Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավ՝ առանց սկանդալների

Փետրվար 12,2008 00:00

\"\"Նախորդ օրը շիրակցիների ընդունելությունն ապշեցրեց երկրի առաջին նախագահին

Թե Մարալիկում եւ թե Գյումրիում բնակչության մեծ մասը ինքնակամ՝ անկախ պաշտոն ունենալ-չունենալուց, մեծ հետաքրքրասիրությունից դրդված ներկայացել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Նախագահի թեկնածուն Շիրակի մարզ իր այցը սկսեց հանրապետության ամենաօրիգինալ տեղանքից՝ Ձորակապ գյուղից, ուր պարզապես մի քանի վայրկյանով մտավ ձորակապցիներին իր հատուկ շնորհակալությունը հայտնելու: Բանն այն է, որ հազար հոգանոց այս գյուղը, ուր բնակվում է նաեւ ՀՀՇ-ական Մուշեղ Սաղաթելյանը, հայտնի է որպես իշխանական թեկնածուներին ընդհանրապես ձայն չտվող տեղանք: Վերջին երկու նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը այստեղից ձեւի համար մեկ ձայն անգամ չի տարել: Ձորակապցիների ասելով՝ եթե գործող նախագահը տասը անգամ իր թեկնածությունն առաջադրեր, միեւնույն է՝ հաշվարկը 10-ով 0 պետք է լիներ: «Բացարձակապես չեմ կասկածում, որ նույնը կլինի այս անգամ, կարեւորը ռեկորդը պահպանելն է, կարեւորն այն չի, թե ես ինչքան ձայն կստանամ այստեղ, կարեւորն այն է, որ Սերժիկ Սարգսյանը ոչ մի ձայն չստանա»,- ասաց առաջին նախագահը, որին «այո, հենց այդպես էլ կլինի» բացականչություններով հանգստացրեցին ձորակապցիները՝ ամբողջ գյուղով մի մարդու պես նրա հետեւից կողքի քաղաք՝ Մարալիկ տեղափոխվելով: Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը փոքրիկ Մարալիկ այնպիսի մեծ մասսա հավաքեց ու հետաքրքրություն առաջացրեց, որ նույնիսկ իրենց չկարողացան զսպել Սերժ Սարգսյանի շտաբի պատասխանատուները՝ պատշգամբից կախվելով ու առաջին նախագահին կլանված լսելով: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ «դե ֆակտո» իրենք հաղթանակը տարել են, մնում է «դե յուրե» ձեւակերպել փետրվարի 19-ին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Մարալիկում ու հատկապես Գյումրիում իր պատմություններով մի լավ զվարճացրեց ժողովրդին.«Սիրելի գյումրեցիներ, գիտեմ, որ պատմություններ եք սիրում, պատմություն պատմեմ: Երեկ Երեւանում փողոցում կանգնած էի, մի մեքենա եկավ կանգնեց, մեքենայից իջավ մարդը ու ասաց՝ Արամ ջան, ո՞նց ես: Ասացի՝ Աստծո բարեւ, բայց ասի, որ էդպես ջիգյարով բարեւում ես, հետն էլ մեքենայիդ պատուհանին կպցրել ես «Առաջ, Հայաստան» գրված դրոշակը, որ կեղտոտ լվացք է հիշեցնում, ասավ՝ Արամ ջան, սա դրոշ չի, սա հակագայիշնիկ է: Կպցրել եմ, որ մեքենաս չկանգնեցնեն, որ ոնց ուզեմ՝ քշեմ: Սիրելի ժողովուրդ, էդպես գնում են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումներին: Նրա հանդիպումները ստիպողաբար են, ու ինքն էլ առանց ամաչելու հայտարարում է, որ մարդիկ իրենց հոժար կամքով են գալիս, իբր թե հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա չի զգացել, որ դպրոցներից ուսուցիչներին, անչափահաս երեխաներին, հիվանդանոցներից բժիշկներին, բուժքույրերին, ներառյալ հիվանդներին հավաքում-բերում են հրապարակներ: Նախ համերգ են դնում, որ էդ համերգի ժամանակ երգեն, ժողովուրդ հավաքվի: Հետո, երբ որ էդ համերգի ժամանակ ոգեւորում են ժողովրդին, բարձրանում է Սերժ Սարգսյանը եւ սկսում է խոսել»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ տեսնելով Գյումրիի բազմահազարանոց հրապարակը՝ ասաց. «Այս հանրահավաքը ավելի մեծ է, քան ես տեսել եմ այստեղ 1988 թ.-ին: Խնդիրը հետեւյալն է՝ տասը տարի է՝ մեր երկիրը գտնվում է օտար հոգու տեր, անհոգի, մեր ժողովրդի հոգսերին, ցավերին, խորհուրդներին անտեղյակ, անհաղորդ մարդկանց ձեռքի տակ: Գալիս ենք վերջապես դադարեցնելու այս վիճակը եւ տեր կանգնելու այս երկրին, սա մեր, ձեր ստեղծած երկիրն է: Սա այն պահն է, երբ ժողովուրդը պետք է ապացուցի, որ ինքն է այս երկրի տերը եւ չի հանդուրժի որեւէ մեկին, որը նրան ստրկության կտանի: Չնայած այս դաժան կյանքին, մեր երկրում տիրող համատարած թշվառությանը, բայց սա ոչ թե ապրուստի, ոչ թե բարգավաճման, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր է, Գյումրիում ես կարող եմ երկու ուրիշ բառ օգտագործել, սա նամուսի, թասիբի խնդիր է, եկեք այնպես չանենք, որ ավազակապետության երկու պարագլուխները պղծեն մեր թասիբը»: Այսպես խոսեց առաջին նախագահը՝ խորհուրդ տալով իր «հարգարժան» մրցակցին՝ Սերժ Սարգսյանին այսպիսի մեծ հանրահավաքից հետո այլեւս իզուր փող, բենզին չծախսել ու Գյումրի չհասնել, որովհետեւ արդեն «ավելորդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել