Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Հուլիս 25,2008 00:00

Հորս՝ Արամայիս Ռուբենի Արշակյանի մասին

Նա ծնվել է 1924թ. մայիսին, Ապարանի շրջանի Ղարաքիլիսա, ներկայումս՝ Հարթավան գյուղում: Նրա հայրը՝ Ռուբեն Արշակի Մանուկյանը, ինչպես նաեւ վերջինիս հայր եւ իմ մեծ պապ Արշակը (ում անունից առաջացել է մեր տոհմակիցներից մի մասի ազգանունը) ծնվել են նույն գյուղում, համապատասխանաբար 1897 եւ 1870թթ., 1828թ., Բայազետից իր Վարդան պապիս հետ վերը նշված գյուղ վերաբնակվելու համար գաղթած Շահբազ պապի որդի Մանուկ պապի օջախում: Մանրամասնում եմ, որովհետեւ Արշակ մեծ պապիս միակ արու զավակ Ռուբեն պապիս յոթ տղաներից սերունդ տված ավագ որդին հայրս էր ու նա պատասխանատու էր զգում իր նախնյաց շարունակության համար, շատ էր տանջվում, որ ես՝ իր ավագ որդին, ինչպես նաեւ կրտսեր եղբայրս, երկուական դուստրեր ունենալուց հետո մի քանի տարի շարունակ արու զավակ չէինք ունենում: Նույնքան էլ մեծ էր նրա ոգեւորությունը, երբ հայոց մերօրյա զարթոնքի հետ 1989-ին ծնվեց որդիս՝ Արամը:

Միջնակարգ դպրոցը 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քուչակ գյուղում ավարտելուց հետո, կոլտնտեսությունում հորս վստահում են բրիգադիրի պարտականություններ: Հեռավորությունը հատուկ եմ նշում, որովհետեւ այդ դժվարին տարիներին, բազմանդամ ընտանիքի առօրյա բազմաթիվ հոգսերի հետ միասին, սովորելու համար, երեք տարի շարունակ ամառ թե ձմեռ, ամեն օր երկու անգամ նա ոտքով հաղթահարել է այդ ճանապարհը: Շուտով հորս վրա էլ ավելի են ծանրանում մեծ ընտանիքի հոգսերը: Հայրենական պատերազմին մասնակցելու համար ռազմաճակատ են զորակոչվում իր հայրը եւ տարածաշրջանի մի քանի գյուղերի դպրոցներում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատող ավագ եղբայրը՝ Աղասի Արշակյանը: Այդ օրերին դեռեւս 18-ը չբոլորած հայրս մնում է մոր եւ 2-13 տարեկան թվով 5 քույրերի ու եղբայրների գլխավոր ապավենը: Սակայն մի քանի ամիս անց նրան եւս զորակոչում են: Հաշվի առնելով, որ հայրը ճակատում է, իսկ 20 տարին հազիվ բոլորած ավագ եղբայրը զոհվել էր Հյուսիսային Կովկասի Մայկոպ քաղաքի պաշտպանության ժամանակ, հորս պահում են Սովետ Միության հայ-թուրքական սահմանում, ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հնարավոր հարձակումից երկիրը պաշտպանողների թվում:

Զորացրվելուց հետո անցնում է ծառայության ներքին գործերի համակարգում եւ բարեհաջող ավարտում միլիցիայի դպրոցը: Ինչպես ժամանակին նշել է նախարար եւ հորս կողմից միշտ հարգանքով հիշատակվող գեներալ Պատալովը. «Արամայիս Ռուբենովիչը միլիցիայի այն եզակի աշխատակիցներից է, ով 37 տարի շարունակ՝ շարքայինից մինչեւ միլիցիայի մայոր, անփոփոխ ծառայել է միեւնույն՝ Շահումյանի շրջանի միլիցիայի բաժնում: Ազնիվ ու հոգատար է եղել բնակիչների ու ծառայակիցների նկատմամբ, խիստ, բայցեւ արդար՝ հանցագործ տարրերի հետ»:

Իմ կողմից ավելացնեմ, որ մենք՝ նրա ընտանիքն ու զավակներս թեեւ ապրել ու մեծացել ենք դժվարին, բայց եւ ծնողներիս արդար վաստակած հացով: Բացի հայրական օջախից, որտեղ մորս ու ընտանիքիս հետ այսօր էլ բնակվում եմ, միակ ու անգնահատելի բանը, որ հորիցս ժառանգություն եմ ստացել, դա նրա բարի անունն է: Անսահման հարուստ ես քեզ զգում, երբ քեզնից կախում չունեցող միջավայրում անծանոթ մարդիկ իմանալով ում որդին ես՝ հորդ հասցեին արդար, անկաշառ, միեւնույն ժամանակ համարձակ ու անկոտրում, բարի եւ աշխատասեր մարդ լինելու մասին հիշատակություններ են պատմում: Հորս բարձր էին գնահատում նաեւ մյուս հարազատները: Մինչեւ անկողին ընկնելը, մշտապես հետաքրքրվում եւ աշխատում էր օգնել 4 եղբայրներին ու 3 քույրերին, նրանց երեխաներին ու թոռներին: Միայն մի քանի էպիզոդներ հիշատակեմ հորս կյանքից, դրանք, կարծում եմ, ճիշտ կբնութագրեն նրան:

Կրտսեր եղբայրը՝ Եղիշեն, ով երկար տարիների վաստակաշատ վարորդ է եղել, պատմում է, որ հեռավոր 51 թվականին (երբ հայրս կարճատեւ ժամանակ ավտոտեսուչ է աշխատել) բորշչը եւ կես «բուխանկան» ձեռքին «Ակվարիումի» բանվորական ճաշարանում մոտենում է անկյունում միայնակ ճաշող հորս կողքին նստելու: Հայրս առանց գլուխը բարձրացնելու ասում է՝ «Եղիշ, էստեղ բոլոր մտնողները հո չգիտե՞ն, որ ինսպեկտոր Արշակյանը եւ վարորդ Արշակյանը հարազատ եղբայրներ են, իրավունք ունեն մտածել, թե ավտոտեսուչը վարորդի հաշվին է ճաշում: Ափսեդ վերցրու ու տեղափոխվի ուրիշ սեղանի»: Հորեղբայրս սկզբում դիմադրում է, բայց հայրս անդրդվելի է մնում ու ասում՝ «ինձ հետ ճաշել ես ուզում՝ երեկոյան տուն արի»:

Ծառայակիցներից եմ լսել, թե ավտոտեսուչ աշխատած ժամանակ ինչպես է կարգի հրավիրել այդ օրերի առեւտրի նախարարին ու նրա լկտիացած կարգազանց վարորդին կամ ինչպես է ներել «21»-ի ղեկին հարբած նստած Ֆրունզին եւ անվտանգ ուղեկցել տուն: Ծառայության ընթացքում նա երբեք չի վախեցել իրավախախտների հետ ուղղակի ֆիզիկական ընդհարման մեջ մտնելուց: Երկու անգամ վիրավորվել է, մի անգամ հանցագործություն կանխելիս խուլիգաններից մեկը պտուտակահանը խրել էր թիկունքը, այլ դեպքերում մի քանի անգամ իր ու ծառայակիցների վրա կրակել են, մեկ անգամ էլ հրազենային վնասվածք է ստացել: Զենք կիրառել է, բայց մարդ չի սպանել, մեկ անգամ էլ զենքի սպառնալիքի է դիմել ամբարտավան ու բանսարկու պետի նկատմամբ, ում հետագայում իր հետ պայքարի արդյունքում նախարարը վտարել է համակարգից: Եզակի դեպքերում էր հայրս հանգստի կամ առողջարան մեկնում: 1964թ. հերթական արձակուրդը որոշեց ընտանիքի հետ Մոսկվայում անցկացնել: Օգոստոսի 18-ին Երեւան-Մոսկվա գնացքի մեր առանձնասենյակում էինք, հայրս պառկած հանգստանում էր: Մանկավարժ մայրս իմ՝ իր տասնամյա որդու համար ինչ-որ բան էր կարդում ու բացատրում: Այդ ժամանակ «ուշադրություն, ուշադրություն» ասելով միացավ գնացքի ներքին ռադիոկապը: Աղիողորմ ձայնով մեկն ասաց. «Խոսում է գնացքի պետը: Հարբած ավազակների կողմից հարձակում է տեղի ունեցել շարժակազմի ղեկավարության վրա: Հարգելի ուղեւորներ, եթե ձեր թվում օրգանի աշխատողներ կան, համառորեն խնդրում եմ օգնության գաք 3-րդ վագոն»: Երբ երկրորդ անգամ նույն ձայնը աղերսելով կրկնում էր հայտարարությունը, հայրս վեր թռավ պառկած տեղից, արագ հագավ կոշիկներն ու կապիտանի կիտելը եւ դուրս թռավ վագոնի մեր սենյակից: Մայրս, թե՝ այ մարդ, դու արձակուրդում ես, հետո՝ զենք չունես, ո՞ւր ես գնում, բա էս երեխե՞ն: Այդ ընթացքում ես էլ հորս հետեւից դուրս եկա: Ինձ շատ երկար թվաց 11-ից մինչեւ 4-րդ եւ 3-րդ վագոնների միջնամաս հասնելը: Տեսա, թե ինչպես է հայրս լարված, նրա ճակատին քրտինքի մեծ կաթիլներ կային: 4-5 հոգի խռնված քաշքշում էին, հայհոյում ու խփում միմյանց: Կենտրոնում հայրս էր: Նա մի ձեռքով պահում էր իրենից բարձրահասակ մեկին, ում ձեռքը մեջքին ծալված էր, իսկ մյուսով ամուր բռնել էր երկրորդի գոտուց, մեջքի կողմից: Վերջինս փորձեր էր անում շրջվել ու հորս հարվածել: Մեկը տեղ հասավ: Միայն դրանից հետո խառնաշփոթին մասնակից մի ռուս մարդ ասաց՝ «տի նա սատրո՞ւդնիկա պադնիմաեշ ռուկու», ու տուր թե կտաս… Բարեբախտաբար, գնացքն արդեն մոտենում էր Ադլերին, որտեղ տրանսպորտային միլիցիան արդեն սպասում էր: Նախատեսված 15 րոպեի փոխարեն մեր գնացքը 2 ժամ ուշացավ:

Տուն վերադառնալուց հետո միլիցիայի «Մարտական պոստում» թերթում պետք է կարդայինք «Միլիցիայի կապիտանը վնասազերծել է հարբած վրացի ուղեւորներին» հոդվածն ու այդ կապակցությամբ N34 գնացքի պետի շնորհակալական հեռագիրը՝ ուղղված ներքին գործերի նախարարին:

Իր երկարամյա եւ անբասիր աշխատանքի ընթացքում հայրս պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով, պետական պարգեւներով ու պատվոգրերով:

Հետաքրքիր զուգադիպությամբ, նա նույնպես մահացավ տանը, նույնպես գլխուղեղի կաթվածից եւ ճիշտ նույն տարիքում, ինչպես Ռուբեն պապս՝ 84 տարեկան 2 ամսական հասակում, թողնելով երեք զավակ, ութ թոռնիկ եւ 4 ծոռ:

Գնաս բարով, սիրելի հայրիկ: Վստահ եմ, որ քո հիշատակը վառ կմնա բոլորիս, նաեւ քո ծառայակիցների եւ քեզ ճանաչած բոլոր մարդկանց սրտերում: Քո սերունդները թողածդ բարի ու ազնիվ անվան վրա երբեք ստվեր չեն գցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել