Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոթղթակիցը արդարացման վճիռ է ակնկալում

Մայիս 25,2007 00:00

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց եւ, ըստ էության, ավարտվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ դեռ 2006թ. օգոստոսին թղթակցի դեմ քրգործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 182 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 136 հոդվածի 1-ին մասով: Այլ կերպ ասած, նա մեղադրվում է շորթման, խարդախության եւ անձի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու մեջ: Քրգործով անցնող 4 տուժողները երեկ դատարան չէին ներկայացել, ինչպես Գ. Շամշյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, այն պատճառով, որ մեկ կենտրոնից՝ Նուբարաշենի թաղապետի կողմից ուղղորդված մեղադրանքներ ներկայացնելու իրենց գործն ավարտված էին համարել: Հիշեցնենք, որ նրանցից Արսեն Մարգարյանը Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի վարորդն է, Արայիկ Հակոբյանը նույն թաղապետի օգնական Գուրգեն Գասպարյանի սանիկն է, Զոհրաբ Ղազարյանի եղբայրը՝ Հովիկ Ղազարյանը անցել է այն՝ արդեն կարճված քրգործով, որտեղ Գ. Շամշյանը տուժող էր: Հովիկ Ղազարյանը մեկն է եղել թղթակցի վրա հարձակվողներից, եւ ի շարս այլոց՝ Գ. Շամշյանը ոստիկանությունում արած հայտարարության մեջ նաեւ նրա անունն էր նշել: Մյուս տուժողը՝ Յուրի Առաքելովը, ինչպես նաեւ վերոհիշյալ երեք այլ տուժողները Նուբարաշենի թաղապետի ընտրությունների ժամանակ եղել են Մհեր Հովհաննիսյանի վստահված անձինք:

Երեկ Զ. Փոստանջյանը հանդես եկավ պաշտպանական ճառով եւ ասաց, որ հիմնվելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների վրա՝ Գ. Շամշյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերը նշված բոլոր հոդվածներով սկսվել է իրավապահ մարմիններին միաժամանակ եւ տարբեր անձանց՝ հիշյալ «տուժողների» կողմից ներկայացված բողոքների հիման վրա: Ըստ պաշտպանի, դա ապացուցում է իրենց տուժող համարած անձանց ուղղորդված լինելու, շահագրգռություններ ունենալու դիտավորության մասին: Ընդ որում, տուժողները դատաքննության ժամանակ էլ չեն թաքցրել եւ հայտարարել են, որ մի քանի տարվա վաղեմություն ունեցող դեպքերի՝ շորթման, խարդախության եւ վիրավորանքի մասին հիշել են 2006-ին եւ դիմել են իրավապահներին, երբ, ինչպես Զ. Ղազարյանն էր ասել՝ «իմացա, որ ժողովուրդը դուրս է եկել նրա դեմ», կամ ինչպես Յուրի Առաքելովն էր ցուցմունքում նշել՝ «Շամշյանին վտարեցին համայնքից»:

Զ. Փոստանջյանն ասաց, որ շորթման մեղադրանքի՝ ՀՀ ՔՕ 182 հոդվածով սահմանված որակումը տվյալ հանցակազմով Գ. Շամշյանի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը չի հիմնավորել: Դատաքննությամբ չի հիմնավորվել նաեւ խարդախությամբ ուրիշի ունեցվածքին տիրանալու մեղադրանքը: Իսկ տաքսու վարորդներ Արսեն Մարգարյանի եւ Արայիկ Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը «անպարկեշտ ձեւով ստորացնելու» մեղադրանքով Գ. Շամշյանի արարքում հանցակազմ չկա: Տուժողները նույն օրը նույն կերպ են դիմել իրավապահներին: Զ. Փոստանջյանը երեկ թղթակցին առաջադրված բոլոր երեք մեղադրանքներով արդարացման վճիռ կայացնելու խնդրանք ներկայացրեց: Գ. Շամշյանը միացավ իր պաշտպանին ու խնդրեց իր համար արդարացման վճիռ կայացնել. «Ոչ թե ինձ համար, այլ որպեսզի ինձ մոտ կարծիք ձեւավորվի, որ համեմատած ոստիկանության եւ դատախազության մարմինների, դատարանը գոնե օբյեկտիվ է»:

Դատավճիռը կհրապարակվի հունիսի 6-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել