Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքում հանձնախումբ է ստեղծվել

Հուլիս 24,2008 00:00

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 21-ի գիշերը ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, ջավախահայ Վահագն Չախալյանը, նրա հայրը եւ անչափահաս եղբայրը: Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հասարակական նախաձեռնությամբ ձեւավորված հանձնախումբ:

Իր անդրանիկ նիստում հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում արտահայտելով ջավախահայության շահերի եւ իրավունքների ոտնահարմանն ուղղված Վրաստանի իրավապահ մարմինների սադրիչ գործողությունների պատճառած լուրջ մտահոգությունը՝ ջավախահայերն առանձնապես անհանդուրժելի են համարում Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ ձերբակալությունից մի քանի ժամ անց Ախալցխա, ապա, մեկ օրը չլրացած, նրան Թբիլիսի տեղափոխելու հանգամանքը՝ առանց պատճառները բացահայտելու:

«Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հանձնախումբը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին՝ անօրինական կերպով ձերբակալված Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին ազատ արձակելու անվերապահ պահանջով:

Հանձնախումբը վճռականորեն պայքարելու է Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների հանդեպ նույն տրամաբանությամբ քրեական գործ հարուցած վրացական իշխանությունների եւ նրանց քմահաճույքների ներքո Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողների ուժային ճնշումներին վերջ տալու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 21-ի ուշ գիշերին՝ ժամը 04:00-ին մոտ, վրացական դիմակավորված զինված հատուկ ջոկատայինները կոպիտ կերպով ներխուժելով Վ. Չախալյանի հայրական տուն՝ կալանավորել են տան անդամներին, խուզարկել տունն ու ձերբակալել նրանց: Մայրը մոտ 1 ժամից ազատ է արձակվել, իսկ Չախալյանին, հորը եւ անչափահաս եղբորը մի քանի ժամ Ախալքալաքում կալանքի տակ պահելուց հետո տեղափոխել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն՝ էթնիկապես «ապահով» համարվող Ախալցխա: Միջադեպին անմիջապես հաջորդել է նաեւ Դաշինքի՝ թվով 5 անդամների ձերբակալությունը, ովքեր հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել, սակայն Դաշինքի անդամ Արամ Բատոյանը անհասկանալի պատճառներով դեռեւս գտնվում է կալանքի տակ՝ Ախալցխայում:

Հիշեցնենք, որ ոստիկանության զինված աշխատակիցներ, ինչպես նաեւ զինված քաղաքացիներ, 40-50 անձինք, ներխուժել էին Դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի հայրական տուն, ինչի արդյունքում թիկունքից սպանվել էր ոստիկանության մեկ աշխատակից, ձերբակալվել էին Գուրգեն Շիրինյանի հարազատները՝ հայրն ու հորաքույրը, որոնց 3 օր Ախալքալաքում կալանքի տակ պահելուց, իսկ Գուրգեն Շիրինյանի հորը կոպիտ եւ անօրինական կերպով ծեծի ենթարկելուց հետո, հուլիսի 21-ին Ախալքալաքից նույնպես տեղափոխել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել