Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ՑՈՒՑԱԿԱԳՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ

Փետրվար 27,2007 00:00

Ընդդիմադիր դաշտի համախմբման հնարավորությունները սպառվում են

Իշխանական դաշինքներ չեն լինի

Իշխանական ուժերը, ինչպես հայտնի է, ընտրությունների գնալու են առանձին, եւ կսկսեն համագործակցել ընտրվելուց հետո՝ խորհրդարանում: Հիմնական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, իրենց համամասնական ցուցակների տեղերն են ճշտում: ԲՀԿ-ի մասով ասվում է, թե այս կուսակցության համամասնական ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր ընդգրկված են կուսակցության համագումարի ժամանակ ընտրված քաղխորհրդի կազմում: ՀՀԿ-ի ցուցակում դեռ շարունակվում են տեղերի համար խորհրդակցությունները: Ըստ որոշ պնդումների, այս ցուցակում ընդգրկված նախարարների հերթականությունը կորոշվի այբբենական կարգով: Առաջին քառյակը պարզ է (Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան, Հովիկ Աբրահամյան), հինգերորդ հորիզոնականը կգրավի ոչ թե Գալուստ Սահակյանը, այլ ԺՊ ղեկավար Կարեն Կարապետյանը: Ցուցակն ամբողջությամբ պատրաստ կլինի եւ կհրապարակվի այս ամսվա 28-ին՝ կուսակցության խորհրդի նիստում: Սակայն այս ցուցակների տեղերը, նույնիսկ հրապարակումից հետո, կարող են ենթարկվել փոփոխությունների։ Թերեւս հենց դրա համար է «ԸՕ»-ում տեղ գտել 111 հոդվածի 5-րդ կետը, որը արձանագրում է, որ կուսակցությունները քվեարկության օրվանից 10 օր առաջ գրավոր դիմումով իրավունք ունեն հանել իրենց ընտրացուցակները, ինչպես նաեւ հանել այդ ցուցակներում ընդգրկված այս կամ այն անունը:

Կստեղծվե՞ն ընդդիմադիր դաշինքներ

Ընդդիմադիր դաշտում բանակցությունները շարունակվում են, սակայն, մեր տեղեկություններով, ՀԺԿ-ն, որից շատ ակնկալիքներ ունեին նրա գործընկերները, հայտարարել է, որ ինքը դեմ չէ դաշինքին, սակայն պնդում է, որ այն կազմվի նույն սկզբունքով, ինչպես ժամանակին ձեւավորվեց «Արդարություն» դաշինքը, այսինքն՝ 50/50-ի սկզբունքով, իսկ դա նշանակում է, որ ցուցակի տեղերի կեսը ՀԺԿ-ի թեկնածուներն են լինելու, մյուս կեսը՝ մնացած քաղաքական ուժերինը: Սրան համաձայն չեն «Հանրապետությունը», ԱԺՄ-ն եւ «Ժառանգությունը»: Այդ պատճառով էլ տվյալ դաշինքը չի կայացել: Երեկ նախատեսված էր ՀԺԿ վարչության նիստ, որի արդյունքում կուսակցությունը պետք է հրապարակեր իր հետագա քայլերը, սակայն նիստը հետաձգվել է, հավանաբար այն տեղի կունենա շաբաթվա կեսերին: Մեր տեղեկություններով, ՀԺԿ-ի ցուցակում, ՀԺԿ-ականներից բացի, ընդգրկված կլինի նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Վերջինս շահագրգռված է, որ ցուցակում լինեն նաեւ իր կուսակիցներ Վաղարշակ Հարությունյանը եւ Արմեն Մկրտչյանը, սակայն նրանց մասով ՀԺԿ-ում դեռ որոշում չունեն:

Առանց ՀԺԿ-ի էլ կարող է ընդդիմադիր մի քանի ուժերի՝ «Հանրապետություն», ԱԺՄ, «Ժառանգություն» կուսակցությունների դաշինք կազմվել, որին, բացառված չէ, կարող է միանալ նաեւ ՀՀՇ-ն:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մեզ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում, սակայն այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ բան չկա: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս չհերքեց մեր տեղեկությունը եւ չբացառեց նման դաշինքի ձեւավորումը. «Բայց մյուս կողմից չեմ էլ ուզում հաստատապես պնդել, որ նման դաշինք կձեւավորվի: Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք ստեղծել իմպիչմենթի ծրագրով գործող նախընտրական դաշինք, որի առաջնահերթ խնդիրը լինելու է մեկ համամասնական ցուցակում հավաքել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց գլխավոր առաքելությունը լինելու է գործող նախագահի պաշտոնանկությունը»,- նշեց պրն Սուրենյանցը: Մենք նկատեցինք, որ արդեն այս տարվա սեպտեմբերից սկսվում է նախագահական ընտրությունների մեկնարկը, հետեւաբար՝ ո՞րն է իմպիչմենթի մտքի տրամաբանությունը։ Դրան պրն Սուրենյանցը պատասխանեց. «Եթե օր առաջ հրաժարականին հասնենք, դրանից միայն երկիրը կշահի, այսինքն՝ մենք չենք էլ ուզում ամեն ինչը կապել ընտրությունների օրացույցի հետ եւ կարծում ենք, որ եթե երկու ամիս կամ մեկ ամիս շուտ տեղի ունենա գործող ռեժիմի պաշտոնանկությունը, շատ ավելի լավ թե՛ երկրի համար, թե՛ ժողովրդի»: Ըստ Ս. Սուրենյանցի, «երբ մենք առաջարկում էինք 41-ի գաղափարը, միասնական համամասնական ցուցակի ձեւավորումը եւ իմպիչմենթի կարգախոսը, մենք սա համարում էինք հաղթողական ծրագիր: Սա տարբերակ էր, որը կարող էր հասարակությանը ակտիվացնել եւ քաղաքական ուժերի կազմակերպչական ու քաղաքական ռեսուրսները ի մի բերել: Եթե կան ուժեր, որոնք, մեր կարծիքով, հաղթողական այս ծրագիրը չեն ընդունել, նշանակում է՝ նրանք ունեն ստվերային, ոչ քաղաքական պայմանավորվածություններ իշխանությունների հետ: Ես չեմ անձնավորում, ես խոսում եմ սկզբունքի մասին: Չընդունել մեր առաջարկած հաղթողական ծրագիրը՝ նույնն է, թե լուծել մի քանի մանդատի խնդիր եւ կամա թե ակամա օժանդակել գործող իշխանության վերարտադրությանը»: Ասաց նաեւ, որ շատ ցանկալի է համարում որեւէ ձեւաչափի ստեղծման դեպքում այդ ձեւաչափում տեսնել նաեւ «Այլընտրանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել