Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈԻՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հուլիս 10,2008 00:00

Ըստ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի, առաջինը տուժում է երկրորդի պատճառով

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը համոզված է, որ մեր երկրի զարգացման խոչընդոտը ոչ այնքան ազատ խոսքի բացակայությունն է ու ժողովրդավարության անկատարությունը, որքան կաշառակերությունը, ինչն ընկած է բոլոր մերժելի երեւույթների հիմքում: Պատգամավորը մասնավորապես մտահոգված է Երեւանի քաղաքապետարանի գործունեությամբ: «Ինձ եւ քաղաքացիներին մտահոգող խնդիրներով նամակներ եմ ուղղում քաղաքապետարան, քաղաքապետին եւ, որպես կանոն, այդ նամակներին ուշացումով են պատասխանում, օրինակ՝ 3 ամիս: Վերջին նամակս, ուղղված Երվանդ Զախարյանին, համեմատաբար թարմ է՝ հունիսի 25-ին եմ ուղարկել, կրկին հիշեցնելով, որ ԱԺ կանոնակարգի 7-րդ հոդվածի Բ կետի համաձայն, 10-օրյա ժամկետ է հատկացվում պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու համար: Վաղուց այդ 10 օրն անցել է…»,- «Առավոտին» ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Բախշյանը: Մեր զրուցակցի համոզմամբ, թյուր է այն տպավորությունը, թե փայլուն է գործում քաղաքապետարանում ներդրված «մեկ պատուհանի» սկզբունքը, որը նույնիսկ «Ոսկե բանալի» մրցանակի է արժանացել: «Կարծում եմ, որ քաղաքապետարանի այս դանդաղկոտ գործունեությունը, ի վերջո, վնաս է քաղաքին, քաղաքացիներին, որոնց նամակներում, որպես կանոն, մարդու իրավունքների խնդիրներն են՝ սեփականության, կրթության, առողջության եւ այլն: Կառավարության նիստերից մեկում պարոն վարչապետը հերթական անգամ կոչ արեց նախարարներին՝ արդյունավետ աշխատել: Նա փաստեց, որ գերատեսչություններն ու պաշտոնյաները քաղաքացիների դիմում-բողոքներին ժամանակին չեն արձագանքում կամ էլ ընդհանրապես չեն լուծում խնդիրները, արդյունքում՝ մարդիկ ստիպված կառավարության շենքի առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպում ու կառավարության նիստերի ժամանակ էլ լսվում են նրանց ձայները:

Պարոն Տիգրան Սարգսյանը նախարարներին նախատեց, թե ձեր այդ անտարբերությամբ ստիպում եք մարդկանց ծայրահեղ քայլերի դիմել, եւ եթե որեւէ մեկի հարցին փոքրիկ լուծում է տրվում, մարդիկ մտածում են, որ այս երկրում միայն միտինգի միջոցով կարելի է հարց լուծել: Այսինքն, պարոն վարչապետը, իմ կարծիքով, իր այդ մտքով հիմնավորում է բոլոր տեսակի հանրահավաքները, քանի դեռ մեր երկրում մարդու իրավունքները, այսպես ասած, «ականջի հետեւ» են գցվում, մեր երկիրը բոլորովին չի ուզում եվրոպական չափանիշներով ժողովրդավարանալ, ու քանի դեռ էդպես է, հանրահավաքներ լինելու են,- նշեց տիկին Բախշյանը եւ հավելեց,- սա վարչապետը հստակ հասկացել է, մնում է՝ քաղաքապետը եւ մյուս պաշտոնյաները եւս հասկանան»: Կոնկրետացնելով Երեւանի քաղաքապետարանի հետ կապված իր մտահոգությունները՝ պատգամավորն անդրադարձավ Ա. Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցին, որի մասին «Առավոտը» բազմիցս գրել է: Տիկին Բախշյանը պատմեց, որ դեռ անցյալ տարի նամակ-բողոք էր ստացել ուսուցիչների եւ ծնողների անունից, որտեղ փաստեր կային դպրոցում կրթության կազմակերպման հետ անհամատեղելի երեւույթների, աշակերտների հաճախելիության, կեղծ գնահատականների, «մեռած հոգիների», կադրային եւ այլ հարցերի մասին:

Նույն նամակը ուղարկվել էր քաղաքապետարանի կրթության վարչության պետին եւ ՀՀ կրթության պետական տեսչությանը: Այս տարվա փետրվարի 1-ին Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը պատգամավորին գրավոր տեղեկացրել է իրենց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված աղաղակող խախտումների մասին, որոնց պատճառով, պարզվում է՝ դպրոցի տնօրեն Արմենուհի Արմենակյանի գործունեությամբ խախտվել է 9 օրենք՝ այդ թվում՝ Կրթության մասին, ՀՀ կառավարության որոշումներ, ԿԳ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների հրամաններ, իրավական ակտերի պահանջներ եւ այլն: Տեսչության եզրակացության մեջ նշված է. «Առկա են աշխատանքային կարգապահության կոպիտ խախտման հատկանիշներ (իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելը)»: Ելնելով վերոգրյալից՝ տեսչությունը քաղաքապետին առաջարկել է լուծել թիվ 26 դպրոցի տնօրեն Արմենուհի Արմենակյանի աշխատանքային պայմանագիրը: Սակայն որեւէ քայլ չի արվել: «Քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի հետ խոսելիս՝ ասացի, որ եթե տեսչության հաշվետվության մեջ ներկայացված խախտումների 2%-ը ես՝ Բախշյան Յուրայի կինը արած լինեի, քաղաքական նպատակներով առիթը իմ դեմ կօգտագործվեր: Հիմա, կրկին քաղաքական նպատակներից ելնելով, այդ առիթը չեն օգտագործում Արմենակյանի կնոջ դեմ… Ախր ինչո՞ւ պիտի երեխայի կրթության իրավունքը կախված լինի քաղաքական կապիկություններից»,- մտահոգվում է թիվ 27 դպրոցի նախկին տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ տեսչությունը եւս մեկ ուսումնասիրություն է կատարել թիվ 26 դպրոցում, որի մասին հաշվետվությունն ինքը ստացել է հունիսի 3-ին: Այս անգամ տեսչությունն ավելի մեղմ է եղել ձեւակերպումներում եւ առաջարկել է ընդամենը «ներգործության միջոցներ կիրառել»: «Եվ սա այն դեպքում, երբ ե՛ւ ծնողների ու ուսուցիչների դիմում-բողոքի բովանդակությունից, ե՛ւ Կրթության պետական տեսչության հաշվետվությունից պարզ երեւում է, որ կրթության քաղաքականությունն այդ դպրոցում տապալված է: Իսկ կրթության քաղաքականության պատասխանատուն մեր երկրում ԿԳ նախարարությունն է, որը, փաստորեն, տեր չի կանգնում իր քաղաքականությանը, այդ քաղաքականության պահանջներն իրականացնողն էլ՝ կրթության վարչությունը: Ստացվում է՝ ոչ ոք պատասխան չի տալիս այս եւ մյուս դպրոցներում կատարված կամայականությունների համար»,- փաստում է Ա. Բախշյանն ու հայտարարում, որ պատրաստ է վարչապետի հետ համագործակցել հատկապես կոռուպցիայի խնդիրներով, ու համոզվել, որ այս կամ այն հրապարակումից հասարակությունն իսկապես ձերբազատվում է որեւէ աղտից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել