Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

Հունվար 19,2008 00:00

Հունվարի 21-ին մեկնարկում է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլը, որը կտեւի մինչեւ փետրվարի 17-ը ներառյալ: Իսկ երեկ ՀՀ ԿԸՀ-ն իր հերթական նիստում միաձայն գրանցեց նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր 9 թեկնածուներին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նիստին ներկա գտնվող թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել իրենց թեկնածուի լուսանկարը՝ վկայականներ պատրաստելու համար, եւ կենսագրականը՝ դրանք հրապարակելու եւ ընտրական տեղամասերում փակցնելու նպատակով պաստառներ պատրաստելու համար:

ԿԸՀ-ն քննարկեց նաեւ միջազգային դիտորդներ հրավիրելու, ԿԸՀ ծախսերի նախահաշիվները սահմանելու եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 4-րդ ու 5-րդ գլուխներով սահմանված դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման հարցերը:

ԿԸՀ-ն որոշեց դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, նաեւ ԼՂՀ ԿԸՀ նախագահին:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ ԿԸՀ-ում որպես դիտորդ հավատարմագրվել են արդեն տեղական 8 հ/կ-ներ՝ ընդհանուր առմամբ 6223 դիտորդներով, նաեւ 4 միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններ: Հավելենք, որ առաջիկա ընտրությունների համար ԿԸՀ-ին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 769.855.259 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել