Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մ. Բրայզա. «Անհնար է գուշակել, թե ինչպես կքվեարկի ԼՂ-ն»

Հունիս 25,2007 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մի քանի ամսից (կողմնորոշաբար՝ աշնանը) կրկին կհանդիպեն:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Բրայզան այդ մասին ասել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո: «Պետք է նշել վերջին տարվա ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կատարած մեծ աշխատանքը, ինչպես նաեւ գովաբանել երկու նախագահներին, որոնք կարողացան շարժել երկխոսությունը մեռյալ կետից»,- ասել է ամերիկացի միջնորդը: Մեկնաբանելով կասկածներն այն մասին, որ բանակցություններն ավելի դանդաղ կընթանան՝ կապված Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների հետ, Բրայզան նշել է. «Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին: Վերջերս Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ մենք անհանգստանում էինք. արդյոք ժամանակավորապես չի՞ կանգնեցվի ողջ բանակցային գործընթացը: Դա տեղի չունեցավ: Իսկ հիմա մենք սպասում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին: Իհարկե, յուրաքանչյուր նախընտրական արշավ սահմանափակում է քաղաքական մանեւրի դաշտը, սակայն հիմքեր չկան մտածելու, որ Հայաստանի նախագահի ընտրությունները վերջ կդնեն բանակցային գործընթացին»:

Խոսելով բանակցությունների առարկա հանդիսացող կարգավորման բուն սկզբունքների մասին՝ ամերիկացի միջնորդը հայտարարել է, որ վերջին 2 տարիների ընթացքում տեղի ունեցած քննարկումները կօգնեն վերջնականապես որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ «համաժողովրդական հանրաքվեի» ճանապարհով: «Այդ հանրաքվեն, ի դեպ, տեղի է ունենալու այլ նշանակալից իրադարձությունների ֆոնին. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներում հայկական զորքերի վերատեղաբաշխում, ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ միջանցքի ստեղծում, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայում: Կանխագուշակել, թե ինչպես կքվեարկի Լեռնային Ղարաբաղը, անհնար է: Ես կարող եմ ասել միայն, որ կողմերը մոտ են համաձայնությանը, եւ մենք հույս ունենք, որ գործընթացը կվերսկսվի աշնանը»,- մանրամասնել է ամերիկացի դիվանագետը: Անդրադառնալով բանակցային գործընթացում ԼՂ-ի ներգրավման հնարավորությանը՝ Բրայզան ասել է, որ անցյալում Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին եւ հնարավոր է՝ կմասնակցի նաեւ ապագայում: «Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է նոր շունչ հաղորդեն գործընթացին, որն արդեն տվել է իր արդյունքները»,- ամփոփել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել