Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԿՆՍՏԵՆՔ՝ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»

Հուլիս 19,2008 00:00

Ասում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անազատության մեջ գտնվող Հուսիկ Բաղդասարյանը:

Արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար, 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հուսիկ Բաղդասարյանը, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, նաեւ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանների վճիռներով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Ապօրինի զենք, զինամթերք պահելը»), արդեն մոտ 5 ամիս գտնվում է անազատության մեջ եւ պահվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Հ. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ինքն ու իր խցում գտնվող մյուս քաղբանտարկյալները հոգեպես ամուր են, ֆիզիկապես՝ առողջ, գաղափարապես՝ պինդ, միայն թե արդեն երեք օր է՝ ջուր չունեն:

Նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանը Վերաքննիչի վճիռը օրենքով սահմանված կարգով բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում: «Վճռաբեկին ուղղված մեր բողոքի պատասխանը մինչ օրս չի ստացվել, թեեւ բողոքը վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշումը մեզ փոխանցելու համար սահմանված 10-օրյա ժամկետը հուլիսի 17-ին արդեն լրացել է: Դա արդեն օրենքի խախտում է»,- արձանագրեց Հ. Բաղդասարյանը: Ի պատասխան մեր հարցին, թե՝ ինքը Վճռաբեկից իր մեղադրական վճիռը բեկանելու հույսեր ունի՞, Հ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ Վճռաբեկն ինչ կանի կամ չի անի, որովհետեւ չեմ հավատում հայաստանյան արդարադատությանը, այն էլ՝ այս իշխանության օրոք: Վճռաբեկ դիմելն ինձ համար պարտադիր պրոցեդուրա է՝ Եվրոպական դատարան հասնելու համար, դրա համար ստիպված եմ դիմել: Կոնկրետ դեպքում, եթե 5-օրյա ժամկետում իմ գործը վարույթ ընդունել կամ մերժելու մասին Վճռաբեկից պատասխան չստացվի, իսկ պատասխանել նրանք պարտավոր են, ապա դա կլինի Եվրոդատարան դիմելու ազդակ եւ հիմք»:

Այսօր դեռեւս դատապարտյալ Հ. Բաղդասարյանը ենթադրում է, թե ինչը կարող է լինել Վճռաբեկի կողմից իր բողոքին որեւէ կերպ չարձագանքելու պատճառը: Բանն այն է, որ դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հ. Բաղդասարյանի քրգործին, ի դժբախտություն դատախազության եւ Հատուկ քննչական մարմնի, կցվել է մի փաստաթուղթ, որն ուղղակիորեն վկայում է նրա նկատմամբ քաղաքական հետապնդման շարժառիթի մասին: Նման ձեւակերպմամբ փաստաթուղթ կա միայն Հ. Բաղդասարյանի քրգործում: Խոսքը փետրվարի 24-ին նրա տանը խուզարկություն անցկացնելու թույլտվության՝ դատարանին հասցեագրված միջնորդության մասին է, որը ներկայացրել էր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մնացական Մարուքյանը: Նույն Մարուքյանը, որը քննում էր դեռեւս փետրվարի 24-ին «Լ. Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» եւ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ 58200608 քրգործը: Այդ գործի շրջանակներում նա, իբր, պարզել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուսների կողմից «երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կատարելուն» «անմիջական եւ ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ» Հ. Բաղդասարյանը: Ուստի՝ հարկ էր համարել խուզարկել նրա տունը այն հիմքով, որ նրա «բնակության վայրում կարող են լինել հանցավոր գործունեությունը մերկացնող թղթեր եւ առարկաներ»: Թույլտվություն ստանալուց հետո Հ. Բաղդասարյանի տուն խուզարկության էր գնացել ոչ թե ինքը՝ Մարուքյանը, այլ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, ինչը եւս օրենքի խախտում էր, որովհետեւ խուզարկության թույլտվության որոշման մեջ այդ գործողությունը կատարելը վերապահվել էր հենց Մարուքյանին: Բոլոր դեպքերում ոստիկանները որպես Հ. Բաղդասարյանի մեղքը «ապացուցող» հիմնավորում՝ առգրավել էին ոչ միայն նրա օրինական գրանցում ունեցող որսորդական հրացանի համար խանութից օրինական կարգով գնված 16 փամփուշտները, այլեւ՝ Մասիսի ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամների մի անվանացանկ, ինչն էլ հիմք է դարձել նրա մեղքը դատարաններում հիմնավորելու համար: Բացի այս, ընդհանուր իրավասության դատարանում Հ. Բաղդասարյանի տանը հայտնաբերված փամփուշտները փորձաքննության ենթարկած փորձագետը հստակ ցուցմունք էր տվել, որ 76.2մմ տրամաչափի «ապօրինի» համարված փամփուշտները օգտագործելի են նաեւ «Տիգր» տեսակի հրացանի համար: Դա, փաստորեն, Հ. Բաղդասարյանի անմեղությունն ապացուցող հանգամանք է եղել, որը ներառվել է դատական նիստերի արձանագրություններում: Բացի դրանից, արձանագրված է փաստը, որ Հ. Բաղդասարյանը իր տանը պահված օրինական զենքը կամովին է ներկայացրել ոստիկաններին, ինչն, ըստ օրենքի, նրան ազատում է պատասխանատվությունից, եթե անգամ այդ զենք-զինամթերքն անօրինական եղած լիներ: Հ. Բաղդասարյանի դիտարկմամբ, այս հանգամանքներով պայմանավորված՝ հիմա Վճռաբեկ դատարանը, ըստ ամենայնի, անհարմար վիճակում է հայտնվել, մանավանդ որ՝ նման ձեւակերպմամբ փաստաթղթի առկայությամբ քրգործը Եվրոդատարանում, նրա համոզմամբ, «փուչիկի պես պայթելու է»:

Վերաքննիչի հետ կապված խնդիրները քն նարկելուց զատ, Հ. Բաղդասարյանն ասաց, թե ինքն ու բանտում գտնվող իր ընկերները քաջատեղյակ են ճաղերից այս կողմ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Նա անգամ փորձեց վերլուծել առկա քաղաքական իրավիճակը. «Հիմա իշխանություններն իրենց դիրքերն ու իշխանությունն ամրապնդելու ու նաեւ ռուսներին տված խոստումը կատարելու խնդիր ունեն: Նրանք դեռ մարտին էին ռուսներին խոստացել, որ 2-3 ամիսների ընթացքում իրավիճակը Հայաստանում կկարգավորեն, ու հիմա այդ հարցն են ուզում լուծել, բայց գործնականում դա անել չեն կարող, որովհետեւ «մարտի 1-ը» շատ ծանր բեռ է, եւ դրա տակից իշխանությունները չոր դուրս գալ պարզապես չեն կարողանալու»:

«Մարտի 1-ի» գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին անդրադառնալով՝ Հ. Բաղդասարյանը շատ կոշտ ու կծու գնահատականներ տվեց, որոնցից առանձնացնենք միայն այս. «Մի քիչ խելք ունեցող մարդը այդ հանձնաժողովի աշխատանքի հետ որեւէ հույս չի կարող կապել: Դա կլինի բացարձակ հիմարություն, որովհետեւ այդ հանձնաժողովում ներգրավված բոլոր մարդիկ շահագրգիռ անձինք են, որոնք իրենց դիրքորոշումը Համաժողովրդական շարժման մասին հայտնել են դեռ մինչեւ «մարտի 1-ը», ու նաեւ իրենք են հրահրել այդ ողբերգությունը: Այդ հանձնաժողովում բոլորը կանխակալ տրամադրվածություն ունեցող, ծախու արարածներ են, որոնք, առանց երկար-բարակ քննարկելու, «զոհեցին» հենց իրենց գործընկերներին: Նրանք ո՞նց կարող են անկողմնակալ լինել, կամ կարո՞ղ է հանցագործը զոհին դատել, ընդունել իր կատարած հանցանքը, չարդարացնել իր գործողությունները: Ես վստահ եմ, որ այս իշխանության օրոք մարտի 1-ի դեպքերի իրական պատասխանատուները չեն բացահայտվի եւ պատժի չեն ենթարկվի, որովհետեւ եղել են հրաման տվողներ եւ հրաման կատարողներ, որոնք բոլորն էլ այսօր շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մի քանի մանր-մունր ոստիկանի կդատեն, բայց դա գործի իրական բացահայտում չէ»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա գործողությունները, Հ. Բաղդասարյանի դիտարկմամբ, շատ արդյունավետ են. «Ես իմ անունից եմ հորդորում (կողքից այդ հորդորին միացան նաեւ Հովհաննես Հարությունյանն ու Վարդան Մալխասյանը- Ն. Մ.) ընդդիմության ղեկավարությանը, որ հանուն մեզ ազատ արձակելու՝ այս իշխանության հետ որեւէ երկխոսության, փոխզիջման կամ սակարկության չգնան: Եթե պայքարի համար անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք մեզ համար նշանակված պատժաչափը եւ նույնիսկ դրանից ավելին էլ նստել: Համաժողովրդական շարժումը պետք է շարունակի պայքարել երկրում սահմանադրական կարգի ու օրինական իշխանության հաստատման համար՝ վստահ լինելով, որ մենք մնում ենք այդ պայքարի շարքերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել