Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքոտ ու թեժ բանավեճերի հետեւանքները

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"«Հայելի» ակումբը երեք տարեկան է

Հոկտեմբերի 15-ին լրանում է «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 3-ամյակը: «Երբեմն շատերին թվում է, թե մեր չորս կամ հնգամյակն է, այնքան են ասում, որ ես էլ եմ շփոթվում: Երեւի այդ մտայնությունը նրանից է, որ կայացման փուլ է անցել ակումբը»,- ասում է «Հայելիի» հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանը եւ հավելում, որ առանց թեմատիկ սահմանափակումների՝ շարունակելու են բարձրացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ հարցեր: Գործում է hayeli.am կայքէջը, որտեղ ամբողջությամբ դրված է լինում կայացած հանդիպման սղագրությունը, լրագրողների հարցերն ու դրանց պատասխանները: Ժամանակին «Հայելին» սկսել էր հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների երեկոյան քննարկումների շարք՝ «Ռոսիա» մոլում, ինչն ավելի մեծ թվով մարդիկ հրավիրելու հնարավորություն էր ընձեռում, միջոցառումներն իրականացնելու համար նախատեսված տեխնիկան էլ նվիրել էր լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ա. Թովմասյանն այս առիթով ասաց, որ քաղաքական իրադրության պատճառով «երեկոյան» քննարկումները ժամանակավորապես դադարեցվել են ու հույս ունի, որ դրանք կրկին կվերսկսվեն: Նշենք, որ մամուլի մյուս ակումբներից «Հայելին» տարբերվում է նրանով, որ երբեմն բանավեճերն այնքան թեժ են լինում, որ Ա. Թովմասյանը հայտնվում է տաքացած բանախոսներին «բաժանողի» դերում: «Ամենակուրյոզը երիտասարդ կուսակցականների բանավեճն էր, ի տարբերություն հասուն քաղաքական գործիչների՝ նրանք մեկը մյուսին չէին զիջում: Հիշում եք, թե մթնոլորտն ինչքան թեժացավ, ստիպված ոտքի կանգնեցի, որ բանավեճը չվերածվեր ծեծկռտուքի,- պատմեց Ա. Թովմասյանը ու հավելեց:- Մի հանդիպման ժամանակ էլ դպրոցահասակ որդիս՝ Մուշեղն էր ներկա: Բանավեճից զարմացած երեխան հանդիպման վերջում քաղաքական գործիչներից մեկի մասին հարցրեց՝ մամա, էդ մարդը հիմա՞ր էր, թե՞ իրեն ուղղակի հիմարի տեղ էր դրել»:

Ա. Թովմասյանը պատմեց, որ էկրանին իր՝ ակնթարթներ երեւալը տարաբնույթ հույզեր է առաջացնում մարդկանց մեջ. «Օրինակ, մի կին զանգեց եւ ասաց, որ ատում է ինձ, չի կարող հանդուրժել ինձ էկրանին, նաեւ թվարկեց, իր կարծիքով, իմ բոլոր թերությունները: Բայց լինում են նաեւ ջերմ sms-ներ, նույնսկ չեմ էլ իմանում, թե ով է դրանց հեղինակը»: «Հայելիի» վարողը փաստեց, որ ակումբի գործունեության համար այս տարին բարդ էր. «Դժվար էր մարդկանց բանավեճի բերել, խուսափում էին տարբեր պատճառաբանություններով, ոմանք էլ խոստովանում էին, թե չեն ցանկանում հատկապես լարված շրջանում ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ ապահովագրված չեն լրագրողների անկանխատեսելի հարցերից: Եթե նախորդ տարիներին հրավիրվածների համար մեկ էր, թե ով կլինի իրենց օպոնենտը, վերջին շրջանում պատկերն այլ էր: Անգամ մշակույթի գործիչներն էին խուսափում բանավեճերից, այն դեպքում, երբ լարված օրերին հենց նրանց խոսքը պիտի հնչեր ու կարեւորվեր: Շատ քիչ մշակույթի գործիչներ եղան, որ համաձայնեցին, այդ թվում՝ Վարդան Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Հենրիկ Իգիթյանը, Հրանտ Թոխատյանը եւ այլք»:

Ա. Թովմասյանից հետաքրքրվեցինք, նախկինի նման «Հայելին» սահմանելո՞ւ է անվանակարգային մրցանակներ իր հյուրերի համար: «Ամեն տարի կին լրագրողները ընտրում են արժանավայել կեցվածքով քաղաքական գործչին եւ գործարարին: Մրցանակներն էլ հանձնվում են կանանց միամսյակի առիթով: Այս տարի մարտյան հայտնի դեպքերի պատճառով չամփոփեցինք արդյունքները, բայց հաջորդ անգամ անպայման կհանձնենք մրցանակները: Ի դեպ, մի անվանակարգ էլ էինք սահմանել՝ «Բանավեճից խուսափող քաղաքական գործիչ», ՀՅԴ-ից էր այդ մարդը, բայց անունը չեմ ասի»,- պատասխանեց Անժելան: Ըստ մեր զրուցակցի, իրենց «շեֆերին» «Հայելի» հրավիրելու հարցն առանց քաշքշուկների են լուծում էկոնոմիկայի նախարարի, պետեկամուտների կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարները, եւ հակառակը՝ ԿԲ մամուլի քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել