Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵՐ

Փետրվար 20,2007 00:00

\"\"ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը թերի է համարում ՍԴ-ի փետրվարի 16-ի որոշումը, որով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեցին ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանի նիստերի հեռարձակմանն ու «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարին:

– Քաղաքական պայմանավորվածություն կար, թե մինչ այս գումարման խորհրդարանի գործունեության ավարտը՝ չպիտի անդրադառնային լուսաբանմանն առնչվող այդ դրույթներին: ԱԺ-ի հետ համաձայնեցվա՞ծ էր այն, որ այս հարցն այնուամենայնիվ դարձավ ՍԴ քննության առարկա:

– Համաձայնեցնելու խնդիր, բնականաբար, գոյություն չունի իրավական առումով: Երբ հարցն ուղարկվել էր ՍԴ՝ Ազգային ժողովը տեղեկացվել է, որ նման հարց է քննարկվելու, եւ առաջարկվել է ներկայացնել ԱԺ ներկայացուցիչ, որը ՍԴ-ին կտա խորհրդարանի կարծիքն այս առաջարկության վերաբերյալ:

– Այսինքն՝ մինչեւ Սահմանադրական դատարան ՀՀ նախագահի դիմում ներկայացնելը՝ Դուք տեղյա՞կ չէիք այդ նախաձեռնության մասին:

– Կարծում եմ, բացարձակապես էական չէ, թե մինչեւ ՍԴ դիմելն ով ինչին էր տեղյակ կամ տեղյակ չէր: Իրավական առումով՝ դա ոչ մի նշանակություն չունի:

– Հետաքրքիր է Ձեր տեսակետը ՍԴ այս որոշման մասին, որով հակասահմանադրական ճանաչվեցին ԱԺ հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը, Հանրային ռադիոյով ԱԺ նիստերը հեռարձակելու եւ «Խորհրդարանական շաբաթ»-ի վերաբերյալ կանոնակարգի դրույթները: Ըստ այս որոշման՝ ԱԺ-ն նաեւ չի կարող որոշում ընդունել Հանրային հեռուստառադիոընկերությամբ իր նիստը հեռարձակելու մասին:

– Նախ ասեմ, որ լուծումը, եթե կարող ենք համարել, թե լուծում է տրվել՝ կիսատ է, քանի որ համապատասխան դրույթներ կան նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում. այստեղ նշված է նույնի մասին՝ ԱԺ նիստերի տեսագրությունների, ուղիղ հեռարձակումների, հարցուպատասխանի, հայտարարությունների, «Խորհրդարանական շաբաթի» վերաբերյալ: Այնպես որ, եթե նման որոշում պիտի լիներ, ապա ճիշտ էր լիարժեքորեն նախապատրաստել հարցը, որ լուծումները լինեին ամբողջական: Հիմա փոքր-ինչ տարօրինակ իրավիճակ է, երբ հարցի հետ կապված որոշ դրույթներ հանվել են ԱԺ կանոնակարգից, բայց պահպանվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում:

Երկրորդ՝ Սահմանադրությանը հակասելու խնդիրը վիճարկելի է, քանի որ խոսքը շատ առանձնահատուկ հեռարձակումների մասին է:

Հաջորդը՝ լա՛վ, եթե ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչում այս դրույթներն ինչ-ինչ սկզբունքներից ելնելով՝ այդ դեպքում ինչո՞ւ չի արվել շատ պարզ մի բան՝ «ՍԴ-ի մասին» օրենքի 68-րդ հոդվածի համաձայն, ժամկետ չի սահմանվել օրենքների փոփոխության համար: Ուզում եմ հիշեցնել, որ ՍԴ այս որոշումը կապվում է սահմանադրական փոփոխությունների, այսինքն՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ, որտեղ նոր դրույթ կա Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի մասին: Բայց ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրության անցումային դրույթներում սահմանված է, թե օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին 2 տարվա ընթացքում: Եվ մենք կա՛մ պիտի անմիջապես մի քանի տասնյակ օրենքներ ճանաչեինք հակասահմանադրական, կա՛մ պիտի անեինք այն, ինչ արել ենք բազմաթիվ օրենքների առնչությամբ՝ ժամանակ է սահմանվել, այդ ընթացքում արվել են փոփոխություններ, որ խնդիրը լուծվի եւ երեւույթն էլ չխաթարվի:

Կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է, երբ ԱԺ-ն հնարավորություն չի ստանում տեղեկացնելու իր աշխատանքի մասին հանրությանը: Լա՛վ, եթե Հանրային հեռուստաընկերությունը դա չի անում, շատ ավելի ճիշտ լուծում է, եթե «ԱԺ կանոնակարգից», ենթադրենք, հանվեին այդ դրույթները, բայց այլ ձեւով լուծվեր խնդիրը: Քանի դեռ չկա այլընտրանք՝ կարծում եմ, ոչ ճիշտ իրավիճակ է ստեղծվում հասարակությանը իր ստեղծած կարեւորագույն մարմիններից մեկի աշխատանքի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ ներկայացնելու խնդրի առնչությամբ:

– ՍԴ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն (տեղյակ չենք, թե դա որքանով է արտացոլված որոշման մեջ)՝ ՍԴ-ն շեշտել է. «Պետք է իրավական երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի հանրային հեռարձակման պրակ-տիկայում օրենսդիր մարմնի գործունեության լայն հրապարակայնության եւ քաղաքական բազմակարծության ապահովումը չվտանգվեն»: Այնուամենայնիվ, այս պայմաններում ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը. պիտի ԱԺ-ն բանակցի Հանրային հեռուստառադիոընկերությա՞ն հետ:

– Նախ, անհրաժեշտ է գումարներ գտնել որեւէ հեռուստաընկերության հետ այդ հարցերը լուծելու համար: Եթե պայմանագիր է լինելու՝ այն «գեղեցիկ աչքերի» համար չի կնքվում, պետք է տրամադրվեն գումարներ:

Երկրորդը՝ կարծում եմ, ընդհանրապես ճիշտ կլիներ, որ նախապատրաստված լիներ՝ հետո նոր ընդունվեին որոշումներ: Ասեմ, որ երբ ԱԺ ներկայացուցիչը փետրվարի 16-ին մասնակցել է այդ նիստին, պարզ ու հստակ ներկայացրել է ԱԺ տեսակետը, այն է՝ պետք էր նախապատրաստել հարցի լուծումը, հետո ընդունել նման որոշումներ, կամ լավ՝ եթե անգամ դա չի արվել, ապա պետք է ժամկետ սահմանվի այդ դրույթների փոփոխության համար: Ահա սա էր լավագույն լուծումը, որի ժամանակ, կարծում եմ, չէր ստեղծվի որեւէ անցանկալի իրավիճակ, եւ սա չէր դառնա որեւէ շահարկման խնդիր: Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ հատկապես նախընտրական շրջանում այս խնդիրը դառնում է շատ զգայուն:

Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք անել այս իրավիճակում: Փետրվարի 20-ին ես հրավիրել եմ խմբակցությունների եւ խմբերի ղեկավարներին՝ ճշտելու համար ԱԺ անելիքները: Մյուս կողմից՝ պետք է խոսենք կառավարության եւ հեռուստաընկերությունների հետ՝ այս նախընտրական շրջանում բնականոն ընթացք ապահովելու, ապա նաեւ ԱԺ աշխատանքների լուսաբանումն արմատապե՛ս ապահովելու համար:

Հ. Գ. Ընդդիմադիրները երեկ արդեն խիստ բացասական են գնահատել ՍԴ որոշումը: «ՍԴ որոշումը համարում եմ հակասահմանադրական»,- «Ա1+»-ին ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, հավելելով, որ եթե բյուջեից ֆինանսավորվող Հ1-ը հեռուստատեսություն է հանրության համար՝ պարտավոր է տեղեկացնել ԱԺ-ում կատարվող իրադարձությունների մասին: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշել է, թե սա հերթական քայլն է՝ ուղղված ընդդիմության իրավունքների սահմանափակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728