Լրահոս
Օրվա լրահոսը

26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Ապրիլ 02,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական հացադուլ են սկսում:

Եթե անհապաղ չվերանայվեն նրանց մեղսագրվող հանցագործությունները, ապրիլի 9-ից կալանավորները պատրաստվում են անժամկետ հացադուլ հայտարարել: «Մարտի 3-ին սկսվեց մասսայական ձերբակալությունների շարանը: Իշխանությունները մեկ հիմնական միտք էին հետապնդում. իրենց իսկ կողմից թափված արյունն ամեն գնով վերագրել մեզ: Արդյունքում, ըստ իշխանական վիճակագրության, 8 մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածք են ստացել: Ղարաբաղյան կլանի հեռուստաընկերությունները այդպես էլ չկարողացան գեթ մեկ կադր ցուցադրել, որտեղ խաղաղ բնակչության ձեռքին զենք երեւար: Խոշոր պլանով չեն ցուցադրվում այն մարդիկ, ովքեր նախահարձակ եղան մեքենաների եւ խանութների վրա: Բնականաբար, կլանը պետք է ոճրագործության ողջ մեղքը բարդեր մեզ վրա, ինչը եւ մինչեւ օրս կատարվում է: Չունենալով ապացույցներ՝ նրանք ծիծաղելի հայտարարություններ են անում Հ1-ի եթերից՝ իբրեւ միտինգի ընթացքում արտաբերվել են հոգեմետ ազդեցություն գործող նախադասություններ եւ բառեր: Մենք հրաժարվել ենք նախաքննության հետ համագործակցելուց՝ համարելով, որ մեղսագրված ՀՀ Քր. օր.-ի 300 եւ 225 հոդվածները թելադրված են Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի կողմից, ինչը եւ պետական մեքենան փորձում է կյանքի կոչել»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են իրենց քաղբանտարկյալներ համարող Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, Արթուր Շահնազարյանը, Սուրեն Սուրենյանցը, Իսահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Պետրոս Մակեյանը, Վահագն Հարոյանը:

Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 19-ին կայացած ընտրություններն անվավեր ճանաչելու, մարտի 1-ի արյունոտ ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար անկախ միջազգային հետաքննություն սկսելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Հայաստանում քաղաքական հետապնդումները դադարեցնելու, հանրահավաքների, ազատ խոսքի, տեղեկատվության միջոցներից օգտվելու պահանջով արդեն անժամկետ հացադուլ են հայտարարել վեց քաղբանտարկյալներ՝ Վլադիմիր Առաքելյանը, Մարզպետունի Այվազյանը, Սայադ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը, Շմավոն Գալստյանը, Յուրա Սիմոնյանը:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի ընտանիքի անդամների հետ զրույցից երեկ պարզ դարձավ, որ չնայած խոստումներին՝ կալանավորվածներին դեռեւս չեն թույլատրում հարազատների հետ տեսակցություններ եւ հեռախոսազանգեր: Ավելին, պարոն Ռուբինյանի ընտանիքի անդամներին հայտնի է դարձել, որ ոստիկանություն են հրավիրվում Տեր-Պետրոսյանի շտաբի այլ աշխատակիցներ, շտաբի հետ համագործակցած անձինք եւ նրանց պարտադրում են կեղծ վկայություններ տալ՝ իբր Կարապետ Ռուբինյանը նախընտրական շրջանում «ինչ-որ բաներ է նախապատրաստել, ֆինանսավորել եւ այլն»: Նրա ընտանիքի անդամները եւս հերքելով ամեն տեսակ «բանսարկությունները»՝ համոզմունք են արտահայտում, որ Կ. Ռուբինյանը կալանավորված է քաղաքական հայացքների համար:

Ըստ «A1+»-ի՝ շարունակվում է նաեւ Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն մարտի 12-ին ձերբակալված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Ազատամարտիկ Արշալույս Բոզինյանին երեկ այցելել են Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցները՝ իր իսկ կանչով: Նա ցածր ճնշում ունի, կան նաեւ սրտից բողոքներ: Արշալույս Բոզինյանը հայտարարել է, որ շարունակելու է իր հացադուլը մինչեւ ապրիլի 10-ը, ապա՝ մի փոքր կազդուրվելուց հետո, կշարունակի հացադուլը մինչեւ Սասուն Միքայելյանի ազատ արձակվելը: Ջրադուլ եւ հացադուլ անող ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը դադարեցրել է ջրադուլը, ըստ վանատուրցիների, ոստիկանների ճնշմամբ: Երեկ Հրազդան են այցելել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները: Ըստ գրասենյակի կայքում տեղադրված տեղեկատվության՝ հացադուլավորները եւ նրանց շուրջ հավաքված մարդիկ պատմել են, որ երկու անգամ ամրացրել են վրանները, որտեղ պետք է հացադուլն անցկացնեն, սակայն ոստիկանության մարզային վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցները դրանք հանել եւ տարել են: Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Հրազդանի բաժնի պետ Աբրահամյանը պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին հայտնել է, որ խնդրո առարկա վրանները տեղադրվել են մեկ այլ քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող շինության դիմաց: Ըստ ոստիկանության պատասխանատուի՝ «բացել են շինության դռները եւ պարբերաբար մտել այնտեղ»: Քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ, եւ փակել են շինության դռները: Իսկ վրանները հանելու եւ հանողների մասին ոստիկանությունը տեղեկություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել