Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքն այդպես էլ ըստ էության չի քննվել ՀՀ դատարանների կողմից». Հ/Կ

Նոյեմբեր 12,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ նախագահ Արաքս Մելքոնյան) դիմելով Սահմանադրական դատարան, հայտնել էր, որ ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը սահմանափակել է իր՝ թիվ ԵԴ 1/0591/11/25 գործով քրեական վարույթով կայացված հանրային քրեական հետապնդում չհարուցելու և այդ որոշման վերադասության կարգով բողոքարկման կապակցությամբ կայացված՝ բողոքը մերժելու մասին վարութային ակտերը դատական կարգով վիճարկելու իրավունքը, քանի որ իր կողմից ներկայացված բողոքն այդպես էլ ըստ էության չի քննվել ՀՀ դատարանների կողմից: Դիմողի պնդմամբ՝ կիրառված սահմանափակումն աղերս չունի Սահմանադրությամբ երաշխավորված՝ համաչափության սկզբունքի հետ, քանի որ այն սահմանված չէ որևէ օրենքով, հետևաբար՝ խոսք չի կարող լինել այդպիսի սահմանափակման՝ իրավաչափ նպատակ հետապնդելու մասին: ՀՀ դատարանների կողմից կիրառված սահմանափակումը խաթարել է վարութային ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակներում դատական իշխանության վերահսկող գործառույթի իրականացման բուն էությունը՝ հանգեցնելով արդարադատության իրականացումից հրաժարվելուն:

ՍԴ դատական կազմը հիշեցրել է, որ նշված քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025թ. դեկտեմբերի 25-ի՝ «Մինչդատական ակտի դեմ բողոքը քննելու մասին» որոշմամբ արձանագրել է. «Նույն վարույթով տուժող Գ. Ա-ի և մյուս տուժողների լիազոր ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կողմից նույնաբովանդակ հիմքերով և առարկայով ներկայացված բողոքի քննության արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025 թ. դեկտեմբերի 15-ին կայացրել է բողոքը մերժելու մասին թիվ ՀԿԴ /0234/22/25 որոշումը»: Այսինքն, դատարանն արձանագրել է, որ բողոքաբեր Արաքս Մելքոնյանի կողմից վիճարկվող նույն որոշման իրավաչափության վերաբերյալ առկա է դատական ակտ, այսինքն,  նույն որոշումը չի կարող ևս մեկ անգամ դատական քննության առարկա դառնալ. «հակառակ պարագայում այն կարող է իրավական խառնաշփոթի պատճառ դառնալ»: Հետևաբար, բողոքը ենթակա է մերժման։

Վերաքննիչ քրեական դատարանի 2026թ. փետրվարի 26-ի՝ հատուկ վերանայման բողոքը մերժելու մասին որոշմամբ, արձանագրվել է. «Վարույթի նյութերի համաձայն… Դատախազի՝ արդեն իսկ ստուգված որոշման կրկնակի քննարկումը, և նույնանման գործառույթներ ունեցող դատական ատյանների կողմից երկու հնարավոր տարբերվող դատական ակտերի գոյությունը բացառելու նկատառումներից ելնելով՝ քննարկվող իրավիճակում մինչդատական ակտի դեմ բերված բողոքը չի կարող քննության առնվել»։ Վերաքննիչ քրեական դատարանի վերը նշված որոշման բողոքարկման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2026թ. ապրիլի 22-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում։

Սահմանադրական դատարանի դատական կազմը ուշադրություն էր հրավիրել թիվ ԵԴ 1/0591/11/25 գործի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետևյալ հատվածի վրա. «Հիշյալ որոշման հետ կապված անհամաձայնություններ ունենալու դեպքում վարույթի մասնավոր մասնակիցը՝ տվյալ դեպքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը զրկված չէ համապատասխան կառուցակարգի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հիշյալ որոշումը բողոքարկելու հնարավորությունից»։

Ըստ ՍԴ-ի՝ «վիճարկվող հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30