Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Մարտ 27,2007 00:00

Հայաստանի հավաքականը մեկնեց Լեհաստան

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ մարտի 28-ին կանցկացնի «Եվրո-2008»-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը այդ երկրի հավաքականի հետ: Իան Պորտերֆիլդի բացակայության պատճառով մեր ընտրանին գլխավորում են Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է հետեւյալ կազմով. դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով («Պաս», Իրան), Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Փյունիկ»), Վալերի Ալեքսանյան («Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Բանանց»), Կարեն Դոխոյան (ներկայումս ակումբ չունի), կիսապաշտպաններ՝ Լեւոն Պաչաջյան («Փյունիկ»), Ռաֆայել Նազարյան («Փյունիկ»), Արմեն Շահգելդյան («Միկա»), Համլետ Մխիթարյան («Պաս», Իրան), Արտավազդ Քարամյան («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա), Ռոմիկ Խաչատրյան («Ունիրյա», Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), հարձակվողներ՝ Արման Քարամյան («Չախլաուլ», Ռումինիա), Արա

Հակոբյան («Իլյիչեւեց», Ուկրաինա), Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Ռոբերտ Զեբելյան («Կուբան», Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»):

Արոնյանը դիրքերը մի փոքր զիջել է

\"\"Մոնակոյում ընթացող շախմատի «16th Amber Blindfold and Rapid Tournament» գերմրցաշարի 8-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում դիրքերը մի փոքր զիջել է: 6-րդ եւ 7-րդ տուրերում միեւնույն 0,5:1,5 հաշվով տանուլ տալով համապատասխանաբար Վլադիմիր Կրամնիկին եւ Ալեքսանդր Մորոզեւիչին, 8-րդում Լեւոնը նույն հաշվով առավելության հասավ հոլանդացի Լյուկ Վան Վելիի նկատմամբ, սակայն մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան նահանջեց՝ հանգրվանելով 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը՝ 12,0 միավոր: Այնուհետեւ գալիս են. Վիշվանաթան Անանդ՝ 10,5, Վասիլի Իվանչուկ՝ 10,0, Լեւոն Արոնյան եւ Պյոտր Սվիդլեր՝ 9,5-ական, Բորիս Գելֆանդ եւ Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 8,0-ական, Մագնուս Կարլսեն եւ Պետեր Լեկո՝ 7,5-ական, Թեյմուր Ռաջաբով՝ 6,0, Ֆրանսիսկո Վալյեխո՝ 4,0, Լյուկ Վան Վելի՝ 3,5:

Երեկ գրոսմայստերները կրկին հանգստանում էին: Իսկ այսօր 9-րդ տուրում Արոնյանն ուժերը չափելու է Անանդի հետ:

Հեծանվորդների մրցաշրջանը բացվեց

Հանգստյան օրերին մայրաքաղաքում Հայաստանի եւ Վրաստանի ուժեղագույն հեծանվորդների մասնակցությամբ խճուղային հեծանվավազքի մրցաշրջանը պաշտոնապես բացվեց:

\"\"Տարբեր մրցաձեւերին մասնակցեց երկու հանրապետությունների շուրջ 60 հեծանվորդ: 19-22 տարեկանների 25 կմ անհատական վազքում հաղթող դարձավ վրաստանցի Գեորգի Նադիրաձեն: Եզրագիծը երկրորդը հատեց «Հայաստան» մարզական միության սան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) ուսանող Սուրեն Չատոյանը: Երրորդը Արչիլ Մախարաշվիլին էր:

Նույն մրցատարածությունում 17-18 տարեկանների մեջ հավասարը չունեցավ «Հայաստան» մարզական միության անդամ եւ ՖԿՀՊԻ-ի ուսանող Արթուր Գրիգորյանը: Կրտսեր տարիքային խմբում հեծանվորդները մրցեցին 15 կմ մրցատարածությունում, որտեղ հաղթեց Սուրեն Պետրոսյանը («Հայաստան-1»), ով անցած տարի Մոլդովայի նախագահի գավաթի խաղարկությունում, որին մասնակցում էին ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, գրավել էր երկրորդ տեղը: Այս տարիքային խմբում մրցակցությունն ավելի սուր էր: Երկու երկրներն էլ մրցասպարեզ էին հանել իրենց ուժեղագույն հեծանվորդներին, քանի որ նրանք պատրաստվում են հուլիսին Բելգրադում կայանալիք օլիմպիական փառատոնին:

Մեծահասակների 85 կմ խմբային մրցավազքում առաջին եռյակը կազմեցին Արչիլ Մախարաշվիլին, Սուրեն Չատոյանը եւ Գեորգի Նադիրաձեն: Երիտասարդների մեջ պատվանդանը զբաղեցրին միայն հայաստանցիները՝ Արթուր Գրիգորյանը, Գեւորգ Առաքելյանը եւ Ներսես Շիրինյանը: Իսկ պատանիների մեջ կրկին իր առավելությունն ապացուցեց Սուրեն Պետրոսյանը: Նրան հաջորդեցին Արամ Մելիքյանը (Աբովյան) եւ Դավիթ Ասկուրավան (Վրաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել