Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ԵՂԵՔ ԳԻՏԱԿԻՑ ՍՏՐՈՒԿ»

Մայիս 02,2007 00:00

\"\"Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի ընտրողներին կոչ է անում պատգամավորության թեկնածու, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով մեկուսարանում գտնվող Վարդան Մալխասյանը:

– Պարոն Մալխասյան, դուք հետեւո՞ւմ եք թիվ 14 ընտրատարածքում ընթացող նախընտրական պայքարին, որտեղ նաեւ դուք եք առաջադրված, եւ ո՞վ է կազմակերպում ձե՛ր քարոզարշավը:

– Ճիշտն ասած, քարոզարշավը մենք ուշ ձեռնարկեցինք: Մինչեւ կալանավորվելը ես պատգամավոր դառնալու նպատակ բացարձակապես չեմ ունեցել: Այդ միտքը ծագել է այն բանից հետո, երբ իմ փաստաբանն ու հարազատներն ասացին, որ թիվ 14 ընտրատարածքում մարդկանց կողմից իմ թեկնածությունն առաջադրելու պահանջ կա: Մարդիկ ասել էին, որ առաջադրված թեկնածուների մեջ այլընտրանք՝ իսկական արմատական ընդդիմադիր չկա, որին ընտրեն: Թեկնածուներից մեկը գլխավոր դատախազի ամենամտերիմներից է՝ Խաչատրյան Լեւոնը, երեւի թիվ մեկ մտերիմը: Մյուսն էլ «Բարգավաճ Հայաստանից» է: Այդ պայմաններում այլընտրանքային մի թեկնածու ունենալու պահանջ էր առաջացել: Ես էլ մտածելուց հետո որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը, որովհետեւ եթե հիմա չառաջադրվեի, հետագայում իմ համակիրներն ու ընտրողներն ինձ կմեղադրեին պայքարի մեջ մտնելուց խուսափելու, հրաժարվելու մեջ ու կասեին, որ ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն իրենց համար չստեղծվեց: Բացի այդ, կարծում եմ, բանտարկված լինելը իմ գործունեությունը չի սահմանափակելու եւ շարունակելու եմ հետապնդել իմ հիմնական նպատակը՝ հեռացնել այս իշխանություններին: Երբ նման հայտարարություն ես անում, ասում են՝ վտանգավոր կոչեր ես անում: Իրականում պետության համար վտանգը ոչ թե հեղափոխության կոչերն են, այլ Հայաստանին ուղղված մարտահրավերները: Օրինակ՝ երկու ամիս առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը, որի հետ մի ժամանակ կուսակիցներ ենք եղել, ասաց, որ երկրում տեղի է ունենում բնակչության ծերացում, միգրացիա, ավանդական ընտանիքների քայքայում, ազգային արժեքների խաթարում: Սա իրե՛նց իշխանության տված գնահատականն է: Ինչո՞ւ են դրանք տեղի ունենում եւ ո՞վ դարձրեց մեր ժողովրդին ու երկիրը էսպիսին: Պարզից էլ պարզ է՝ այս իշխանությունները: Ընդհանրապես, իմ կարծիքով՝ այն երկիրն է ուժեղանում ու հզորանում, որտեղ ժողովուրդը ինքն է իր ճակատագրի տերը, ինքն է ընտրում իր իշխանություններին, սիրում ու հավատում է իր առաջնորդներին: Հիմա մեր ժողովուրդը չի ընտրում իր իշխանություններին, քանի որ չեն թողնում դա անել, եւ առաջնորդները այնպիսի ազգադավ, հանցավոր գործունեություն են ծավալում, որ այդ պայմաններում հնարավոր չէ, որ ժողովուրդը սիրի ու հավատա նրանց: Եթե իշխանությունը ժողովրդի ապրելու համար տարրական պայմաններ չի ապահովում, տեղի են ունենում այն երեւույթները, որոնց մասին նախարարն էր ասում: Ո՞վ է լսել, որ 5-6 անգամ դատված սրիկային, ավազակին նշանակեն մարզպետ: Սյունիքի մարզպետը՝ «Լիսկան», 5-6 անգամ նախկինում դատված է եղել: Մեկի անունը «աղվեսիկ» է, մեկինը՝ «Մուկ»: Էդ մականունավոր մարդկանց, որ դրել են իշխանության ղեկին, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշեն, դրանք կարո՞ղ են բարեկեցիկ կյանք ապահովել մեր երկրում: Իհարկե՝ ոչ: Հիմա նույն այդ մարդիկ ուզում են մնալ իշխանության, կրկին պատգամավոր դառնալ, գնում, թակում են ժողովրդի դռները: Սերժ Սարգսյանը տուն չի գնում, ամբողջ օրը քարոզարշավի մեջ է: Ի՞նչ են ուզում դրանք ժողովրդից: Քվեներ են մուրում, որ դրանք հետո դառնան մանդատներ, պորտֆելներ, հետո՝ փող, կազինո, հասարակաց տուն, գիշերային ակումբ: Ես մեր ժողովրդին սթափության կոչ եմ անում: Այս պահին ամեն ինչին պետք է մոտենալ շատ կշռադատված, որովհետեւ այս ընտրությունները բախտորոշ են լինելու հայ ժողովրդի համար: Ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե ինքը ստրկական վիճակն ընդունում է, ուրեմն պիտի ընդունի նաեւ ստրուկի վատ ապրելակերպը: Ստրուկի հետ վարվում են՝ ինչպես ուզում են, վերջում էլ վաճառում են: Այնտեղ, որտեղ փողն է իշխում, այնտեղ ճշմարտություն, արդարություն, հայրենասիրություն լինել չի կարող: Մուրացկանին օգնում են ոչ թե կարեկցանքից ելնելով, այլ հաճախ՝ զզվանքից: Այսօրվա մեր կեղծ նժդեհականները մեր մտավորականներին սկզբում դարձնում են մուրացկաններ, հետո նրանցից զզվելով՝ փող են տալիս, որ վերջիններս ներբողներ կարդան, գովեն անարժան տգեղ բարքերը, գովեն ծառուկյան գագոներին, այնպիսի մարդկանց, որոնք միայն փող ունեն: Այդ պարագայում մենք ոչնչի չենք հասնի, եւ հերթական ընտրությունից հետո էլի նույն վիճակը կլինի, կլինեն ստրուկներ, ստրկատերեր, եւ երկիրն առաջընթաց չի ունենա:

– Դուք մեկուսարանում եք ու հնարավորություն չունեք անձամբ ընտրողների հետ շփվել եւ ներկայացնել ձեր դիրքորոշումը: Կարծում եք, ի վիճակի՞ եք մրցակցել թիվ 14-ում առաջադրված մյուս թեկնածուների հետ:

– Իմ հիմնական ռեսուրսը մրցակից թեկնածուների համեմատությամբ սկզբունքային լինելն է: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն դա, կարծում եմ՝ ընտրողն էլ գիտի: Նախընտրական շտաբ ունեմ, որի միջոցով էլ կոչ եմ ուղղել իմ ընտրողներին: Եթե այդ կոչը կարդալուց հետո ընտրողը պետք է ընտրի իշխանության ներկայացուցչին՝ թող ընտրի, իր գործն է: Ես զգուշացրել եմ իմ շտաբի անդամներին, որ հանկարծ որեւէ մեկին չասեն՝ ընտրեք Մալխասյանին, ես կոչ չեմ արել, թե ինձ ձայն տվեք, եւ չեմ էլ անելու: Ես բացատրում եմ իրավիճակը: Եթե մարդիկ կընտրեն իշխանությանը՝ թող ընտրեն, վայելեն, եթե վայելելու բան կլինի: Ես հաստատ գիտեմ՝ ժողովրդի մեծ մասն իշխանություններին չի սիրում, բայց իշխանավորի խամաճիկին ընդունում է: Սա տարօրինակ ու անընդունելի բան է: Ասում ես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ընդունո՞ւմ ես: Մարդիկ ասում են՝ ոչ: Բայց Ծառուկյանին ընդունում են՝ «լավ տղա է»: Է, Ծառուկյանը նրանց խամաճիկն է: Էդ ո՞նց է իշխանությանը չես ընդունում, Ծառուկյանին ընդունում ես: Անտրամաբանական է:

– Իսկ ո՞րն է ձեր կոչը ընտրողներին:

– Ընտրություններին պետք է գնալ գործող ռեժիմի հեռացման վճռականությամբ եւ հաղթելու հոգեբանությամբ: Ինձ ձայն տվող ցանկացած մարդ պետք է հասկանա, որ այդ ձայնը ծառայելու է այս հանցավոր ռեժիմի տապալման օգտին: Գնացեք ընտրության հույսով, հավատով: Ապրե՛ք ու գործե՛ք կյանքի, բարու, հաղթանակի հավատով, մի՛ եղեք գիտակից ստրուկ: Գիտակից ստրուկի ու հանցագործի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Մենք այս ռեժիմին հաղթելու ենք: Մենք արժանի ենք հաղթելու ու ստրուկ չպետք է լինենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել