Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկությունները հարիր չեն հնարավորություններին

Ապրիլ 05,2007 00:00

Երիտասարդ երաժիշտների մտահոգությունները

Թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը Ֆրանսիայում ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան: «Ֆրանսիայում հատուկ ֆոնդեր կան, որոնք աջակցում են շնորհալի երիտասարդ երաժիշտներին, այդպիսով նպաստելով դասական երաժշտության տարածմանը»,- ասում է Սերգեյը: Նա ֆրանսիացի եւ հայ երիտասարդների երաժշտական ճաշակների մեջ զգալի տարբերություններ է նկատել: Ս. Կոսեմյանն ու իր ընկերները՝ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը գտնում են, որ դասական երաժշտությունը պետք է քարոզել ամենուրեք եւ ցանկացած միջոցներով: Նման մի «դեղատոմս» է հայկական եկեղեցիներում հոգեւոր երաժշտության մատուցումը, ինչը, օրինակ, խորթ է թվում մեր ազգային նկարագրին: Երիտասարդներին այս առիթով պատասխանել են, թե դա արգելվում է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով. «Թույլ չեն տալիս մեր եկեղեցիներում, օրինակ, Բախ նվագել: Պատճառաբանում են, թե հայերը կաթոլիկ չեն, որ հայ առաքելական եկեղեցիներում կաթոլիկ կոմպոզիտորի գործեր հնչեն»: Դասականի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով երիտասարդներն առաջարկում են նաեւ ռեստորաններում եւ հյուրանոցներում դասական երաժշտություն «մատուցել», ինչը Եվրոպայում վաղուց ընդունված է:

Եռյակը վերջերս համերգներ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում: «Նման փոքր դահլիճներում հանդիսատեսի մեծ քանակ չի ապահովվում ու դասականի քարոզչության այս տարբերակը բավարար չէ»,- կարծում է Հովհաննես Մանուկյանը:

Ս. Կոսեմյանն էլ գտնում է, որ դասական երաժշտությունն ընկալելու, առավել եւս սիրելու համար լուրջ գիտելիքներ են հարկավոր. «Մեզանում այսօր, այսպես կոչված, հայկական երաժշտություն ներկայացնելու համար շատ բան հարկավոր չէ. ժամանակակից էստրադայում շրջանառվող գրեթե բոլոր երգերը ընդամենը պարզունակ քառատողից եւ կրկներգից են բաղկացած: Կարգին փոփ-երգիչներ էլ չունենք՝ մի քանի սիրունիկ, լավ դերասաններ են, ոչ ավելի»:

«Փարիզի փողոցներում այսօր գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թավջութակն ուսած անցորդների: Իսկ մեզանում ազնվական այդ գործիքը կամաց-կամաց մոռացության է մատնվում: Այսօր Երեւանի պետական կոնսերվատորիայում ավելի շատ դուդուկ, քան դասական որեւէ գործիք է հնչում»,- ասում է Սերգեյն ու տալիս երեւույթի սեփական բացատրությունը. «Դուդուկի միջոցով կարելի է գումար վաստակել, իսկ եկեղեցում պատարագ նվագելու համար երգեհոնահարին ընդամենը 500 դրամ են վճարում»:

Ռ. Կոսեմյանը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու առաջարկ է ստացել, սակայն երիտասարդ ջութակահարն այդպես էլ միջոցներ չի գտնում Անգլիա մեկնելու: «Ես 25 պետական պաշտոնյայի եւ մեծահարուստի եմ դիմել, սակայն մինչ օրս ոչ մեկից պատասխան չեմ ստացել. ընդամենը 3000 դոլարի պատմություն է: Բազմաթիվ ճանաչված երաժիշտներ են այս նվագախմբի հետ հանդես եկել: Իմ մասնակցությունը պատիվ կբերի ոչ միայն ինձ, այլեւ Հայաստանին»,- նեղսրտում է Ռ. Կոսեմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել