Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են

Հուլիս 25,2007 00:00

\"\"ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Իշխան Իշխանյանին երեւանյան երթեւեկությունը հիշեցնում է Փարիզը:

Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում ասուլիս էր հրավիրել գնդապետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Իշխան Իշխանյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության ոլորտում դեռեւս բարեփոխումներ են իրականացվում, հստակվում է օրենսդրական դաշտը, որով կկարգավորվի ոլորտը: Պրն Իշխանյանը հայտնեց, որ իրենք շուտով կհամալրվեն ոչ միայն տեխնիկապես, այլեւ աշխատանքի կընդունեն նոր կադրերի: Նա տեղեկացրեց, որ, 2007-ի տվյալներով, Հայաստանում գրանցված 350 000 մեքենաներից 308 000-ը անձնական նշանակության են: Անցյալ տարվա համեմատ տրանսպորտային միջոցների թիվը ավելացել է 25 000-ով:

Ճանապարհային ոստիկանության պետը հայտնեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 792 պատահար, որի հետեւանքով զոհվել է 139, մարմնական վնասվածք ստացել՝ 1140 մարդ: Այսինքն՝ 2006 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում պատահարների քանակը աճել է 187-ով, զոհերի թիվը՝ 26-ով, վիրավորներինը՝ 317-ով: Ընդ որում, ճանապարհային երթեւեկության պատահարների 33,7%-ը բաժին է ընկնում Երեւան քաղաքին: Պարզվում է, պատահարներից 244-ը տեղի է ունեցել միջպետական նշանակության ավտոճանապարհներին, զոհվել է 70, վիրավորվել 402 մարդ: Ի. Իշխանյանը ասաց, որ ընդհանուր պատահարներից 289-ը վրաերթեր են: Այս պատճառով էլ զոհվել է 43, վիրավորվել 275 մարդ: 2006-ի համեմատությամբ, պատահարների քանակը աճել է 40-ով, վիրավորների թիվը՝ 41-ով, սակայն զոհերի թիվն այս դեպքում նվազել է 3-ով: Ոստիկանության պետը նաեւ հավելեց. «Գրանցվել է 16 տարեկան երեխաների հետ կապված 83 պատահար, 6 զոհ, 9 վիրավոր: Նման պատահարներից 26-ը տեղի է ունեցել Երեւան քաղաքում»: 143 չբացահայտված ճանապարհատրանսպորտային պատահարներից բացահայտվել է 54-ը: Ի. Իշխանյանը փաստեց, որ ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է մոտ 37000 խախտում, ինչպես անցյալ տարի:

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետը նշեց, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու արձանագրության թիվը այս տարի կրկնակի պակասել է. եթե 2006 թ. կազմվել է 1191 արձանագրություն, ապա 2007-ին՝ 408: Պրն Իշխանյանի խոսքով, չնայած այս վիճակին, երեւանյան երթեւեկությունն անկառավարելի չէ. «Ուղղակի մեքենաներն են ավելացել»: Ի դեպ, նա երեւանյան երթեւեկությունը նմանեցրեց Փարիզի երթեւեկությանը: Երեւանի փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքների հետեւանքով առաջացած խցանումներին էլ առաջարկեց ըմբռնումով մոտենալ: Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ առաջիկայում երեւանցիները կկարողանան հաղորդակցվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետ՝ «թեժ գծի» միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել