Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի՞ են ներխուժել

Սեպտեմբեր 09,2008 00:00

«Անտարեսի» սեփականատերը պնդում է, որ իր տարածք մտնելով՝ հարկայինի տեսուչները «հանցանք են գործել»:

Վերջերս, անդրադառնալով հարկային բարեփոխումներին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսուհետեւ հարկային ստուգումները կհասցվեն նվազագույնի: Իր հերթին հարկային պետական ծառայությունն էլ հայտարարեց, որ հարկատուների հետ աշխատելու են փոխադարձ վստահության դաշտում, իսկ տեսուչներն առաջվա նման իրենց նախաձեռնությամբ կամ պետի ցանկությամբ այս կամ այն ձեռնարկատիրոջ տարածք չեն «ներխուժելու»: Օրերս Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ Կարեն Սրապիոնյանը եւ Ռուբեն Սարգսյանը, առանց հանձնարարագրի, այցելել են Բագրատունյաց 2-րդ նրբանցքի տուն 32 հասցեում գտնվող «Անտարես» ընկերության տպարան, հարցրել են, թե ինչ ընկերություն է գործում այդ տարածքում, պահանջել են առաքումների գիրքը եւ սկսել են ուսումնասիրել տպագրված նյութերը:

Այս առնչությամբ «Առավոտին» իր դժգոհությունն արտահայտեց տպարանի սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը: Նրա հավաստմամբ, ինքը Կ. Սրապիոնյանին զգուշացրել է, որ իրենք հանցանք են գործում, քանի որ առանց համապատասխան փաստաթղթի՝ ներխուժել են մասնավոր տարածք: Ի պատասխան՝ Կ. Սրապիոնյանը պատասխանել է, որ իրենք «կցված են այդ տարածքին եւ իրենց ղեկավարի հրամանն են կատարում»: Տպարանի տիրոջ հավաստմամբ, իր ընկերությունն աշխատում է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում եւ ցանկացած նյութ, մինչեւ շուկա մտնելը, համարվում է կոմերցիոն գաղտնիք. «Եթե մեր տպագրած նյութերի մասին նախապես ասվի, մենք մեծ վնասներ կկրենք: Տպագրությամբ զբաղվող ցանկացած այլ ընկերություն կարող է գողանալ մեր գաղափարը»: Ըստ Ա. Մարտիրոսյանի, այս միջադեպը փաստում է այն մասին, որ պետական չինովնիկներն իրենց գործի հանդեպ փնթի վերաբերմունք ունեն. «Շատ դեպքեր են եղել, որ մեզ մոտ եկել են առանց պատշաճ լրացված հանձնարարականի: Մի պրիմիտիվ փաստաթուղթն անգամ բազմաթիվ սխալներով ու բաթցողումներով են ներկայացնում տնտեսվարողին»: Այս առնչությամբ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակից Կարեն Սրապիոնյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք այդ տարածք այցելել են ոչ թե հարկային ստուգում կատարելու, այլ պարզապես գույքագրման, որի իրավունքը, ըստ օրենքի, իրենք ունեին. «Քանի որ դա մեր վարչական տարածքն է, մենք էլ կցված ենք այդ տարածքին, այցելել ենք ճշտելու, թե ինչ ձեռնարկություն է, ինչով է զբաղվում, ապօրինի է, թե՝ օրինական եւ որ հարկային տեսչությունում է գրանցված: Կարող է տվյալ ձեռնարկությունը գործել Շենգավիթում, բայց այն ուրիշ տարածքի հարկայինում լինի գրանցված: Մենք ոչ մի անօրեն գործողություն չենք կատարել եւ իրավունք ունենք գույքագրման նպատակով մտնել մեր վարչական տարածք: Երբ սեփականատերն սկսեց մեղադրել մեզ եւ ասաց, թե՝ դուք պետք է մեզ մոտ գայիք նորաստեղծ կոմիտեի նախագահի հանձնարարագրով, բացատրեցի, որ մենք ստուգման չենք եկել, այլ եկել ենք մեր տեսչության պետի կողմից գույքագրման հանձնարարությամբ»:

Ինչ վերաբերում է առաքման գիրքը պահանջելուն, ապա Կ. Սրապիոնյանը պատասխանեց. «Եթե դա լիներ մանրածախ առեւտրի կետ, մենք ՀԴՄ ապարատը կտեսնեինք ու դուրս կգայինք, իսկ այս դեպքում՝ քանի որ աշխատողը տեղյակ չէր, թե իրենք որտեղ են գրանցված, պահանջեցինք առաքման գիրքը, որտեղ նշված է, թե որ տարածքի հարկայինում են նրանք գրանցված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել