Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

Հունիս 12,2008 00:00

Տնօրենն ու փոխտնօրենն ազատման դիմում են ներկայացրել

Արդեն երկար ժամանակ բոլոր թատրոններում հիմնական բանավեճերի առանցքում չարաբաստիկ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին (ՊՈԱԿ) օրենքն է, որում հստակություններ մտցնելու փոխարեն օրենսդիրները շարունակում են առավել խճճել, հիմա էլ՝ դրանից «բխեցնելով» թատրոնի մասին օրենքի նախագիծը: Հազար անգամ խոսվել ու ծամծմվել է ՊՈԱԿ-ի թեման, այդ թվում՝ նաեւ «Առավոտում»:

Եթե չլիներ ՊՈԱԿ-ի գաղափարը, հազիվ թե այսօր Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ստեղծված լիներ այս բարդ իրավիճակը, որն այլ կերպ չես անվանի, քան՝ աբսուրդ ու խառնաշփոթ: Օրերս թատրոնի մի խումբ դերասաններ եւ վարչական աշխատողներ «Առավոտին» ահազանգեցին՝ իբր քիչ է շուրջ 6 ամիս թատրոնը դե ֆակտո առանց գեղարվեստական ղեկավարի թողնելը, հիմա էլ ազատման մասին հայտարարություն է արել թատրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը, որն, իհարկե, շուրջ երեք տարի ձեւականորեն է կատարել տնօրենի պարտականությունները, բեռը թողնելով փոխտնօրեն Էդիկ Պողոսյանին: Այս մասին էլ անդրադարձել ենք ժամանակին:

Պաշտոնից ազատման մասին դիմում է ներկայացրել նաեւ փոխտնօրենը, որը ցանկանում է աշխատել բեմադրական մասի վարիչ: Ինչպես հավաստիացնում են մեր զրուցակիցները, ստեղծված իրավիճակը «պարտադրել» է շատերին՝ մտնել «տնօրինական մարաթոնի մեջ»: Ընդ որում, տնօրենացուների թիվն անցնում է տասից, որոնցից ոչ մեկը թատրոնի մարդ չէ: Վերջիններս հավանաբար մտածում են, թե եկամտաբեր պաշտոն են գտնելու: Մինչ այս մրցավազքը շարունակվում է, թատրոնում հայտնի է դարձել, որ առաջիկայում տնօրենի պաշտոնը կզբաղեցնի նախկին դերասան, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը, որը թատրոնում ավելի քան 15 տարի չի էլ աշխատել: Մի մարդ, ում ժամանակին Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի արվեստանոցի ղեկավարի պարտականություններից ազատել են կազմակերպչական կարողություններ չունենալու պատճառով: Ստացվում է, որ ութ հոգուց բաղկացած կուրսը ղեկավարել չկարողացող մարդը ստանձնում է շուրջ 150 աշխատող ունեցող թատրոնի տնօրենի պաշտոնը:

Կապվեցինք թատրոնի փոխտնօրեն Էդ. Պողոսյանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ է ուզում ազատվել պաշտոնից եւ տեսնո՞ւմ է Գ. Խաչատրյանին տնօրենի դերում, մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ ինքը 1999-ից տնօրեն է աշխատել մինչեւ 2005-ը, ապա 65 տարին լրանալու կապակցությամբ զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը. «Ի դեպ, ժամանակին իմ առաջարկությամբ են Կարինե Աղաբեկյանին տնօրեն նշանակել, որն ինձ մոտ գործավար էր աշխատում: Երբ վերջերս թատրոնում հանկարծամահ եղավ բեմադրական մասի վարիչ Նուբար Քեշիշյանը, ես դիմում ներկայացրի տիկին Աղաբեկյանին՝ փոխտնօրենի պաշտոնից ինձ ազատելու եւ բեմադրական մաս տեղափոխվելու խնդրանքով: Ինչ վերաբերում է լուրերին, թե շուտով տնօրեն է նշանակվելու Գեւորգ Խաչատրյանը, այս առիթով էլ միայն կարող եմ ասել, որ թատրոն սիրող մարդը թատրոնում կլիներ: Եվ վստահաբար հայտարարում եմ, որ նա տնօրեն աշխատել չի կարող: Դա ուղղակի ամոթ է»:

Հ. Գ. Ցավոք, տնօրենի հնարավոր թեկնածու Գեւորգ Խաչատրյանի հետ կապվել չհաջողվեց: Պատրաստ ենք տպագրել նաեւ նրա տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել