Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր ու մոռացված տարելից

Հունիս 14,2007 00:00

15 տարի առաջ հայաթափվեց Շահումյանը եւ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրերն էին Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանն ու միության անդամ Վահագն Մարտիրոսյանը: Նրանք խոսեցին 15 տարի առաջ հայաթափված Շահումյանից: Էդ. Բալայանը հիշեցրեց. «Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակչության համար ողբերգական օր է,15 տարի առաջ Ադրբեջանի հրոսակների կողմից մարդիկ տեղահանվեցին իրենց բնակավայրերից: Ադրբեջանցիները բռնազավթել են Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղ, Մարտակերտի շրջանի 6 գյուղ, Մարտունու շրջանի մի մասը»: Նա փաստեց, որ արդեն 2 տարի է, ինչ բռնազավթված տարածքների մասին գրեթե չի խոսվում: Նաեւ անդրադառնալով Ադրբեջանից բռնագաղթած շահումյանցիներին ու գետաշենցիներին, հավելեց, որ նրանցից շատերը բնակարաններ չունեն, սոցիալապես անապահով են, իսկ փախստականի կարգավիճակով ապրող երիտասարդների համար ուսումն անմատչելի է: Եվ այս ամենը շատ քչերին է հուզում: «Այսօր նույնիսկ մամուլը չի անդրադառնում անհետ կորածներին եւ գերիներին: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ապա կարծում եմ, որ խնդիրը դիտարկելիս պետք է պնդել օկուպացված ԼՂՀ տարածքի մի մասը վերադարձնելու հարցը»,- նշեց Էդ. Բալայանը:

Նա համոզված է, որ ԼՂՀ բռնազավթված տարածքների հարցի լուծմամբ կհեշտանա հայ փախստականների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու հարցը: «Ընդհանրապես ողջ Ադրբեջանի տարածքից տեղահանվել է 305 000 մարդ: Ուստի, մեր փախստականներին տեղավորելու համար, պարզ հաշվարկներով, Ադրբեջանից դեռ 2 շրջան էլ պիտի պահանջենք: Այս հարցերը պետք է դարձնել օրակարգային, որովհետեւ ադրբեջանցիները բանակցությունների ընթացքում ընդունում են զոհի կարգավիճակ եւ դեռ իրենք են տարածքներ պահանջում»,- կարծում է միության նախագահը:

«Արտահայտելով Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթածների կամքը՝ պահանջում ենք, որպեսզի օկուպացված տարածքները ետ վերադարձնելու հարցի լուծումը ներառվի Մինսկի խմբի բանակցային գործընթացի օրակարգում: Ադրբեջանը մեր հայրենակիցներին իրենց բնօրրանից բռնի ուժով վտարելու համար պետք է փոխհատուցի նրանց քաղաքական, բարոյական եւ նյութական վնասները: Պահանջում ենք նաեւ վերջ տալ բարբարոսություններին եւ դադարեցնել պատմամշակութային հուշարձանների եւ գերեզմանների ավերումը»,- հայտարարեց Էդ. Բալայանը:

Միության անդամ Վահագն Մարտիրոսյանն էլ նկատեց. «Ամեն տարի հունիսի 13-ին փորձում եմ թերթերում որեւէ հաղորդագրություն գտնել այն մասին, որ այս օրը ապրիլի 24-ին համարժեք սգո օր է, բայց՝ ապարդյուն: ԶԼՄ-ները կամ, որպես կանոն, չեն հիշատակում այս օրվա մասին, կամ եթե անդրադառնում են, ապա Շահումյանը ներկայացնում են որպես Գետաշեն, որովհետեւ Շահումյան բառը շատերին վախեցնում է»: Նա նաեւ զարմացավ. «Ինչպես Հայաստանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, չի շտապում Արցախին որպես բանակցային կողմ ընդգրկել, այնպես էլ Ղարաբաղն է մոռանում Շահումյանի գոյության փաստը: Ղարաբաղը չի ներկայացնում Շահումյանի պահանջը: Մինչդեռ, եթե ցանկանում է միջազգայնորեն ճանաչվել, ապա նախ եւ առաջ պետք է Շահումյանը արժանացնի ներքին ճանաչման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել