Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ

Հունիս 06,2008 00:00

\"\"Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի ճանապարհը Հայաստանում «կանաչ» չէ:

«Ի՞նչ է պատերազմը` մի օր պատահական հարցրեց տղաս: Այդ հարցը ես երբեք ինձ չէի տվել պատերազմից հետո… Տղայիս հարցը մնաց անպատասխան, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչ էր պատերազմը: Դրա համար որոշեցի վերադառնալ անցյալ եւ այնտեղ փնտրել»,- պատմում է «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը: Արտերկրում հաջողությամբ ընդունված այս աշխատանքը հեղինակի առաջին ֆիլմն է՝ որպես ռեժիսոր: Մինչ այդ Վարդանն աշխատել է օպերատոր, լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում: Ղարաբաղյան հակամարտությունների ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցների համար լուսաբանել է պատերազմը: «Ֆիլմում օգտագործված են միայն իրական կադրեր: Հինգ օրերի ընթացքում իմ ձեռքով նկարահանված վավերագրական կադրեր, իրական զրույցներ պատերազմի հերոսների հետ, մի խոսքով՝ մարդկային կյանքը՝ պատերազմում: Այդ ամենին զուգահեռ՝ ներկայացրել եմ նույն մարդկանց կյանքը խաղաղության մեջ՝ հետպատերազմյան շրջանում»,- ասում է Վարդանը:

Հեղինակը ֆիլմի վրա աշխատել է շուրջ 6 տարի: «Դժվար էր պատերազմյան իմ ընկերներին 12 տարի անց փնտրելն ու գտնելը: Չգիտեի՝ ո՞ղջ են, թե՞… »,- նշում է մեր զրուցակիցը: Վ. Հովհաննիսյանի ակնկալիքները՝ ընկերներին գտնել «հերոսների» կոչման արժանացած եւ խաղաղ կյանքով ապրելիս, չարդարացան. «Դժվար էր նրանց ներկայիս կյանքը տեսնելն ու համակերպվելը: Ասես այդ նրանք չէին պատերազմում կռվողներն ու հաղթողները: Ընկերներիցս մեկին գտա միայնակ, ընտանիքից բաժանված, մյուսին՝ ճաղերի ետեւում, հաջորդին՝ հոգեբուժարանում, եւ բոլորն էլ՝ լքված ու մոռացված հերոսների կարգավիճակում,- պատմում է հեղինակն ու ավելացնում,- կարծես պատերազմի հերոս ասվածը այլեւս գոյություն չունի, գին էլ չունի…»: Հայաստանում ֆիլմի ցուցադրումը որոշ խոչընդոտների է հանդիպել: «Թվում էր՝ գրկաբաց կընդունեն ֆիլմս, հեռուստաընկերությունների ղեկավարներն իրենք առաջ կընկնեն եւ եթեր կտան, սակայն առաջարկներ չհնչեցին, ինքս էլ չցանկացա խնդրողի դերում հայտնվել եւ չնախաձեռնեցի ֆիլմի ցուցադրումը հայաստանյան TV-ներով»:

Օրերս «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ կայացավ ֆիլմի ցուցադրումը՝ այն էլ նեղ շրջանակում: «Հեռուստաընկերությունների ղեկավարներին չեմ մեղադրում, կան կոմերցիոն խնդիրներ: Իմ ֆիլմը չի կարող ընդհատվել գովազդով, ես ինքս էլ դա թույլ չեմ տա»,- մեկնաբանում է ռեժիսորը: Ֆիլմը ցուցադրվել է Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, այլ երկրներում, մեծ հաջողություն է ունեցել, արժանացել է 30-ից ավելի մրցանակների, մասնակցել է նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնին՝ արժանանալով 4 գլխավոր մրցանակի: Սակայն արտերկրում էլ ամեն ինչ այնքան հարթ չի եղել: «Տարբեր երկրների ադրբեջանական դեսպանատներից ստանում էինք սպառնալիքներ, նամակներ, որոնցով փորձում էին խոչընդոտել ֆիլմի ցուցադրումը»,- ասում է հեղինակը:

Իսկ թե ինչ կարծիք ունի մյուս հայ ռեժիսորների կողմից ստեղծված՝ ղարաբաղյան պատերազմին նվիրված «Մի վախեցիր», «Չկրակված փամփուշտ» եւ այլ ֆիլմերի մասին, Վ. Հովհաննիսյանը նշում է. «Այդ պատերազմը եւ մեր հաղթանակը մի տեսակ անտեսված են այսօր: Որքան շատ ֆիլմեր լինեն՝ այնքան լավ: Իսկ ինչ վերաբերում է դրանց արժեքին, ես իրավունք չունեմ ոչ քննադատելու, ոչ գովաբանելու: Ակնհայտ է, որ այդ ֆիլմերը կոմերցիոն նպատակներ են հետապնդում: Ես նման նպատակ իմ առջեւ չդրեցի, երեւի դա էլ եղավ պատճառը, որ հայ ֆինանսավորողների կողմից ստացա միայն խոստումներ: Հասկացա մի բան՝ նրանց համար գուցե ավելի լավ կլիներ, որ ես այդ պատերազմում զոհվեի, նրանք էլ իմ անունով արձան կանգնեցնեին, որ ամեն տեղ շեշտեին իրենց դերն ու լուման արձան կանգնեցնելու հարցում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել