Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ

Նոյեմբեր 01,2007 00:00

\"\"Որոշ տվյալների համաձայն, տարեկան Հայաստանից օտար երկրներ է մեկնում 30 հազար մարդ

Նրանց մեծ մասը հայրենիքից հեռանում է աշխատանք գտնելու, գումար վաստակելու եւ իրենց ընտանիքների հոգսերը հոգալու ակնկալիքով: Այդ մարդկանց սպասելիքները, սակայն, հաճախ չեն իրականանում:

Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Սանկտ-Պետերբուրգի «Օսոբոյե մնենիե» իրավաբանական ընկերության վարչության նախագահ, փաստաբան Նորայր Ասատրյանի հետ:

– Դուք ներկայացնում եք մի կազմակերպություն, որը գործնականում նաեւ զբաղվում է միգրանտներին առնչվող ցավոտ հարցերով: Ինչպիսի՞ դիրք է գրավում ներկայումս Հայաստանը միգրանտների դոնոր հանդիսացող երկրների շարքում եւ ի՞նչ կարգի դժվարություններ են այսօր ծառացած Ռուսաստանում աշխատանք փնտրող հայաստանցիների առջեւ:

– Միգրացիան, որպես ժողովրդագրական երեւույթ, գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում: Քանի դեռ կան պետություններ եւ պետական սահմաններ, կլինեն միգրանտներ: Միգրացիան սոցիալական բարդ գործընթաց է՝ կապված տնտեսական ենթակառուցվածքների եւ արտադրողական ուժերի տեղաբաշխման, բնակչության սոցիալական եւ աշխատանքային շարժերի աճի հետ:

Եվ ոչ մի վարչական միջոց չի կարող կասեցնել միգրացիոն գործընթացները: Ինչ վերաբերում է Հայաստանին, որտեղ ոչ հրապուրիչ ներքին շուկայի ռեգիոնալ մեկուսացման պրոբլեմի պատճառով՝ ներքին բիզնես կլիմայի աշխուժացման թույլ հեռանկարները ստիպում են աշխատանք փնտրողներին թողնել երկիրը եւ աշխատանք որոնել արտասահմանում, որտեղ կա աշխատանքային տեղերի ավելցուկ եւ աշխատանքային ռեսուրսների պակաս: Պետության կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի ոչ թե արտասահմանում մարդու աշխատանքային գործունեությունը սահմանափակելը, այլ նրա օրինական կարգավիճակն ապահովելը: Պետությունը պետք է ձգտի կարգավորել էմիգրացիայի հոսքը, օգտվելով միմիայն տնտեսական լծակներից եւ հիմնվելով ռացիոնալ իրավական նորմերի վրա: Նկատի ունեմ նաեւ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց պարագայում միգրանտները դրսում իրենց կզգան որպես իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ: Հայտնի է, որ Հայաստանը նաեւ միգրանտների դոնոր երկիր է: Ընդ որում, հայաստանցի աշխատանք որոնողների զգալի մասը, իբրեւ իրենց հույսերի իրականացման նպատակավայր, ընտրում է Ռուսաստանը: Ցավոք, նրանցից շատերը այդ երկիր ոտք դնելուն պես հայտնվում են շատ բարդ կացության մեջ: Նրանք համալրում են, այսպես կոչված, անլեգալների բազմահազարանոց բանակը, որի անդամները, ինչպես հայտնի է, գտնվում են իրավազուրկ, անպաշտպան եւ սոցիալական երաշխիքներից զուրկ վիճակում: Այդպիսիք տեղացի գործատուների կողմից ընկալվում են որպես էժան աշխատուժ եւ շահագործման օբյեկտ՝ դրանից բխող ամենաբացասական հետեւանքներով: Ցավոք, ՌԴ-ում զանազան չինովնիկների եւ, մասնավորապես, իրավապահների շրջանում կաշառակերությունը լայնորեն տարածված է: Աշխատանքի թույլտվություն ստանալու, գրանցվելու, սոցիալական ծառայություններից (կրթություն, առողջապահություն, նախադպրոցական դաստիարակություն) օգտվելու ընթացքում տեղերում ստեղծվում են արհեստական խոչընդոտներ: Առավել տխուր է այն, որ այս ամենին գումարվում է ռուս հասարակության անտարբեր վերաբերմունքը: Այստեղ թերեւս պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը դեռեւս էմիգրացիոն երկիր չէ, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ն: ՌԴ-ում գոյություն չունեն միգրացիայի կարծրացած ավանդույթներ: Աշխատանքային միգրացիան, իբրեւ երեւույթ, Ռուսաստանում նոր է ձեւավորվում:

– Իսկ ո՞ր բնագավառներում են հիմնականում աշխատում միգրանտները:

– Միգրանտները հիմնականում զբաղեցնում են այնպիսի աշխատատեղեր, որոնցից ՌԴ քաղաքացիները մի շարք պատճառներով չեն օգտվում: Առաջին հերթին դա կապված է տեղացիների կողմից ներկայացվող բարձր վարձատրության պահանջի հետ, մինչդեռ հաճախ նրանք չունեն այդ աշխատանքին համապատասխանող որակավորում: Տեղացիները շատ հաճախ նաեւ չեն ցանկանում զբաղվել ծանր աշխատանքներով: Ռուսաստանում միգրանտների մեծ մասը զբաղված է ծառայությունների ոլորտում, շինարարությունում եւ թեթեւ արդյունաբերության մեջ: Վերջերս նկատվում է միգրանտների զգալի հոսք դեպի գյուղատնտեսություն եւ անտառարդյունաբերություն:

– Միգրանտներին պաշտպանող ինչպիսի՞ իրավական հիմքեր կան ՌԴ-ում:

– Ներկայումս արտասահմանցիների իրավական դրությունը ՌԴ-ում կարգավորվում է երկու դաշնային օրենքներով՝ «Արտասահմանցիների եւ առանց քաղաքացիության անձանց միգրացիոն հաշվառում» ՌԴ-ում եւ «Արտասահմանցիների իրավական դիրքը Ռուսական Դաշնությունում»: Անհրաժեշտ է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է աշխատելու նպատակով մեկնել Ռուսաստան, ծանոթ լինի վերոհիշյալ օրենքներին: Հակառակ դեպքում հայաստանցի միգրանտը, ինչպես վերը նշեցինք, ՌԴ-ում չունենալով որոշակի կարգավիճակ, արագորեն կհայտնվի իրավազուրկ վիճակում, մի կողմից խոցելի դառնալով ռուսական իրավապահների հանդեպ, մյուս կողմից՝ վերածվելով շահագործման օբյեկտի:

Հարկ է նշել, որ ՌԴ-ում գտնվող անլեգալներին շահագործում են նաեւ իրենց իսկ հայրենակիցները: Անգամ հայտնի են դեպքեր, երբ «հայրենակից» գործատուներն իրենք են անլեգալներին հանձնել ոստիկանությանը, այդպիսով խուսափելով նրանց վարձատրելուց:

2007թ. հունվարին ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի մեջ մտցվեց մի ուղղում, որի համաձայն՝ առանց թույլտվության աշխատող մեկ արտասահմանցու համար գործատուն պարտավոր է վճարել 800 հազար ռուբլի (3200 դոլար) տուգանք: Ու չնայած այդ հանգամանքին, որոշ անբարեխիղճ գուրծատուներ ցայսօր չեն դադարեցրել միգրանտների անօրինական շահագործումը: Նրանց համար պետք չէ հարկեր վճարել, պետք չէ տրամադրել սոցիալական երաշխիքներ:

Որպես հետեւանք՝ ծաղկում են այն կազմակերպությունները, որոնք որոշակի վարձատրման դիմաց միջնորդային ծառայություններ են մատուցում մարդկանց: Մասնագետների տվյալներով, միգրանտների կեղծ գրանցման ստվերային շրջանառությունը միայն Մոսկվայում կազմում է 140 մլն դոլար: Այսօր Սանկտ-Պետերբուրգում եւ Լենինգրադյան շրջանում նույնպես գործում են մի շարք այդ կարգի, ըստ էության, հանցավոր կազմակերպություններ եւ անհատներ, որոնք իրենց կասկածելի օգնությունն են առաջարկում միգրանտներին: Հարկ է նշել, որ նրանց ծուղակն ընկած միգրանտների առաջին իսկ հանդիպումը ոստիկանության հետ՝ ավարտվում է կամ կալանումով, կամ էլ դեպորտացիայով:

Այսպիսով, մենք կանգնած ենք չափազանց կարեւոր մի հարցի առջեւ. ինչպե՞ս օգնել մեր միգրանտներին, ինչպե՞ս նրանց ապահովագրել վերը նշված հանցավոր կազմակերպությունների ձեռքն ընկնելուց, որոնք, թող ներվի, ժողովրդական դիպուկ մի արտահայտության հանգույն՝ «սատկած էշ են փնտրում, որ նալերը հանեն»:

Իսկ թե ինչ գործնական քայլեր են ձեռնարկվում այդ երեւույթներից խուսափելու համար, մեզ հետ զրույցում ներկայացրեց Սանկտ-Պետերբուրգի «Օսոբոյե մնենիե» իրավաբանական ընկերության գործադիր տնօրեն Դմիտրի Չերնիշովը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է տեղերում ստեղծել արտասահմանում հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու գործընթացն ապահովող ենթակառուցվածք: Բացի այդ, լավ կլիներ ստեղծել հզոր տեղեկատվական բազա, որը կպարունակեր տվյալներ՝ միգրանտների քանակի, անհրաժեշտ աշխատատեղերի եւ աշխատավարձերի մասին: Շատ կարեւոր է նաեւ ժամանակ առ ժամանակ համապատասխան դասընթացների կազմակերպումը՝ մարդկանց իրավական դաստիարակության կատարելագործման նպատակով: Օրենքի շրջանակում աշխատող միգրանտների խնդիրներով պետք է զբաղվեն նաեւ նրանց երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Ցավոք, այս հարցերով Հայաստանում ոչ ոք լուրջ չի զբաղվում: Ոչ ոք չի ցանկանում իր վրա վերցնել հայրենակից-միգրանտների իրավունքները պաշտպանելու ծանր լուծը»,- ասում է պրն Չերնիշովը:

Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Վ. Մատվիենկոն ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի վերջերս կայացած նիստի ժամանակ, ուր քննարկվում էին անօրինական միգրացիային հակազդելու խնդիրները, հայտարարեց. «Մեր քաղաքին անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող աշխատանքային կադրեր: Մենք ելնում ենք այն բանից, որ մեր երկիր եկող մարդիկ պետք է աշխատեն եւ օգտվեն սոցիալական ծառայություններից՝ օրինական հիմունքներով»: Այս խնդիրների իրականացման համար Սանկտ-Պետերբուրգի կառավարության օրինականության եւ օրինապահության կոմիտեին կից ստեղծվել է Տնտեսական անվտանգության կենտրոն: Համագործակցելով այս կենտրոնի հետ, Սանկտ-Պետերբուրգի «Օսոբոյե մնենիե» իրավաբանական ընկերությունը կարգավորում է միգրանտների հոսքը ԱՊՀ երկրներից:

Աշխատանքային միգրացիայի օրինական կարգավորման, այդ ինստիտուտի կատարելագործման միջոցներից ամենագլխավորը, թերեւս, միգրանտներ տրամադրող երկրներում համապատասխան ներկայացուցչությունների ստեղծումն է: Այս իմաստով, Երեւանում Սանկտ-Պետերբուրգի «Օսոբոյե մնենիե» իրավաբանական ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացումը, փաստորեն, մեկնարկային նախագիծ էր: Ընկերության տեղի ներկայացուցիչ Լուսինե Խերիբեկյանի խոսքերով, իրենց հետապնդած խնդիրները բավական ընդգրկուն են:

«Ներկայացուցչությունում կանցկացվեն մասնագիտական խորհրդատվություններ պոտենցիալ միգրանտներին հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ: Դրանք կառնչվեն աշխատանքային եւ քաղաքացիական օրենսդրությանը, աշխատանքային պայմանագրերի կնքմանը, միգրանտների բժշկական եւ իրավաբանական սպասարկմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ, մեր ներկայացուցչությունը կցուցաբերի Սանկտ-Պետերբուրգում եւ Լենինգրադյան շրջանում աշխատանքի թույլտվության, փաստաթղթերի նախնական պատրաստման եւ մշակման, հետագայում միգրացիոն բոլոր փաստաթղթերի ձեւակերպման հարցերով իրավական օժանդակություն: Մենք միգրանտներին կաջակցենք նաեւ Սանկտ-Պետերբուրգում եւ Լենինգրադյան շրջանի տարածքում աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում: Բացի այդ, մենք միգրանտներին իրավաբանական խորհրդատվություն կտրամադրենք նրանց աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, կապահովենք փաստաբանական օգնությամբ: Միով բանիվ, մեր գործունեությունը ուղղված է Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Խերիբեկյանը:

Մեր հասցեն Երեւանում՝ Կոմիտասի 49, 514 գրասենյակ: Հեռ.՝ 24-23-41:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել