Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի քաշը՝ կապարի կամ աղացած ցորենի հաշվի՞ն

Հոկտեմբեր 27,2007 00:00

Սպառողը վստահ չէ, որ անարատ սուրճ է խմում

Սովորաբար սպառողական շուկայում փաթեթավորված ապրանքներից շատ քչերն են համապատասխանում տուփի վրա մակնշված քաշին. դրանք, որպես կանոն, քաշից պակաս են լինում: Սակայն հայկական շուկայում փաթեթավորված աղացած սուրճերի բազմաթիվ տեսակներ մի բան էլ գերազանցում են սահմանված քաշը:

Թե ինչպես են սուրճի բիզնեսով զբաղվող ֆիրմաները կարողանում 100 գրամանոց տուփերով սուրճը վաճառել 110-200 դրամով, հետն էլ եկամուտ ստանում, հարկեր վճարում, տրանսպորտային ծախսեր հոգում՝ անհասկանալի է: Սա այն դեպքում, երբ հատիկավոր սուրճի մեծածախ գինը շուկայում 1100-1300 դրամ է: Ամենապարզ հաշվարկներով էլ՝ փաթեթավորված աղացած սուրճը 150-180 դրամից էժան չի կարող լինել: Հենց միայն այս փաստից պարզ է դառնում, որ աղացած սուրճին ինչ ասես խառնում են՝ հացահատիկ, որը բոված եւ աղացած վիճակում չի տարբերվում սուրճից: Արտադրողները փաթեթավորված սուրճին անգամ կապարի, պղնձի փոշի են խառնում: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում մի շարք սուրճ արտադրողներ հավաստիացրին, որ իրենց սուրճը որեւէ ավելորդ նյութ չի պարունակում եւ քաշն էլ ըստ սահմանվածի է:

«Ռոյալ Արմենիայի» 100 գրամանոց սուրճը կշռում է 108 գրամ։ Այս ընկերության գովազդային բաժնի տնօրեն Սերգեյ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք 1-2 գրամ ավել են լցնում, որ սպառողները գոհ մնան եւ իրենք արտադրում են մաքուր սուրճ։ «Փարիզյան» սուրճն էլ է մոտ 4 գրամով ավելի կշռում, քան փաթեթի վրա է նշված։ «Լեբո» սուրճը նույնպես մոտ 4 գրամով ավելի է։

«Ֆեռո» ընկերության «Վիվա» սուրճի 100 գրամանոց տուփը կշռում է 98 գրամ: Եթե հաշվարկենք, որ այդ 2 գրամը 1 կիլոգրամի մեջ կազմում է մոտ 200 գրամ, ապա ստացվում է, որ դրանով եւս 2 հատ 100 գրամանոց տուփ կլցնեն, իսկ դա այս ընկերությանը հնարավորություն կտա եւս մի քանի հարյուր դրամ օգուտ ունենալ, դեռ այդ 2 փաթեթից 4 գրամ էլ կմնա։ Սակայն նույն ընկերության 400 գրամանոց պարկով սուրճերը կշռում են 404 գրամ։ Ամենայն հավանականությամբ, նախորդ սուրճի ավելացած 4 գրամն էլ այստեղ են օգտագործում, որպեսզի սպառողին ապացուցեն, որ իրենք բարեխիղճ են աշխատում։

«Մելիսա» սուրճի 100 գրամանոց փաթեթավորված աղացած սուրճը կշռում է հենց 100 գրամ։ Ստացվում է, որ ընկերությունը փաթեթի վրա նշելով 100 գրամ, տուփի քաշն էլ հետն է հաշվի առնել։ «Ռոսկաֆե» ընկերության 100 գրամանոց սուրճերն էլ մոտ 2 գրամով պակաս է լցված։ Քիչ հայտնի «Սեմյա» սուրճի 100 գրամանոց փաթեթն էլ կշռում էր մոտ 96 գրամ։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ «Հայաստանյան PR ասոցիացիայի» նախաձեռնությամբ շուրջ քսան անուն սուրճ, այդ թվում՝ հայտնի ընկերությունների արտադրած սուրճեր, լաբորատոր փորձաքննության էին ենթարկվել, եւ պարզվել էր, որ օսլայից ու հացահատիկային բույսերից բացի, սուրճերում օգտագործվում են անգամ թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարը (Pb) եւ կադմիումը (Cd): Մասնագետների վկայությամբ, այդ թունավոր նյութերի մշտական օգտագործումը առաջացնում է աղեստամոքսային տրակտի, մարսողության, լյարդի, երիկամների ֆունկցիաների խանգարում, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ: Ամենավտանգավորն այն է, որ այդ ծանր մետաղները մուտագեն հետեւանքներ են ունենում: Փորձագետները փաթեթավորված սուրճերում հայտնաբերել էին նաեւ օսլա, որի պարունակությունը սուրճերի մեջ ընդհանրապես նախատեսված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել