Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՉԽՆԱՅԵԼՈՎ

Փետրվար 26,2007 00:00

\"\"Հայրենի իրավապահներն այս օրերին ավելի լարված են աշխատում, քան ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերը:

Վերջին շաբաթների ընթացքում մենք բազմիցս ենք անդրադարձել հայրենի իրավապահների կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին նախապատրաստվող «պրոֆիլակտիկ» գործողություններին: Բայց ինչպես պարզվում է ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ստացվող տեղեկություններից, մեր իրավապահներն ամեն օր մի նոր բան են մոգոնում՝ մե՛կ ընտրությունների ժամանակահատվածում հնարավոր լարվածությունն ու կուսակցությունների, մասնավորապես՝ նաեւ իշխանական ուժերի միջեւ բախումները կանխելու, մե՛կ ընդդիմադիր ուժերի դեմն առնելու համար:

Ահավասիկ, նախօրեին ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով ասում են՝ ընտրություններից առաջ իր ակտիվ հանգիստն է անցկացնում Բջնիում, մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին եւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանին, որի դեմ դեռ անցյալ տարի իրականացված մահափորձը, ի դեպ, տակավին բացահայտված չէ:

Հայկ Հարությունյանի հանձնարարականի էությունը մասնավորապես Գ. Համբարձումյանի մասով, այս է. մինչեւ մարտի 10-ը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ստեղծել ժամանակավորապես գործող օպերատիվ քննչական հատուկ խումբ, որտեղ պետք է ընդգրկված լինեն ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների քննչական բաժնում եւ ոստիկանության տարածքային բաժինների քննչական բաժանմունքներում աշխատող երկուական, ընդգծում ենք՝ պրոֆեսիոնալ եւ գրագետ քննիչներ: Ժամանակավորապես գործող այս քննչական «սպեցնազի» ձեւավորման նպատակն այն է, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ժամանակ ու նաեւ ընտրություններից հետո պրոֆեսիոնալ մակարդակով կանխվեն ընդդիմադիրների անհնազանդության հնարավոր դրսեւորումները: Այսինքն՝ օպերատիվ կերպով եւ գրագետ քննիչների կողմից ստեղծվեն այնպիսի քրգործեր, որոնք առաջին ատյանի դատարաններում քննելու պարագայում մեղադրանքը հնարավորինս պակաս անհեթեթ լինի եւ օրենքի տեսանկյունից անխոցելի ձեւակերպումներ ունենա: Բանն այն է, որ մեր աղբյուրների մատուցմամբ, հայրենի իրավապահները հասկանում են, որ ընտրությունների փուլում ընդդիմության մազին դիպչելը դառնալու է տեղական եւ միջազգային իրավապաշտպանների, ընտրությունները դիտարկող միջազգային առաքելությունների քննարկման առարկա, ուստի փորձելու են ամեն ինչ անել օրենքի շրջանակներին մոտ հարթությունում: Ընդ որում, թեեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով 15-օրյա կալանքն այլեւս չի գործում, բայց հայրենի իրավապահներն ու դատական համակարգը, ըստ ամենայնի, ընդդիմադիրների նկատմամբ առանց կալանքի սանկցիաներ կիրառելու յոլա չեն գնալու: Ըստ մեր աղբյուրների, վերոհիշյալ հատուկ խմբի քննիչների առաքելությունը կայանալու է հենց նրանում, որ նրանք հնարավորինս գրագետ գործեր կազմեն ընդդիմության ներկայացուցիչներին եւ համակիրներին երկամսյա կալանք ապահովելու համար: Մեզ առայժմ հայտնի չէ, թե այդ քրգործերի առանցքը, որը, թերեւս, «ստանդարտ» է լինելու կալանքի սանկցիաների բոլոր հիմնավորումներում, հատկապես ինչպիսի՞ն է լինելու:

Միջանկյալ կարգով տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հանձնարարականով, որը կարծես թե քիչ կապ ունի առաջիկա ընտրությունների հետ եւ ավելի շատ առնչվում է վերջին շրջանում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած հանցագործություններին, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանից նաեւ պահանջվել է 7-օրյա ժամկետում ներկայացնել վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում կատարված, բայց ընթացք չտրված բոլոր այն քրեական գործերի մասին կազմված տեղեկանքները, որոնցում հանցագործությունն ուղեկցվել է գործարանային արտադրության հրազենների կիրառմամբ:

Վերադառնալով ընտրությունների թեմային՝ անդրադառնանք նաեւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Ա. Զաքարյանին տրված հանձնարարականներին: Ըստ այդմ, նա պարտավոր է լինելու ուժեղացնել հսկողությունն իր գլխավորած վարչության ենթակայության տակ գտնվող բոլոր պետական հիմնարկներում եւ գերատեսչություններում:

Գեներալ-մայորին նաեւ ընտրությունների հետ քիչ կապ ունեցող այլ առաջադրանք էլ է հանձնարարվել՝ ցանկացած գնով փորձել պայմանագրեր կնքել Երեւանում կառուցվող եւ արդեն բնակեցված «էլիտար» շենքերի բնակիչների հետ՝ այդ շենքերի պահպանությունը սույն վարչության կողմից իրականացնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել