Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 25,2007 00:00

ԲԼԻԶՆՅՈՒԿՆ ԻԲՐ ՆԵՐՈՒՄ Է

Երեկ հրավիրած ասուլիսում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտարարեց, որ ներում է այն բաժանորդների պարտքերի 65%-ը, ովքեր ինտերնետից են օգտվել ու այդ ընթացքում նրանց հաշվին միջազգային զանգեր են գրանցվել: Պարտքերի մնացած 35%-ը բաժանորդները պետք է մարեն՝ առաջիկա 3 տարվա ընթացքում: Հաշվի առնելով, որ բաժանորդներից շատերի հաշվին 2-3 հազար դոլարի պարտք է գրանցվել՝ չկայացած հեռախոսազանգերի համար, ստացվում է՝ «ԱրմենՏելը» ոչ թե ներում, այլ՝ բաժանորդների հետ ձեռնտու գործարք է կնքում. այսպես թե այնպես, այն 520 տուժած բաժանորդները չէին պատրաստվում վճարել այդ գումարը, իսկ ընկերությունը, պարտադրելով վճարել պարտքի 35%-ը, ակնկալում է ամեն մի բաժանորդից հավաքել $700-1000: Այնուամենայնիվ, ընկերության քայլն Օլեգ Բլիզնյուկը ներկայացնում էր որպես «բարի կամքի դրսեւորում»: Մինչդեռ, հիշեցնենք, որ պարոն Բլիզնյուկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին նիստերից մեկում խոստացել էր ընդհանրապես ներել այդ պարտքերը, եւ այդ ժամանակ 35%-ի մասին խոսք չկար: Բլիզնյուկի խոստումը ոչ թե բարի կամքի դրսեւորում էր, այլ՝ փոխհատուցում, որովհետեւ «ԱրմենՏելը» չէր կատարել 800 գյուղերը հեռախոսիֆիկացնելու՝ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները եւ եթե նման զիջումների չգնար՝ հանձնաժողովը հնարավոր է նրան տուգաներ:Պարտքերի 65%-ը սառեցնելու՝ «ԱրմենՏելի» որոշումն առնչվում է այն բաժանորդներին, ովքեր 2006-ի մայիսի 1-ից մինչեւ այս տարվա մայիսի 23-ը նման բողոքով դիմել են «ԱրմենՏելին»: Իսկ այն բաժանորդները, որոնք որեւէ դիմում-բողոք չեն ներկայացրել, ապա, ընկերության մեկնաբանությամբ՝ «ընդունել են, որ իրենք, իրոք, մեղավոր են»: Ըստ Օ. Բլիզնյուկի, այս զիջումն արդեն 2-րդն է, առաջին անգամ ներվել էր 2005-ի նոյեմբերից մինչեւ 2006-ի ապրիլ ամիսներին նույն ձեւով կուտակված պարտքերն ամբողջությամբ: Բլիզնյուկի խոսքերով՝ «Երրորդ անգամը չի լինելու: Մեր բաժանորդներն ի վերջո պետք է սովորեն, ծանոթ լինեն ինտերնետից օգտվելու ձեւերին, որ խուսափեն անկանխատեսելի իրավիճակներից»:

Ա. ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել