Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայԱրտը» բանավեճի ակումբ կունենա

Հոկտեմբեր 11,2008 00:00

Բովանդակությամբ եւ «լոգոյով»՝ մշակութային

«ՀայԱրտ» մշակույթի կենտրոնի ներքո առաջիկայում կգործի մշակութային բանավեճի ակումբ՝ «Ներկա» անունով: Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նշեց, որ այդ անունը պատահական չի ընտրված. պիտի հասկանանք՝ ճի՞շտ ենք վերաբերվում մեր մշակութային ներկային, որ վաղը անցյալ է դառնալու եւ ներկայի մեջ կանխորոշվող ապագային: Արդեն պատրաստ է նաեւ «Ներկա» ակումբի, այսպես կոչված, լոգոն, որը գեղանկար է եւ ոչ թե որեւէ ապրանքանիշի գովազդ, ինչպես «ընդունված» է Հայաստանում, հեղինակն էլ երիտասարդ շնորհալի նկարիչ Հայկ Խաչատրյանն է: Նշենք, որ ի տարբերություն այլ օջախներում անցկացվող միջոցառումների, «ՀայԱրտում» ոչ մի ցուցահանդես ու շնորհանդես չի անցնում «ավանդական» ձեւով՝ երկարաշունչ խոսքեր, «ջանջալ» շնորհավորանքներ: Այդ ամենին այստեղ փոխարինում են 2-3 րոպեանոց մանրապատումը, վոկալ կամ գործիքային կատարումները եւ այլն: Ռ. Շառոյանի փոխանցմամբ, 2008-ին ամեն ամիս գրեթե 2-3 ցուցահանդես են ունեցել՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի արվեստագետների:

Երեկ էլ բացվեց «Իմ Սարոյանը» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում էին ճանաչված քանդակագործներ ու նկարիչներ՝ Արա Շիրազ, Արա Ալեքյան, Լեւոն Թոքմաջյան, Հրատ Թադեւոսյան, Սարգիս Մուրադյան, Մարտիրոս Բադալյան, Վաչե Պետրոսյան եւ այլք: Մասնակցում էր նաեւ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը՝ փոքրիկ թեմատիկ մանրապատումով: Միջոցառման ժամանակ հնչեց Վիլյամ Սարոյանի ձայնը, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն էր ռադիոյի արխիվից սիրահոժար տրամադրել կենտրոնին: «Յուրաքանչյուր արվեստագետ յուրովի է ներկայացնում իր Սարոյանին, այստեղ նաեւ ամեն այցելու կգտնի իր Սարոյանին, այնպես որ, բոլորիս Սարոյանն է ցուցահանդեսում: Քանի որ ես դաստիարակվել եմ Սարոյանի գրականությամբ, որոշեցինք նման ձեռնարկով անդրադառնալ մեծանուն հայորդու հոբելյանին, թեկուզ եւ մաս չկազմելով կառավարական մակարդակով նշվող հոբելյանական միջոցառումներին»,- ասում է տիկին Շառոյանը: Նա փաստում է. «Հիմնականում Սարոյանին անդրադառնում են ասմունքով, թատրոնով, մանրապատումներով, փաստորեն՝ նկարչությամբ եւ քանդակների միջոցով առաջին անգամ է»: Երբեք նյութականից չտրտնջացող «ՀայԱրտի» տնօրենը նշեց, որ քաղաքապետարանը, բարձր գնահատելով իրենց միջոցառումները, վերջերս որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Իրենց լավագույն մշակութային ծրագրերից են «Խոսիր ինձ հետ», «Անցյալ կատարյալ», «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարերը: Առաջինում ներկայացվում են մեր մշակույթի խոշոր գործիչները, երկրորդում՝ հոգեւոր արժեքները: Ինչ վերաբերում է «Հնագույն նվագարաններին», տիկին Շառոյանն ասաց, որ այս պահին աշխատում են «Քամանչա» ֆիլմի վրա, որը, հավանաբար, պատրաստ կլինի տարվա վերջին: «Մեզ շատ օգնում է Նորայր Դավթյանը՝ անվանի քամանչահար եւ պրոֆեսոր: Ոչ միայն պրոֆեսիոնալ մոտեցմամբ, այլեւ իր մարդկային նկարագրով նա հեշտացնում է մեր ստեղծագործական պրոցեսը»,- հայտնեց «ՀայԱրտի» տնօրենը:

Հետաքրքրվեցինք՝ այս տարի «ՀայԱրտի» սահմանած «Մշակույթի բարեկամ» մրցանակը ունի՞ հավակնորդ: «Ամեն տարի հանձնում ենք այդպիսի մրցանակ: Այս անգամ այն շնորհելու ենք «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Մեր «Ծիրանի փող» եւ «Քամանչա» ֆիլմերը չէին կարող ավարտին հասնել՝ առանց նրա օգնության: Ես դժվարանում եմ պարոն Յիրիկյանին բնութագրել սոսկ հովանավոր բառով, որովհետեւ նա ավելին է, քան հովանավորը ու նրա աջակցության մեջ յուրօրինակ ենթատեքստ կա: Պարոն Յիրիկյանը, բնականաբար, քամանչայի ու դուդուկի արժեքը կրում է իր մեջ, որ ուզում է դրանք բերել նոր ժամանակներ»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու արդեն մի քանի ամիս է՝ չի տպագրվում «ՀայԱրտի» «Անդրադարձ» թերթը: Պարզվեց՝ պատճառը ֆինանսական է: «Անդրադարձում» տպագրվում էին այն ստեղծագործողների անուններն ու գործերը, որոնք ուրիշ տեղ չէիր գտնի, դա մի ամբիոն էր՝ դասական նկարչի, դասական երաժշտի, դասական քանդակագործի, գրականության մարդու: Մանավանդ բոլորս էլ գիտենք, թե մամուլում հիմա ո՛ր շերտն է լուսաբանվում»,- ափսոսանքով ասաց Ռ. Շառոյանը՝ հույս հայտնելով, որ այս խնդիրն էլ մի օր կլուծվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել