Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Հունիս 20,2008 00:00

Այս դիտարկումները ծնվել են լրագրողների որակավորման բարձրացման Fojo շվեդական ինստիտուտի «Լրագրությունը եւ ժողովրդավարությունը» երեքշաբաթյա ծրագրի մասնակցության ընթացքում:
Նախ՝ մասնագիտական զուգահեռներ
\"\"Ներկա լինելով Շվեդիայի Կալմար քաղաքի «Ostran» օրաթերթի նորությունների բաժնի առավոտյան «լետուչկա»-ին՝ ցանկացած հայ լրագրող կերազեր, որ մեր գրելիք նյութը լինեին ընդամենը նման խնդիրները: «Դպրոցականներից մեկը գյուտ է արել, որը հնարավորություն է տալիս ձմեռն էլ հեծանիվ վարել», «Ինչ ծաղիկներ են տնկվելու Կալմարում». ահա հրապարակման որոշ թեմաներ: Նախանձի եւս մի առարկա՝ անգամ շվեդական այս ոչ խոշոր քաղաքի բնավ ոչ ամենամեծ թերթն ուներ իր սեփական տպարանը, որը եւ պատկերված է լուսանկարում:
Շվեդիայի՝ մեծությամբ 3-րդ՝ Մալմո քաղաքում լույս տեսնող «Sydsvenskan» օրաթերթի հունիսի 2-ի համարի առաջին էջը սպիտակ էր: Այսպես էին այդ օրը լույս տեսել նաեւ բազմաթիվ այլ թերթեր, որոնց հրատարակիչներն իրենց բողոքն էին արտահայտում նախատեսվող օրենսդրական փոփոխության նկատմամբ, որով ոստիկանությունն այլեւս ազատորեն տեղեկատվություն չէր տրամադրելու մամուլին: Մի կողմ թողնենք, որ հենց Մալմոյի ոստիկանության խոսնակը մեր հանդիպման ընթացքում տեսակետ հայտնեց, թե այս փոփոխությունը չի ընդունվելու: Զարմանալին այն է, որ Շվեդիայի հատուկ ծառայությունը թերթերին չմեղադրեց, թե գործադուլի հրահրիչ կոչ են անում, եւ չարգելեցին նրանց տպագրությունը: Հիշեցնենք, որ հենց այսպես Հայաստանի ԱԱԾ-ն արձագանքեց «Առավոտի» որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում սպիտակ էջեր տպելու վերաբերյալ:
Թագավորն էլ անքննադատելի չէ
Հայաստանում մամուլին խստորեն քննադատում են պետության եւ եկեղեցու առաջնորդների հասցեին անհարգալից արտահայտվելու համար: Այդ քննադատները չեն լսել, թե ինչպես են շվեդներն արտահայտվում իրենց թագավորի՝ Կարլ Գուստավ 16-րդի մասին, ծաղրելով նրա հիվանդությունը՝ դիսլեկսիան, դժգոհելով, թե նա շատ թանկ է արժենում հարկատուներին եւ այլն: Բեռնադոտների դինաստիայի այս ներկայացուցչին արգելել են հանդես գալ պետության անունից եւ նա ունի զուտ ներկայացուցչական գործառույթներ: «Շրջում է երկրում, ձեռքեր սեղմում, բացման արարողությունների մասնակցում,- հեգնանքով այսպես ներկայացրեց նրա գործունեությունը շվեդներից մեկը:- Դե, ավելին չի էլ կարող անել, քանի որ չի կարելի ասել, թե նա մեր երկրում ամենախելոք մարդկանցից է»:
Հոգեւորականը զբաղվում է քաղաքականությամբ
\"\"Նկարում Կալմարի քաղաքապետի խորհրդական Յունաս Լյոնն է, որը նաեւ Կանաչների կուսակցության անդամ է: Այս կուսակցությունը մաս է կազմում տեղական իշխանության մարմիններում կառավարող մեծամասնությանը: Այս տեղեկությունը բնավ հետաքրքրական չի լինի, եթե նաեւ չիմանաք՝ Յոնաս Լյոնը հոգեւորական է: «Որպես քաղաքական գործիչ ես փորձում եմ բարելավել կյանքը, իսկ որպես հոգեւորական՝ մոլորյալ հոգիներին փորձում եմ օգնել գտնել Քրիստոսին»,- ասաց նա: Սակայն ընդգծեց, որ հստակ տարանջատել է իր քաղաքական ու հոգեւոր գործունեությունը. «Երբ ես քարոզով եմ հանդես գալիս եկեղեցում՝ ամեն ինչ անում եմ, որ ոչ մեկը չկարծի, թե այն հօգուտ Կանաչների կուսակցության է: Իսկ երբ զբաղվում եմ քաղաքականությամբ՝ չեմ հագնում հոգեւորականի սքեմը»: Դե, ինչպե՞ս այստեղ չհիշես մեր Արարատյան թեմի առաջնորդին, որը համագումարին իր օրհնության խոսքին նախագահի թեկնածուի կարգախոսն էր միախառնել:
Յունաս Լյոնը մեզ զարմացրեց նաեւ հետեւյալ հայտարարությամբ. «10 տարի է՝ քաղաքականության մեջ եմ եւ մոտենում եմ այն սահմանագծին, երբ առողջության համար վտանգավոր է քաղաքականությամբ զբաղվելը»: Այ, եթե նաեւ հայ քաղաքական գործիչները ունակ լինեին հեռանալ ժամանակին…
Շվեդիայի «ազգային արժեքն» էլ վաճառվեց
«Շատ հետամնաց երկիր է այս Շվեդիան»,- կեսկատակ արձանագրեցինք, երբ պարզվեց, որ այստեղ դեռ նոր է սկսվում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը: 12 տարի իշխող, իսկ այժմ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հարող «Aftonbladet» ամենախոշոր երեկոյան թերթի խմբագիր Լոտտա Գրյոնինգը դժգոհությամբ նշեց, թե խզում կա վերնախավի եւ շարքերի միջեւ. «Մեր ամենահայտնի բրենդը՝ «Աբսոլյուտը» վերցրին ու վաճառեցին ֆրանսիացիներին: Իսկ մարդիկ չեն կարողանում տեղ հասցնել իրենց դժգոհությունը»: Ի դեպ, այստեղ էլ են բողոքն արտահայտելու համար հեծանվաերթեր կազմակերպում, որի ապացույցը լուսանկարն է: Այնպես որ, ի պաշտպանություն Թեղուտի՝ մեր հեծանվաարշավը համապատասխանում էր եվրոպական չափանիշներին:
Մեծ աշխարհում՝ մեր անկյունը
\"\"«Ա՜, հայերը նրանք են, ովքեր մեզնից լավ երգեցին Եվրատեսիլում»,- մեր երկրի անունը լսելով՝ այսպես արձագանքեց «Ostran» օրաթերթի նորությունների բաժնի ղեկավար Ուլֆ Կարլսոնը: Հետո հիասթափված ավելացրեց. «Թեեւ բոլորն էլ մեզնից լավ երգեցին»: Երբեք չէի պատկերացնի, թե «Աբսոլյուտի» բախտակից հայկական կոնյակի պես՝ Սիրուշոն կդառնա Հայաստանի բրենդը: Բայց փաստ է՝ Շվեդիայի անգամ միջքաղաքային մայրուղիների վրա ամենասովորական բենզալցակայանի առեւտրի բաժնում կարելի էր գտնել «Եվրատեսիլ-2008» CD-ն՝ «Քելե-քելե»-ով: Այսքանով մեր երկրի մասին շարքային շվեդների տեղեկությունները սպառվում էին: Թեեւ ինչպես համոզվեցիք՝ իրարից սարերով ու ձորերով հեռու մեր իրականությունն, այնուամենայնիվ, տեղիք տալիս է զուգահեռների: Թեկուզ նաեւ նրանով, որ շվեդ դպրոցականներն էլ էին իրենց վերջին զանգի օրը մեքենաներով արշավելով քաղաքում՝ ճչում, երգում եւ ազդանշաններ տալիս:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30