Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ»

Օգոստոս 22,2008 00:00

Սեւանի մասին օրինագծի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախագահը եւ կառավարությունը Սեւանի լավն են ուզում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե Սեւանի հարցի քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ «2001 թվականից մինչ այսօրվա կառավարությունը բացարձակապես չէր հավատում, չէր ուզում հավատալ եւ աչք էր փակում այն հանգամանքի վրա, որը դրել էր օրենքների հիմքում, այն է, որ Սեւանը պետք է բարձրանա»: Վահան Հովհաննիսյանը չթաքցրեց, որ իր գլխավորած խմբակցությունը մինչ այդ քննարկումները հանդիպել է երկրի նախագահի հետ, իրենց հուզող հարցերը ներկայացրել են, եւ նախագահը վստահեցրել է, որ խնդիրը իրեն եւս խիստ հուզում է եւ անելու է ամեն ինչ, որ վեր բարձրացված խնդիրները լուծվեն. «Նախագահը խոսք է տվել սեպտեմբերից հատուկ հանձնաժողով ստեղծել՝ նաեւ խորհրդարանի ներգրավվածությամբ, այս բոլոր հարցերը նորից ուսումնասիրելու համար, որպեսզի այլեւս մենք այսպիսի իրավիճակային լուծումների առաջ չկանգնենք: Ինչքա՞ն կարելի է: Մեզ դրել են անելանելի վիճակի մեջ՝ մենք ուզում ենք փրկել Սեւանը, բայց մեզ ասում են՝ 250 տնտեսություն «կրախի» առաջ է կանգնած, դե, կողմնորոշվիր, խորհրդարան»: Սեւանի հարցը դրվելու է նաեւ Անվտանգության խորհրդի օրակարգում, եւ սա եւս Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ կլինի: Ըստ Վ. Հովհաննիսյանի, նախագահը կողմ է նաեւ, որ բյուջեում Սեւանի հետ կապված ծախսերը քառապատկվեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Սեւանի հարցի քննարկման ժամանակ եւս բավականին ակտիվ էին եւ իրենց մտահոգությունները օրվա վերջում արտահայտեցին երեք էջանոց հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սեւանա լճից բաց թողնվող ջրի չափաքանակը նախեւառաջ հոսանք է արտադրելու հիդրոէլեկտրակայաններում եւ նոր միայն ուղղվի ոռոգմանը, ինչը մասնավոր սեկտորի համար ենթադրում է գերշահույթներ՝ արտադրված եւ վաճառված էլեկտրաէներգիայից: Հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը ենթադրելու է նաեւ հարկային մուտքեր բյուջեում, ինչը ցանկացած եղանակով եւ գնով ապահովելը դարձել է կառավարության գերնպատակը: Սեւանա լճից բաց թողնվող ջրի չափաքանակով կոռոգվեն հազարավոր հեկտարներ ունեցող տեղական «ֆեոդալների» ֆազենդաները, միգուցե նաեւ՝ որոշ գյուղացիների հողակտորները: «Ժառանգությունն» անթույլատրելի է համարում Սեւանա լճի էկոհամակարգը վտանգող նման քաղաքականությունը եւ տարաբնույթ շահերի բավարարումը ոչ միայն մեր, այլեւ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն, կայուն մարդկային զարգացման համար կենսական նշանակություն ունեցող եւ մեր ազգային հարստությունը հանդիսացող Սեւանա լճի քաղցրահամ ջրի հաշվին»:

ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ խորհրդարանի քննարկման առարկան պետք է լիներ այն, ինչ ներկայացրել է կառավարությունը, այն է՝ Սեւանից ոռոգման նպատակով վերցնել եւս 120 միլիոն խմ ջուր. «Քննարկման առարկան սա պետք է լիներ, բայց մենք այդ ընթացքում քննարկեցինք ամբողջ Սեւանի պրոբլեմը՝ սկսած բրոնզե դարից եւ ոռոգման խնդիրը՝ Մենուա թագավորի կողմից կառուցված թունելներով: Քննարկումը գնաց այլ դաշտում: Եթե մարդն առաջարկում է ոռոգման ջրի փոխարեն օգտագործել աղի ջուր, ես այլ բան չեմ կարող մտածել, տարբերակ մեկ՝ կամ չի հասկանում, տարբերակ երկու՝ դիտմամբ է առաջարկում: Առաջարկում են ետ վերցնել օրինագիծը, այսինքն՝ ի՞նչը ետ վերցնենք: Կառավարությունը առաջարկում է ԱԺ-ին՝ հաստատել ոռոգման նպատակով 120 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելը: Չվերցնե՞նք այդ ջուրը, ու խոսում են հայրենիքի մասին, խոսում են քաղաքացու մասին, չգիտես ինչի՜ց են խոսում, լկտիություն է ուղղակի»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր արտահերթ ելույթում հայտարարեց, որ Սեւանի հարցը միայն ջրի հարց չէ, միայն բնապահպանական հարց չէ. «Բայց մեկ բան ակնհայտ է՝ ցավոք սրտի, մենք այդ հարցին անդրադառնում ենք ստեպ-ստեպ, մինչդեռ սա այն հարցն է, որը շարունակական ուշադրության է արժանի»:

Օրենքը, ինչպես եւ սպասվում էր, ընդունվեց բացարձակ մեծամասնությամբ, միակ դեմը «Ժառանգությունն» էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել