Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլիկ» օրենք՝ եկեղեցու մասին

Մարտ 19,2007 00:00

\"\"Շատերի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը կարող է խնդիրներ առաջացնել:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը քննարկում էր կազմակերպել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի վերաբերյալ, որն ԱԺ-ն ընդունել է վերջերս: Քննարկմանը մասնակցում էին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը եւ այլք:

Օրենքը, որի հեղինակն է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բանախոսների բնորոշմամբ՝ «թույլիկ» է, ունի բազմաթիվ թերություններ ու բացթողումներ: Հ/կ-ների ներկայացուցիչները պնդում էին, որ օրենքը ընդունելուց առաջ հարկավոր էր նախ փոփոխություններ մտցնել 16 տարի առաջ ընդունված մեկ այլ՝ «Խղճի եւ ազատության մասին» ՀՀ օրենքում: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի վերաբերալ իր բացասական կարծիքն է հայտնել նաեւ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստ. Դանիելյանը նշեց. «Օրենքի ընդունումը շատ հապճեպ էր: Հնարավոր է, որ այն որոշվել է խաշի սեղանի շուրջ, մինչդեռ պետք է լայն քննարկման դրվեր»:

Երեկվա միջոցառման նախաձեռնողները գտնում են, որ քննարկումը ուշացած չէ, քանի որ օրենքը ուժի մեջ կմտնի միայն ՀՀ նախագահի վավերացումից հետո, այսինքն՝ դեռ հնարավոր է, որ սխալներն ուղղվեն դատական ճանապարհով: Բանախոսները հատկապես անընդունելի համարեցին օրենքի այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ եկեղեցու պատմության առարկայի ուսուցիչների ընտրությանը եւ ծրագրերին: Նրանք նաեւ փաստեցին, որ եղել են դեպքեր, երբ հոգեւորականը ծաղրի է ենթարկել աշակերտին, իսկ վերջինս ստիպված փոխել է դպրոցը: Ըստ Ստ. Դանիելյանի, Տ. Թորոսյանը պարզապես արտագրել է «Խղճի եւ կրոնական համոզմունքների մասին» օրենքի շատ կետեր ու դրանք դարձրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատկություններ: Շատերի կարծիքով՝ այս օրենքը իրավական, քաղաքական մի շարք խնդիրներ է առաջացնում:

Ս. Դանիելյանը բողոքեց ոչ միայն Տ. Թորոսյանի գրած օրենքից, այլեւ ԱԺ-ից: Օրենսդիրն ընդունել է, որ հասարակության հոգեւոր կրթությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետ ՀՀ պետության առանձնահատուկ հարաբերություն է: «Հոգեւոր կրթության մենաշնորհ սահմանելը անհեթեթություն է»,- նշեց պրն Դանիելյանը:

Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեւոն Պարտակչյանն էլ ասաց. «Մենք պետք է հպարտանանք, որ հայ քրիստոնյա ենք, իսկ քրիստոնեական մոտեցումն այն է, որ եկեղեցին իր խորհուրդով պետք է սեփական հարցերը լուծի: Պետության կողմից այդ հարցերի մեջ մտնելը ճիշտ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել