Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՊՈՐՏԱԺ՝ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ

Օգոստոս 14,2008 00:00

\"\"Ոստիկանությունը տեղում էր, բայց հանրահավաք չեղավ

Երեւանի քաղաքապետարանը քննարկել եւ մերժել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի՝ օգոստոսի 13-26-ը հանրահավաք եւ երթեր անցկացնելու բոլոր իրազեկումները: Բացառություն էր միայն օգոստոսի 13-ին նախատեսված հանրահավաքը: Օգոստոսի 9-ին քաղաքապետարանն այն արտոնել էր՝ միաժամանակ արգելելով երթը: Թե ի՞նչ տրամաբանությամբ էր նա «արտոնել» Մատենադարանին հարող տարածքում երեկվա համար իրազեկված հանրահավաքը՝ պարզ չէ: Քաղաքապետարանի սույն որոշման ծանուցումը Ա. Զեյնալյանը, ինչպես նախորդ անգամները, ստացել է ուշացումով, երբ քննարկումն արդեն տեղի ունեցած եւ որոշումն էլ կայացված է եղել՝ օգոստոսի 12-ի ցերեկը միայն:

Այս առնչությամբ Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել է, որ «միակ հանրահավաքը թույլատրվել է այն օրվա համար եւ այն հաշվարկով, որ նախապատրաստվելու համար գործնականում այլեւս ժամանակ չմնա, մինչդեռ հաջորդ օրերի համար հայտերը մերժվել են նույն՝ հանելուկային «անկարգությունների» մասին ԱԱԾ «տեղեկությունների» հիման վրա» եւ արձանագրել, որ հերթական անգամ վարչախումբը «բացահայտում է, որ հանրահավաքների եւ երթերի մերժման հիմքեր՝ ԱԱԾ եւ ոստիկանության «տեղեկությունների» տեսքով, գոյություն չունեն եւ երբեւէ գոյություն չեն ունեցել»:

Երեկ ցերեկվանից ահազանգեր էին հնչում, որ մարզերից Երեւան բերող բոլոր մայրուղիները ոստիկանության աշխատակիցները փակել են: Մարդիկ փորձում էին ճշտել՝ Երեւանում օգոստոսի 13-ին հանրահավաք կա՞, թե՞ ոչ: Մարզերում բնակվող մեր հայրենակիցները հե՛նց ոստիկանության այդ «կանխարգելիչ» գործողություններից էին ենթադրել, որ մայրաքաղաքում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում: Թե ո՞րն է այն արտոնելու եւ մյուս կողմից՝ Երեւան բերող մուտքերը քաղաքացիների համար փակելու տրամաբանությունը՝ պարզ չէ: Բայց փաստ է, որ իշխանություններն, անգամ համոզված լինելով, որ ընդդիմությունը չի հասցնի հանրահավաք անցկացնել, «նա վսյակի» ուժեղացված ռեժիմով հսկում էին նաեւ Ազատության հրապարակը:

Հանրահավաք, բնականաբար, տեղի չունեցավ, որովհետեւ չկար քաղաքացիներին ուղղված ընդդիմության հրավերը, թեեւ Արտակ Զեյնալյանը չբացառեց, որ հանրահավաքի մասին շրջանառվող լուրերը կարող են ինքնաբուխ հանրահավաք դառնալ:

Անհասկանալի է նաեւ Համաժողովրդական շարժման՝ օգոստոսի 13-26-ը հանրահավաքներ անցկացնելու իրազեկմամբ քաղաքապետարանին դիմելու փաստը, երբ դեռ օգոստոսի 1-ին էր հայտարարվել, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին: «Եթե կարողանանք ընթացքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալ, նաեւ դա կկազմակերպենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Զեյնալյանը: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա Շարժման կողմից ընտրված մարտավարությո՞ւն չէ՝ ցույց տալու համար, որ իշխանությունները շարունակում են սահմանափակել քաղաքացիների եւ ընդդիմության՝ հանրահավաքներ անցկացնելու եւ ազատ տեղաշարժի իրավունքները, Ա. Զեյնալյանը չհամաձայնեց:

Ստորագրահավաքը շարունակվում է

Այն ժամին, երբ ընդդիմությունը սովորաբար հանրահավաքներ է անցկացնում Հյուսիսային պողոտայում, որտեղ Համաժողովրդական շարժման համախոհները շուրջօրյա նստացույց են անում, սովորականի նման հավաքված էր շուրջ 100-150 մարդ: Այստեղ ոչինչ հնարավոր հանրահավաքի մասին չէր հուշում: Մի քանիսը էլի հերթի էին կանգնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու օգտին ստորագրելու համար: Թե երեկվա դրությամբ քանի՞ ստորագրություն է հավաքվել՝ հստակ ասել դժվարացավ Շարժման ներկայացուցիչ Սամվել Գեւորգյանը, պատճառաբանելով, թե ստորագրություններ հավաքվում են տարբեր տեղերում՝ մարզերում, Շարժման գրասենյակում եւ այլն:

Այս «օպերին» ճանաչում են բոլորը

Միակ արտառոց բանը, որ կար երեկ Հյուսիսային պողոտայում, ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներից մեկի ներկայությունն էր: Նա դեմքով վաղուց արդեն հայտնի է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունից: Լուսանկարում ֆիքսված այս երիտասարդը մեկն է Կենտրոնի բաժնի այն տասնյակ օպերլիազորներից, որոնք մասնավորապես Ս. Այվազյանի դատավարության առաջին օրվանից առաջինն են գրավում դահլիճի մի քանի շարք նստարանները, բանավեճի մեջ են մտնում Ս. Այվազյանի հարազատների, ընկերների ու լրագրողների հետ: Արտառոցն այն էր, որ ի տարբերություն այլ ու նորմալ երկրների, որտեղ իրավապահ համակարգում սրբությամբ են թաքցվում իրենց օպերատիվ աշխատակիցների դեմքերը՝ ելնելով նրանց աշխատանքի կարեւորությունից կամ գաղտնիությունից, հայրենի ոստիկանությունն այնքան պրոֆեսիոնալիզմ չունի, որ իր «օպերներին» ոչ միայն ուղարկում է տարբեր դատավարությունների ներկա լինելու՝ դրանով նրանց բացահայտելով հանրության շրջանում, այլեւ ուղարկում է ընդդիմության բողոքի ակցիաներին՝ թուղթն ու գրիչը ձեռքին: Մենք Կենտրոնի բաժնի «օպերին» նկարեցինք այն պահին, երբ նա իր գրառումները հեռախոսով փոխանցում էր ինչ-որ մեկին: Տեսնելով, որ իրեն լուսանկարում ենք, «ծակված օպերը», որը դատարանում հոխորտում էր իրեն լուսանկարող լրագրողի վրա, մեզնից խույս տալու մի քանի անհաջող փորձերից հետո պողոտայից հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել