Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐԻ» ՏՈԿՈՍԸ

Հոկտեմբեր 15,2008 00:00

«Մար տի 1»-ի մայր գործին միացվել է Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ՔՕ 190 հոդվածով՝ «Ապօրինի ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը» 2007-ի մայիսին հարուցված գործը: Եվ այսպիսով հնարավորություն ունենք ծանոթանալու, թե իրոք հիմնավորվա՞ծ էր ՀՀ նախկին արտգործնախարարին «կեղտոտ փողեր» լվանալու մեջ մեղադրելը: Սակայն առկա նյութերի առյուծի բաժինը որոշումներն են՝ քրգործ հարուցելու, քննչական խումբ կազմելու, Ալեքսանդր Արզումանյանին բերման ենթարկելու, ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, նրան կալանքի տակ պահելու, նախաքննության ժամկետը երկարացնելու մասին եւ այլն: Մի զգալի մաս էլ կազմում են նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությունները՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով, եւ դրանք մերժելու որոշումները:

Նման փաստաթղթերից բացի՝ կան Ալեքսանդր Արզումանյանի մի շարք հարցաքննությունները՝ միեւնույն բովանդակությամբ, թե հրաժարվում է ցուցմունք տալ. «Ես քրեորեն հետապնդելի որեւէ արարք թույլ չեմ տվել, իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ապօրինի է, հետապնդում է քաղաքական նպատակներ եւ հանդիսանում է քաղաքական պատվեր»:

Այսքանն է այս աղմուկ հանած գործը: Ապացույցներ, թե Ալեքսանդր Արզումանյանն իրոք, ինչպես նրան մեղադրում էին՝ Լեւոն Մարկոսի «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն» օրինականացրել է՝ այս միացված գործում չկան: Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Սաշիկ Աղազարյանը հայտարարեց, թե ինքն է Ալեքսանդր Արզումանյանին ուղարկել գումարներ, որոնք ձեռք է բերել օրինական ճանապարհով: Պարզվում է, որ անգամ մինչեւ այս տարվա մայիսն են մեր իրավապահները փորձել պարզել՝ արդյոք Սաշիկ Աղազարյանն իրոք այդ գումարները վաստակել է օրինակա՞ն ճանապարհով: Մասնավորապես փորձել են ՌԴ հարկային մարմիններից առգրավել նրա եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը: Սակայն Մոսկվայի Տուշինսկի շրջանի դատարանը դեռ 2007-ի սեպտեմբերին մերժել է թույլատրել առգրավում՝ ի տարբերություն մեր դատարանների, որոնք դակում են քննիչների ցանկացած միջնորդություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել