Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Մեր երկրում նրանք իրենց պարտնյորներին գտնում են հիմնականում ինտերնետի միջոցով

Նարեկին 9 տարեկանում բակի տղաները բռնաբարել են: Մի քանի տարի անց, երբ նա հասուն տղամարդ է դարձել, հասկացել է, որ իրեն արդեն ձգում են միայն տղաները, իսկ հակառակ սեռի նկատմամբ նա ոչինչ չի զգացել: Նարեկն իրեն իսկական աղջիկ է զգում: Այդպիսին է նրան դաստիարակել իր հայրը. չի թողել, որ տնից դուրս գա, իր հասակակիցների հետ խաղա, անընդհատ ծեծել է, նվաստացրել, խեղճացրել: Նարեկը դարձել է հոմոսեքսուալ:

Հայաստանում հիմնականում համասեռամոլ դառնալուն նպաստում է ծնողների սխալ դաստիարակությունը: Այդպես են հավաստիացնում սեքսապաթոլոգները: Հայ ընտանիքներում շատ ընդունված է, որ առաջին երեխան պետք է անպայման տղա լինի, ու չնայած հաճախ, հակառակ ծնողների ցանկության, աղջիկ է ծնվում, նրան տղայի շորեր են հագցնում, տղայի խաղալիքներ՝ մեքենա, հրացաններ են նվիրում, միշտ երեխայի մոտ ասում են՝ «ինքը մեր մեծ տղան է»: Դրանից աղջիկը սկսում է իրեն տղայի պես պահել, միայն տաբատներ հագնել, մազերը կարճ կտրել ու քիչ-քիչ նրա մեջ ձեւավորվում է արական մտածելակերպ, իսկ հետագայում նաեւ՝ հակում իգական սեռի նկատմամբ: Լիանան նրանցից մեկն է: Նա ամենուրեք ներկայանում է որպես Արթուր, մազերը կարճ են՝ տղամարդու սանրվածքի պես, դեմքը՝ սափրած: Նա ծխում է, խմում եւ, ընդհանրապես, արտաքինից այնքան քիչ է տարբերվում իսկական տղամարդկանցից, որ նույնիսկ նրան աղջիկները սիրահարվում են: Բոլոր սիրահարվածների հետ նա ման է գալիս, «տղամարդու խոսք» տալիս, որ կամուսնանա, ու երբ պիտի բացահայտվի սեռը՝ անհետանում:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց սեքսապաթոլոգ-ուրոլոգ Հրաչյա Պապյանը, եթե արտերկրում հոմոսեքսուալների համար մեծ ակումբներ ու առանձին օբյեկտներ կան, որտեղ նրանք ազատ շփվում են միմյանց հետ, մեր երկրում հոմոսեքսուալներին հասարակությունը դեռ շարունակում է պախարակել, ուստի նրանք իրար գտնում են հիմնականում ինտերնետի միջոցով: Ներկայումս հոմոսեքսուալները կազմում են մեր հասարակության 5-6 տոկոսը: Սեքսապաթոլոգների խոսքերով՝ յուրաքանչյուր երկրորդ մարդու մեջ հակում կա իր սեռի նկատմամբ, բայց ոմանք դրան տեղ տալիս են, ոմանք՝ ոչ: Մեր երկրում հաճախ հոմոսեքսուալները ծնողների կամ հարազատների ճնշման տակ ամուսնանում են՝ ցույց տալու համար, որ նորմալ կողմնորոշումներ ունեն, բայց, սեքսապաթոլոգների տվյալներով՝ որպես կանոն, այդ ընտանիքները դժբախտ են լինում:

Ի տարբերություն համասեռամոլ տղաների, լեզբուհիները ընտանիք կազմելիս, հատկապես՝ հղիանալուց հետո դարձի են գալիս ու մոռանում են իրենց «կին սիրուհիներին»: Նրանք իսկական տղամարդու հետ կենակցելուց հետո այլեւս դեպի կանայք չեն ձգտում:

Կարծիք կա, որ Հայաստանում շատ դեպքերում տղաները հոմոսեքսուալ դառնում են բանակում ծառայելու տարիներին եւ բանտերում: Սա հաստատեց նաեւ Հ. Պապյանը. «Քանի որ թե՛ բանակում, թե՛ բանտում կին չկա, տղաները ստիպված իրար հետ են սեռական կապի մեջ մտնում»:

Որպես կանոն, հոմոսեքսուալները աշխատում են վարսահարդար, դերասան, երգիչ, լրագրող եւ մոդելյոր: Եվրոպայում հոմոսեքսուալները հեռվից ճանաչելի են, նրանք աջ ականջին օղ են կրում: Իսկ Հայաստանում նման հատուկ նշաններ չկան: Սեքսապաթոլոգների խոսքերով՝ այստեղ հակառակն է՝ ամեն ինչ անում են, որ հանկարծ մարդիկ նրանց սեռական նախասիրությունները չգուշակեն: Հաճախ հոմոսեքսուալ տղամարդիկ սպորտով են զբաղվում, բոդիբիլդինգով պարապում, որպեսզի մկանուտ մարմնի տակ «փխրուն սիրտը» թաքցնեն:

Հրաչյա Պապյանի կարծիքով՝ թեեւ այսօր Հայաստանում հոմոսեքսուալների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց հաշվի առնելով, որ Եվրամիություն ենք ուզում մտնել, այդ թիվը միտում ունի ավելանալու. «Իսկ դա մեր ազգի բնականոն աճի համար խիստ մտահոգիչ է: Մի կողմից պետք է փոքրամասնությունների իրավունքները չոտնահարենք, մյուս կողմից՝ մեր ազգը չի բազմանա: Օրինակ, Ֆրանսիայում կամ Գերմանիայում հոմոսեքսուալները խիստ ազատ են, նրանք հանգիստ իրար հետ ամուսնանում են, ու թեեւ նորմալ ընտանիք չի ձեւավորվում, երեխա չի ծնվում, բայց փոխարենը՝ ֆրանսաբնակ ու գերմանաբնակ արաբներն ու թուրքերն են այդ երկրներում շատանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել