով ստիպել մասնակցել իր դեմ ապացույցի ձևավորմանը։ Եթե պատասխանը դրական է, պետք է շատ հստակ ցույց տալ դրա սահմանադրական սահմանը։ Եթե ոչ՝ ապա 503.1-րդ հոդվածի սահմանադրականությունը պետք է դառնա լուրջ իրավական քննարկման առարկա։

Օրենքի ուժը չի կարող լինել մարդու իրավունքից բարձր։

Աննա Ծառուկյան

 փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
06.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել