Ռոսլինի ճակատագրում Կիլիկիայի ճակատագիրն է արտացոլված՝ վայրիվերումներով, նվաճումներով, պայքարով
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում կայացել է արձակագիր Նանա Ոսկանյանի «Ցրելով անհայտության մշուշը» պատմավեպի շնորհանդեսը, որտեղ հեղինակն անդրադառնում է 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի քաղաքական իրադարձություններին և դարաշրջանի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի թողած մշակութային ժառանգությանը։ «Առավոտը» զրուցել է Նանա Ոսկանյանի հետ։
Հեղինակից հետաքրքրվեցինք՝ որ պատմական աղբյուրը կամ փաստն է իր համար եղել ամենաանսպասելի կամ զարմանալի բացահայտումը՝ Թորոս Ռոսլինի կյանքն ու գործն ուսումնասիրելիս։ Հեղինակն ասաց, որ մինչև Թորոս Ռոսլինով զբաղվելը չգիտեր, որ նա Տարոն աշխարհի ծնունդ է, Շատախից է գնացել Կիլիկիա։ «Ինձ համար հետաքրքիր էր, նա հասնում է մինչև Կարա Կորու, Վենետիկ, Կոստանդնուպոլիս, ուսումնասիրում մանրանկարչությունն ու արվեստը, համեմատում հայկականը՝ վենետիկյանի ու բյուզանդականի հետ, սակայն հայկականը պահում է անխառն և չի որդեգրել նրանցը։ Նրա գույները բացարձակապես տարբեր են, հայկականում գերիշխում է կապույտը, որդան կարմիրը, ծիրանագույնը, որոնք ոչ մեկի արվեստում չկան՝ ոչ բյուզանդականում, ոչ եվրոպականում»,- նշեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ քանի որ սա վեպ է, որքանո՞վ է պահպանվել պատմական ճշգրտությունը, և որտե՞ղ է սկսվում գեղարվեստական հորինվածքը։ Նանա Ոսկանյանն ասաց, որ հիմնականում պատմական ճշմարտությունից չի շեղվել, միևնույն ժամանակ էլ հավելեց, որ Ռոսլինի մասին աղքատիկ տվյալներ կան, բայց ինքը ներկայացրել է իրական Ռոսլինին, բնականաբար զերծ չի մնացել որոշակի գեղարվեստական հորինվածքից։ Ի դեպ, Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը նրա ձեռագրերի հիշատակարաններն են։
Մեր դիտարկմանը, որ Թորոս Ռոսլինից մեզ են հասել հիանալի մանրանկարներ, բայց նրա անձնական կյանքի մասին տեղեկությունները քիչ են, ինչպիսի՞ մարդ, կերպար ու բնավորություն է բացահայտվում իր վեպում, հեղինակն այսպես արձագանքեց. «Ռոսլինը հայրենասեր մարդ էր, նա ժամանակի շունչը զգացող մարդ էր… Ռոսլինը ժամանակից երբեք չշեղվեց, նույնիսկ առաջ ընկավ։ Նա այն բացառիկ մանրանկարիչն էր, որը գեղանկարչության մակարդակի էր հասցրել իր արվեստը… Նրա նկարած դեմքերը, օրինակ՝ Հեթում արքայի ու Կեռան թագուհու, այնքան կենդանի են, որ չես կարող ասել, թե մանրանկարներ են»։
Քանի որ Կիլիկիան գտնվում էր քաղաքական ու ռազմական ծանր բախումների կենտրոնում, հարցրինք՝ իր կարծիքով՝ Ռոսլինի արվեստը պարզապես գեղեցիկի արարո՞ւմ էր, թե՞ նաև Կիլիկիայի ինքնության ու գոյության պայքարի մի մաս։ Տիկին Ոսկանյանն ասաց, որ վստահաբար ինքնության և գոյության պայքարի մաս էր, քանի որ Ռոսլինն անմասն չի մնացել դրանից. «Ինքը քաղաքական կյանքից հեռու չի եղել, երկու արքաները և կաթողիկոսն իր մտերիմներն ու հովանավորներն էին։ Լևոն և Հեթում արքաները շատ սիրել են նրան, Ռոսլինը նրանց պալատական նկարիչն է եղել»։
Մեր դիտարկմանը, որ գրքում խոսվում է Ռոսլինի և Կիլիկիայի «միահյուսված ճակատագրերի» մասին, հեղինակն ասաց, որ Ռոսլինի ճակատագրում Կիլիկիայի ճակատագիրն է արտացոլված՝ վայրիվերումներով, նվաճումներով, պայքարով. «Կիլիկիան գտնվում էր այնպիսի տարածաշրջանում, որ շրջապատված էր մահմեդական երկրներով, որոնց գումարվում էր նաև Վատիկանը՝ իր կաթոլիկություն պարտադրելու պահանջներով»։
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նրա նախորդ գործերին՝ «Վարդպետը, գրիչը, ծաղկողը» և «Երվանդունիք»։ Նանա Ոսկանյանն ասաց, որ «Վարդպետը, գրիչը, ծաղկողը» կապ ունի «Ցրելով անհայտության մշուշը» պատմավեպի հետ։
Դառնալով Ռոսլինի կերպարին՝ խոստովանեց, որ այն իրեն միշտ հետաքրքրել է։ Հետո, երբ ձեռքն է ընկել Զուրաբյանի «Թորոս Ռոսլին» փաստագրական վիպակը, էլ ավելի է կապվել կերպարի հետ և պատմվածքներից մեկում անդրադարձել Ռոսլինի և Կեռան թագուհու կերպարներին, ավելի ուշ «հանդգնել» է գրել այս գիրքը։ Նանա Ոսկանյանը շեշտում է՝ անցյալի իմացությունն այն բարձր աշտարակն է, որտեղից երևում է ապագան, պետք է անցյալը լավ իմանանք, որ կարողանանք ապագան կերտել։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարները՝ «Նարեկացի» արվեստի միության էջից
«Առավոտ» օրաթերթ
28.10.2026





















































