Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ

Փետրվար 07,2008 00:00

\"\"Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատում ունեցած հանդիպման ժամանակ հերթական միջադեպը եղավ

Ինչպես դեռ հունվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինում ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից եւ հունվարի 28-ի ավտոերթից հետո կանխատեսում էին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի առանձին ներկայացուցիչները՝ իշխանությունները որոշել են առաջին նախագահի ընտրարշավին խոչընդոտել նրա թիմակիցներին իրավական հարթություններում բանավեճի ու քաշքշուկի մեջ ներքաշելով: Որպես դրա ապացույց Տեր-Պետրոսյանի շտաբում մատնանշում էին վերջինիս համակիրների դեմ հարուցված քրգործերը՝ դրանք համարելով լավ կազմակերպված սադրանքի ուղղակի հետեւանք: Որ այնպիսի սադրանքը, ինչպիսին եղավ Թալինում, եզակի դեպք չէր լինելու՝ եւս կանխատեսելի էր, առավել եւս Վանաձորում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պայթյունից հետո: Այդ կանխատեսումները երեկ, ցավոք, իրականացան Արարատի մարզ կատարած այցի ժամանակ: Արտաշատ քաղաքում բազմահազար ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը Տեր-Պետրոսյանն ավելի ուշ որակեց որպես «Մխչյանի Մուկի» կողմից կազմակերպված սադրանք եւ մահափորձ իր դեմ, սկսվեց նրանով, որ մի տարեց կին սկսեց ինչ-որ բաներ բղավելով խանգարել հանդիպումը: Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը փորձեց կանխել սադրանքն ու կոչ արեց բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, չմասնակցել հանրահավաքին, մի քանի երիտասարդներ, որոնք քիչ առաջ էին իջել առանց պետհամարանիշի ավտոմեքենաներից մեկից, մտան հանրահավաքի մասնակիցների շարքերն ու սկսեցին քաշքշել նրանց՝ վերջիններիս ուղղությամբ սառույցի կտորներ եւ քարեր նետելով: Մի քար էլ, ի դեպ, նետվեց այն հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած էր ՀՀ առաջին նախագահը: Սկսվեց իրարանցում, մի քանի երիտասարդներ, որոնք քարեր էին նետում նաեւ Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ՝ հարձակվեցին ՀՀ առաջին նախագահի թիկնազորի պետի տեղակալ, այդ պահին թեկնածուի մեքենան հսկող Սարգիս Հովհաննիսյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Վերջինս, ի դեպ, ավելի ուշ տեղափոխվել է հիվանդանոց: Հրապարակի մոտակայքում գտնվող ոստիկաններից եւ ոչ մեկը ո՛չ Ա. Սարգսյանի կոչերից, ո՛չ էլ արդեն սկսված քաշքշուկից հետո անգամ փորձ չարեց մոտենալ միջադեպը հրահրողներին կամ ուղղակի կանխել այն, թեեւ նրանց նման կոչով դիմեց անձամբ Տեր-Պետրոսյանը. «Պարոն մարզպետ, տեսեք, թե այնտեղ՝ աջ կողմում, ինչ է տեղի ունենում: Դուք պատասխան եք տալու այս պրովոկացիայի համար: Ո՞ւր է ձեր ոստիկանությունը»:

Միջադեպի պահին հրապարակից քիչ հեռու՝ Սերժ Սարգսյանի շտաբի մոտ, իրադարձություններին լուռ հետեւող մարզպետ Ալիկ Սարգսյանը ստիպված էր տեղի տալ եւ հարթակ բարձրանալ եւ արտաշատցիներին զգոնության կոչ անել: «Պրովոկացիայի ենթարկվել պետք չէ: Իշխանությունների կողմից երբեք ցուցում չի եղել, որ որեւէ մեկը հավաքվածներին փորձի ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել»: Նրա հայտարարությունը, թե ինքն այդ պահին որեւէ քաշքշուկ չի տեսնում եւ դրանից առաջ էլ չի տեսել՝ արժանացավ հավաքված արտաշատցիների քամահրական սուլոցներին, բայց նա շարունակեց իր խոսքը՝ հայտարարելով, որ այդ պահից ի վեր նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի կունենա հրապարակում, եւ պատասխանատու է նաեւ արդեն եղածի համար: Տեր-Պետրոսյանը նաեւ մարզպետի ներկայությամբ հայտարարեց, որ այդ հանրահավաքը պարտավոր էր հսկել եւ պաշտպանել ոստիկանությունը, բայց նա դա չի արել, թեեւ պարտավոր էր առաջինն արձագանքել սադրանքին եւ դրա հեղինակներին կարգի հրավիրել:

Տեր-Պետրոսյանը դիմեց նաեւ երկրի փաստացի նախագահ եւ իր ձեւակերպմամբ՝ խուլիգանների հարցերով զբաղվել սիրող Ռոբերտ Քոչարյանին՝ թերահավատություն հայտնելով, թե նա այդ սադրանքից հետո պատասխանատվության կկանչի խուլիգաններին: «Այդ բանը նա չի անի, որովհետեւ սրանք նրա խուլիգաններն են»: Նա նաեւ հայտարարեց, թե այդ սադրանքի կազմակերպիչը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է՝ ասելով, որ «Մխչյանի Մուկը» այսօր քրեական հոդված ստացավ»: Տեղի ունեցած միջադեպից հետո Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա ուղեկիցները, այդ թվում նաեւ նրա թիկնազորի պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանը, այցելեցին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին՝ տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տալու եւ պահանջելու՝ բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա: Այդուհանդերձ, երեկ երեկոյան տվյալներով միջադեպի առնչությամբ քրեական գործ դեռ հարուցված չէր՝ այստեղ նոր էին նյութեր նախապատրաստվում:

Ավելի ուշ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է. «Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են։

Մենք հայտարարում ենք, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»:

Երեկ, ուշ երեկոյան, միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, սակայն, որեւէ հեռանկար տեղի ունեցածի անկողմնակալ եւ օբյեկտիվ քննության համար չի խոստանում: Ըստ ոստիկանության վարկածի, Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան՝ միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

Միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, դեպքի առնչությամբ բացի ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ   Սարգիս Հովհաննիսյանից, Արարատի մարզի  Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ  Օֆելյա Հովսեփյանը եւս դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժին, «որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829