Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսն աջակցության կարիք ունի

Հունիս 27,2008 00:00

«DigiTec Business» ֆորումի մասնակիցները վստահ են, որ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր տնտեսությունը «կծաղկի»:

Հայաստանի հարյուրավոր գործարարներ այսօր թերանում են իրենց բիզնեսի կառավարման մեջ, ինչի հետեւանքով ընկնում է նրանց ձեռնարկությունների արտադրողականությունը կամ ծախսվում են հավելյալ ժամանակ ու աշխատուժ: Մինչդեռ, ըստ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կարելի է խուսափել ավելորդ քաշքշուկներից ու ծախսերից: Օրինակ, Հայաստանում արագորեն ընդլայնվող սուպերմարկետների կամ, ասենք, բանկերի մասնաճյուղերը կարող են իրենց կենտրոնական կառույցի հետ բոլոր տիպի գործարքները կատարել համակարգչային ներքին ցանցի միջոցով, ինչը հնարավորություն կտա աշխատել արագ եւ արդյունավետ: Հունիսի 26-ին եւ 27-ին Երեւանում կազմակերպված «DigiTec Business» ֆորումի կազմակերպիչները վստահ են, որ գործարարները իրազեկված չեն, որ իրենց ընկերության գործունեությունը ավելի եկամտաբեր դարձնելու համար պարզապես անհրաժեշտ է օգտվել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ներկայացմամբ. «Այն ձեռնարկատերերը, որոնք այսօր այստեղ են, շատ շուտով ճանաչված կդառնան, որովհետեւ հետաքրքրվում են նոր տեխնոլոգիաներով ու նոր լուծումներով: Իսկ այն ձեռնարկատերերը, որոնք այստեղ չեն, թերացումներ կունենան իրենց աշխատանքում»: Կ. Վարդանյանի հավաստմամբ, ֆորումի միջոցով բիզնեսի ներկայացուցիչները կիմանան, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն իրենց ինչ կարող է առաջարկել, իսկ ոլորտի ընկերություններն էլ կհասկանան, թե բիզնեսին հատկապես ինչ է պետք: Ըստ Կ. Վարդանյանի, իրականում ՏՏ ոլորտում նոր գաղափարների պակաս չկա, այլ կա դրանց իրագործման եւ կյանքի կոչելու խնդիր: Ֆորումի բացմանը ներկա էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն իր ելույթում եւս կարեւորեց այս ոլորտի դերը եւ խոստացավ, որ բոլոր թարմ ու անհրաժեշտ գաղափարները կարժանանան կառավարության աջակցությանը: Վարչապետի խոսքերով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Գաղտնիք չէ, որ մենք դեռեւս ունենք լուրջ անելիքներ այս ոլորտում, կան խոչընդոտներ եւ դրանց հաղթահարումը առաջնային խնդիր է: ՏՏ ոլորտում բիզնեսը մեր աջակցության կարիքն ունի: Փաստ է, որ առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մենք չենք կարող բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը»: Անդրադառնալով ներկայումս բիզնես հանրության հետ քննարկվող էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացին, վարչապետը հավաստիացրեց, որ պատրաստի փաստաթղթի քննարկումը լինելու է հրապարակային, իսկ էլեկտրոնային կառավարման ներդրումը սկսվելու է կառավարությունից:

Վարչապետը շրջեց ֆորումին ներկա մի քանի տասնյակ հայկական եւ արտասահմանյան ընկերությունների տաղավարներում, որտեղ նրանք ներկայացնում էին իրենց առաջարկները, նոր ծրագրերն ու հնարավորությունները: Տ. Սարգսյանի հետ զրույցի ընթացքում, ՏՏ ոլորտի ընկերությունները որեւէ խնդրի մասին չէին խոսում, ընդհակառակը՝ մեծ ոգեւորությամբ պատմում էին իրենց ձեռքբերումների եւ եկամուտների ավելացման մասին: Այնպես որ, վարչապետը ֆորումից գնաց շատ ուրախ ու թեթեւ սրտով, քանի որ ոլորտի ներկայացուցիչները նրան ամեն ինչ գերազանց ներկայացրին, ու իր ցուցաբերած ուշադրության համար հաճոյախոսությունների արժանացրին: Նկատենք, որ ֆորումին ներկա պրովայդերները շատ բարիացել էին եւ նույնիսկ մոռացել էին «ԱրմենՏելի» հետ իրենց տարաձայնությունների մասին: «Արմենիան Դեյթաքոմ Քոմփանի» ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումից շատ գոհ էր: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ 2006-ից մինչեւ այսօր իրենց ընկերությունում 6 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, իսկ իրենց առաջարկներից ու ծրագրերից օգտվող բաժանորդների թիվը տարեցտարի ավելանում է:

Ֆորումի մասնակիցները վստահ էին, որ բարձր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կբարգավաճի գործարարների բիզնեսը, որովհետեւ էլեկտրոնային կառավարման հնարավորությունները խնայում են նրանց գումարներն ու ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30