Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ

Հունվար 08,2008 00:00

\"\"Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրից

Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ: Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության: Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրինակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով: Այնինչ, ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը:

Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկը, ահա, իշխանություն կոչված այս քրեական համակարգի վերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի: Եթե վարչախմբին հաջողվի բռնությամբ, ընտրակեղծիքներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապա պետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող են դառնալ: Իր ապագա գործունեության վերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստումներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնող իշխանական թեկնածուն, միեւնույն է, գործող հանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելու նրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ: Փոխպարտավորվածության եւ հանցակցության բազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլոր դերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդ համակարգից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը: Ուստի այս ճանապարհը անխուսափելի կործանման ճանապարհն է:

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

– Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

– Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարության ապահովումը.

– Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.

– Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

– Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

– Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը:

2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

– Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

– Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

– Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.

– Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից:

3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

– Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

– Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.

– Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

– Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում.

– Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

– Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

– Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիքինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

– Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.

– Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով:

4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ.

– Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.

– Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

– Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.

– Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի», գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

– Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

– Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

– Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

– Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում.

– Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում:

5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

– Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում.

– Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.

– Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով.

– Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

– Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

– Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում:

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը: Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել