Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Հունիս 25,2008 00:00

ԵԽԽՎ-ն երեկ մերժեց հայ պատգամավորների բոլոր առաջարկները, որոնք վերաբերում էին «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի այն հատվածին, որոնք առնչվում են Ադրբեջանի պարտավորությանը՝ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման: Այստեղ ներառվել էին հղումներ «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2008-ի մարտի 14-ի բանաձեւին:

Որպես կանոն՝ ՀՀ պատվիրակները ո՛չ առաջարկներ են անում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւերի կապակցությամբ, ո՛չ էլ մասնակցում դրանց քննարկումներին: Բայց երեկ այդ ավանդույթը խախտվեց, եւ մեր մի քանի պատվիրակներ նաեւ ելույթներ ունեցան քննարկման ժամանակ: Ելույթների ուղղվածությունը նույնն էր, որ ԵԽ-ն կարող է բանաձեւի այս դրույթներով խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին, որ հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի են այս բանաձեւում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող դրույթները, եւ ընդհանրապես անհասկանալի է, թե ի՞նչ կապ կա Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացի ու տարածքային ամբողջականության վերականգնման միջեւ: Բանաձեւի քննարկման ընթացքում, ըստ «Արմինֆո»-ի՝ ելույթ ունեցավ ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուանը, որը ԵԽԽՎ ուշադրությունը հրավիրեց, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւում «ոչինչ չի ասվում երկրի ինտենսիվ ռազմականացման, նախագահ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների, ագրեսիվ գործողությունների մասին»:

Ելույթ ունեցավ նաեւ ԵԽԽՎ-ում «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մասնավորապես նշեց. «Բոլոր պետությունները կարող են ե՛ւ իրենց պատմության մեջ, ե՛ւ ժամանակակից իրավիճակում բազմաթիվ արդարացումներ գտնել եվրոպական ժողովրդավարական չափանիշները չպահպանելու համար: Սակայն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ որեւէ մեկ ուրիշն իրավունք չունեն դիմել որեւէ արդարացման ժողովրդավարության բոլոր պահանջները կատարելու ընդունակ չլինելու համար»: Ըստ նրա՝ կարելի է նշել Ցեղասպանության, շրջափակման ողբերգական ժառանգության պատճառների մասին. «Այնուհանդերձ, այդ բոլոր հանգամանքները պետք է առանձնացվեն ԵԽ հիմնական արժեքներից: Կա՛մ բոլորին թույլատրվում է անել ամեն ինչ եւ ոչինչ չպահպանել, կա՛մ ոչ ոքի չի թույլատրվում դիմել որեւէ հնարքի եւ արդարացման»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել