Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 21,2008 00:00

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՆ» ՇՐՋԱՆՑԵՑ ՖԻՄԱ-ԻՆ

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության մասնակից վեց թիմերն ավարտել են երրորդ տուրը: «Երեւանը» 2:4 հաշվով պարտվեց «Հրազդանին», ՖԻՄԱ-ն՝ «Միկային»՝ 2,5:3,5, իսկ «Բանկային արքան» համոզիչ հաղթանակ տարավ «Գյումրիի» նկատմամբ՝ 4,5:1,5 եւ շրջանցելով ուսանող մարզիկներին՝ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԲԻԼԲԱՈՅՈՒՄ

Սեպտեմբերի 1-13-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալու է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցելու է վեց գրոսմայստեր, նրանք, ովքեր բարձրագույն արդյունքներ են ցույց տվել Վեյկ-ան-Զեեում, Մորելիա/Լինարեսում եւ Սոֆիայում: Սակայն այդ չափորոշիչներին բավարարում էին միայն հինգը՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա): Օրերս կազմակերպիչները հայտարարեցին, որ որպես մրցաշարի վեցերորդ մասնակից՝ ընտրվել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Մինչ Բիլբաոն, «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշար նախատեսված էր անցկացնել Մեխիկոյում: Սակայն կազմակերպիչների ֆինանսական խնդիրների պատճառով այն հետաձգվել է: Իսկ Իսպանիայում սահմանվել է 400 հազար եվրո մրցանակային ֆոնդ, որի քառորդ մասը տրվելու է հաղթողին:

ԳՈՒՄԱՐԱԾ ԵՐԿՈՒ «ԱՐԾԱԹ»

Կալիի (Կոլումբիա) «Capital of Colombian Sport» սրահում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական 34-րդ առաջնությունը, որին մասնակցում է 42 երկիր:

Երեկ Հայաստանի հավաքականի թիմային հաշվարկը համալրվեց եւս երկու արծաթե մեդալով: Մինչեւ 85 կգ քաշային կարգում Արամ Անդրիկյանը երկամարտի 341 կգ արդյունքով դարձավ այդ տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոն՝ ընկերակցելով իր թիմակից Առաքել Միրզոյանին: Սակայն, ի տարբերություն նախորդի, Արամը «փոքր արծաթ» նվաճեց միայն հրում վարժությունում (191 կգ), իսկ պոկումում բավարարվեց 4-րդ տեղով (150 կգ): Այս քաշային կարգում երկամարտի 365 կիլոգրամ ցուցանիշով վստահորեն առաջին տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը: Կոլումբիայում դեռ մրցահարթակ չեն մտել մեր հավաքականի անդամներ Սեւակ Սահակյանը՝ 105 կգ, եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ +105 կգ քաշային կարգ: Նրանք երկուսն էլ պայքարի մեջ ներգրավվելու են այսօր:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Կինեմատոգրաֆում ամենամասսայական մարզաձեւը բռնցքամարտն է: Բռնցքամարտը որպես մարզաձեւ օրինականացվել է միայն 1900 թվականին:

Շաշկիում առաջին քայլի համար գոյություն ունի ընդամենը յոթ տարբերակ:

NBA-ի խաղացողների մոտ 30 տոկոսը մարմնի վրա դաջվածք ունի:

1958 թվականին սեղանի թենիսի Ջամայկայի ազգային առաջնությունում հաղթեց Ջեյ Ֆոսթերը: Այդ ժամանակ նա ընդամենը 8 տարեկան էր:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 51 մենամարտերից 21-ն ավարտել է նոկաուտով՝ 1-ին ռաունդում (40,8%):

Վիճակագրությունն ասում է, որ պրոֆեսիոնալ հոկեյիստների 68%-ը սառցի վրա կորցրել է առնվազն մեկ ատամ:

Շախմատում «գամբիտ» տերմինն առաջացել է իտալերեն «dare il gambetto» արտահայտությունից, որը նշանակում է «ոտք գցել»:

Շատերը կարծում են, թե ձյուդոյում կա ընդամենը 10 դան: Սակայն դաների թիվն իրականում 12-ն է: 11-րդ դանի ոչ մի մարդ չի արժանացել: Իսկ 12-րդ դան շնորհվել է միայն ձյուդոյի հիմնադիր Ջիգարո Կանոյին:

«Հումորիստ» անունով բրիտանական վազքարշավային նժույգը, որն անցած դարի 20-ական թվականներին բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ է նվաճել, պարզվում է, ընդհանրապես չպետք է վազեր: Կենդանու մահից հետո դիահերձումը ցույց է տվել, որ նա մեկ թոք է ունեցել:

Հին Հունաստանում, երբ կռփամարտը (բռնցքամարտ) շատ էր ձգձգվում, կողմերի համաձայնությամբ վիճակահանությունով մարզիկներից մեկն առանց պաշտպանվելու պետք է դիմացինից հարված ընդուներ: Եվ եթե դիմանար, ինքն էր հարվածում: Եվ այդպես շարունակվում էր՝ մինչեւ մեկի հաղթանակը:

Շախմատում առաջին 10 քայլերը կատարելու համար գոյություն ունի 170 000 000 000 000 000 000 000 000 տարբերակ: Իսկ առաջին չորս քայլերում կոմբինացիաների թիվը 318 979 564 000 է:

Գո խաղում դիրքերի քանակը 1076 անգամ ավելի է, քան շախմատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել