Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 10,2007 00:00

\"\"Երկրաշարժից տուժածների բնակարաններին տիրանում են մեծահարուստները

Արդեն քանի օր է՝ Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի նախկին բնակիչ ՌոզաՄխիթարյանը թատրոնի շենքի դիմաց հացադուլ է անում՝ կառավարությունից պահանջելով վերադարձնել իր սեփական բնակարանը: Նրան օրերս են վտարել այդ շենքի 5-րդ բնակարանից՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արմեն Խաչատրյան): Այժմ նա իր 2 որդիների հետ հայտնվել է փողոցում: Ռոզա Մխիթարյանի պես փողոցում հայտնվելու վտանգի առջեւ են նաեւ շենքի եւս երկու տասնյակ բնակիչներ:

Բանն այն է, որ այդ շենքը կառուցվել է Գյումրիի երկրաշարժից տուժած բնակիչների համար, ընդ որում՝ ոչ թե կառավարության, այլ՝ հենց բնակիչների փողերով: Կառավարությունը միայն թիվ 331 որոշմամբ թույլ տվեց երկրաշարժից տուժածներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր կնքել ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ վերցնել: Բնակիչներն էլ շենքի շինարարությունն իրականացնելու համար ստեղծել էին Գյումրիի «Վերականգնող սպառողական կոոպերատիվը»: Հենց այդ կոոպերատիվի անդամներն էլ հանդիսանալու էին շենքի բնակարանների սեփականատերերը: Սակայն երբ բազմաբնակարան շենքը կառուցվեց, պարզվեց՝ այդ շենքի բնակարանների համար նոր տերեր են հայտնվել, որոնք ոչ մի կապ չունեն կոոպերատիվի հետ, բացի այդ, գյումրեցի չեն եւ երկրաշարժից էլ չեն տուժել:

Օրինակ՝ Ռոզա Մխիթարյանի բնակարանի նոր տերը ոմն Խորեն Բաղդասարյանն է, որը կոոպերատիվի անդամ չէ ու Գյումրիի երկրաշարժից տուժած չէ: Բայց նա, չգիտես ինչպես, ուներ այդ բնակարանի սեփականության վկայագիրն ու բոլոր փաստաթղթային իրավունքները՝ Ռոզա Մխիթարյանին վտարելու: Խորեն Բաղդասարյանը Ազատանի բնակիչ է, Յակուտսկի «խոպանչի» մեծահարուստներից: Նա օրերից մի օր որոշել է Գյումրիի կենտրոնում տուն գնել ու նրան այդ հարցում օգնել է Շիրակի մարզպետի նախկին մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանը: Նա ժամանակին «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ է եղել ու չնայած Սայաթ-Նովա 9/9 ա շենքը կառուցվել է բնակիչների անհատական ներդրումներով՝ նա որոշել է խառնվել նաեւ այդ շենքի բնակբաշխման խնդիրներին: Նրա «սեւ ցուցակում» հայտնվել է Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի 23 ընտանիք, որոնք ստիպված են լքել իրենց սեփական բնակարաններն ու հայտնվել փողոցում:

Գյումրիի օրվա կապակցությամբ այդ քաղաք այցելություն էր կատարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Սայաթ-Նովայի 9/9 ա շենքից վտարված բնակիչները, օգտվելով առիթից, հաջողացրել էին մոտենալ վարչապետին ու խնդիրը փոխանցել: Ինչպես «Առավոտին» պատմեց Ռոզա Մխիթարյանը, Սերժ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հանձնարարել է հնարավորինս ամեն ինչ անել բնակիչների խնդիրը լուծելու համար, սակայն Վարդան Ղուկասյանը դեռ որեւէ միջամտություն չի արել: Տոնական օրերին Գյումրի էր ժամանել նաեւ ՀՀ կառավարության ենթակառուցվածքները համակարգող տարածքային վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, նա մարզպետի նախկին մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանի հովանավորն ու «մեջք-թիկունքն» է: Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է վերը նշված շենքի բնակբաշխման պատմության մեջ մշտապես ձեր անունը շոշափվում՝ Խաչատուր Վարդանյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, իմ անունը պետք է շոշափվի, որովհետեւ ես ղեկավարել եմ «Լինսիի» բոլոր բնակելի շենքերի բնակարանների բաշխման խնդիրը»: Իսկ «Առավոտի» այն հարցին, թե բնակիչների անհատական միջոցների հաշվին կառուցված շենքն ի՞նչ կապ ունի «Լինսիի» հետ, Խ. Վարդանյանը, ըստ էության, չպատասխանեց. «Ղեկավարվելով կառավարության թիվ 432 որոշմամբ, որը հանդիսանում է գլխավոր որոշումը աղետի գոտում բնակարանների բաշխման համար, նախագահի վերահսկողության ծառայության հետ համատեղ վերանայեցինք բոլոր խնդիրները: Ինչպես ինձ հայտնի է՝ այնտեղ կան մարդիկ, ովքեր ունեցել են մեկից ավելի բնակարաններ եւ զարտուղի ճանապարհներով փորձել են ավելի մեծ մակերեսների տիրանալ, քան իրենց հասնում է, դրա համար այդ գործերն ամբողջությամբ փոխանցվեց դատական ատյաններին: Այն անձանց անունները, որոնք շոշափվում են, թողնենք մի կողմ, որովհետեւ եթե կա դատարան, ապա գործադիր իշխանությունը լռում է եւ մնացած հանձնաժողովները՝ նույնպես»: Նշենք, որ չնայած պարոն Վարդանյանը հղում արեց կառավարության որոշմանը, բնակիչների անհատական միջոցների հաշվին կառուցված շենքը բացարձակապես կապ չունի կառավարության թիվ 432 որոշման հետ, որը կարգավորում է պետական միջոցներով կառուցված բնակելիների բաշխման հարցը: Դեռեւս 2 տարի առաջ այդ նույն խնդրի առնչությամբ կառավարությունից «Առավոտին» պարզաբանել էին, որ այս խնդրում կառավարությունն ասելիք ու անելիք չունի: Օրերս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից նույնպես պատասխանել էին, որ իրենց գերատեսչությունը «Վերականգնող սպառողական կոոպերատիվի» վերադաս կամ բնակարաններ բաշխող մարմին չէ եւ այդ խնդրի հետ կապ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել