Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐԸ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"«Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը»,- երեկ Մատենադարանի

մոտ հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:

Ընդդիմությունը երեկ անցկացրեց իր հերթական «հուժկու, որոշիչ եւ վճռական» հանրահավաքը: Այս անգամ ելույթների թիվը սահմանափակ էր. խոսեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ մոտ մեկ ժամ խոսեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչ այդ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ «ժողովուրդ, մենք ձեզ պարտք ենք, չէ՞»: «Այո»,- արձագանքեցին մարդիկ: Լեւոն Զուրաբյանը խոստացավ, որ եկել է պարտքը տալու ժամանակը, եւ հայտարարեց. «Այսօր վերադարձնելու ենք այդ պարտքը, հանրահավաքից հետո կլինի հուժկու երթ»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշեցնելով եղբոր՝ Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ «Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզի՝ այդ գլուխը խուզի»՝ ասված դեռ 1998-ին, զգուշացրեց, որ «այսօր, ցավոք, Հայաստանը նմանվել է որբի գլխի, եւ ով ուզում՝ խուզում է այդ գլուխը», եւ առաջարկեց ելքը. «ՀՀ ժողովրդի անվտանգությունը վտանգում է գործող իշխանությունը», նաեւ դիմեց իշխանությանը. «Եթե սիրում եք էս երկիրը, գնացեք էս երկրից»: Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մենք դատապարտված ենք պայքարելու, որովհետեւ ունենք պատանդներ, որովհետեւ ունենք 75 ազնիվ ՀՀ քաղաքացի ճաղերի ետեւում: Ով չի պայքարում, դավաճանում է նրանց խղճին, նրանց ճակատագրին, նրանց ընտանիքներին»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խոսեց մարտի 1-ի մասին եւ հայտարարեց. «Ըստ էության փորձ է արվում կոծկել գործը, պատասխանատվության չենթարկել մարտի 1-ի սպանդի իրական մեղավորներին, ամեն ինչ բարդել ընդդիմության վրա»: Նաեւ զուգահեռ անցկացրեց. «Եթե նույն ջանասիրությամբ ԱԱԾ-ն աշխատեր 1999-ի հոկտեմբերի 27-ին, կկանխվեր հոկտեմբերի 27-ի ողբերգությունը»: Հավաքվածները համամիտ էին եւ «այո» գոչեցին: ՀԺԿ նախագահը նաեւ ընդգծեց. «Փոխանակ ելքեր փնտրելու, փոխանակ բարեփոխումների ճանապարհով գնալու՝ իշխանությունը փորձում է իր աչքերը կապել, եւ հույս են փայփայում, որ կմարի շարժումը, փոխանակ հասկանան, որ այս կերպ շարունակվել չի կարող»: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ընդդիմության հաջողության գրավականը լինելու է հետեւողական պայքարը, ոչ թե վայրկենական իմպուլսներով առաջնորդվելը: «Ես կարող եմ ասել՝ ինչն է անընդունելի. անընդունելի է նահանջել ժողովրդավարության համար պայքարում, անընդունելի է ընկճվել այդ պայքարում»:

Հանրահավաքի ամենից ծավալուն ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր: Առաջին նախագահը խոսեց հիմնականում արտաքին քաղաքական խնդիրների, Ղարաբաղի հիմնահարցի եւ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին: Ասաց, որ երբեմնի ռուսամետ Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Արեւմուտք, քանի որ «իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արեւմուտքում»: Նկատելով, որ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ընթացքը վտանգի տակ է, ասաց. «Իրավիճակի պատասխանատվությունն, իհարկե, չի կարելի բարդել միայն Սերժ Սարգսյանի վրա: Մեծ հաշվով, սա ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այն խայտառակ քաղաքականության արդյունքն է, որ վերջին ութ տարիներին վարել է քոչարյանական վարչակազմը, եւ որի համար հավասարապես պատասխանատու են իրար փոխարինած բոլոր կոալիցիոն կառավարությունները, քրեականացած Ազգային ժողովը, պաշտոնական մամուլը, իշխանության կերակրատաշտից օգտվող մտավորականները եւ գրպանային կուսակցությունները: Այսօր մենք քաղում ենք, ահա, այդ քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանրապես Քոչարյանի օրոք ձեւավորված ավազակապետական համակարգի ու նրան սատարող ուժերի հանցավոր գործունեության դառը պտուղները»: Զգուշացրեց, որ Արեւմուտքը ձեռքից բաց չի թողնելու «Ղարաբաղի հարցի լուծման իր համար հարմարագույն այս առիթը, ինչը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի իշխանություններին»: Ըստ առաջին նախագահի՝ գործող իշխանությունների «գործողություններից ու հայտարարություններից առայժմ չի երեւում՝ նրանք զգո՞ւմ են, արդյոք, պահի լրջությունը, եւ եթե այո՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում այդ վտանգավոր մարտահրավերը դիմագրավելու համար»: Առաջարկեց քայլեր. «Քայլեր ասելով, ես նկատի չունեմ հայ ժողովրդի միասնականության մասին հնչեցված դատարկ կոչերը, որոնցով Սերժ Սարգսյանը վերջերս հանդես է եկել ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում»: Իր առաջարկածը սա էր. «Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվածությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար: Բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հարթել այդ հարաբերություններում վերջերս նկատվող մտահոգիչ տարաձայնությունները: Անել ամեն ինչ Մինսկի խմբի ձեւաչափից Ռուսաստանի դուրսմղումը կանխելու համար՝ գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարակշռության խախտումը մեզ որեւէ լավ բան չի խոստանում»:

Ասելով, որ շարժումը ժամանակավորապես դադարեցնում է ակտիվ գործողությունները, խոստովանեց՝ սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, բայց եւ անհրաժեշտ. «Անկեղծորեն կողմ լինելով թե՛ ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները: Դադարեցնելով մեր ակտիվությունը՝ մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից»:

Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր պահանջներից՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատումը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը, սակայն հանրահավաքի մասնակիցներն ակնհայտ հիասթափված էին: Բայց եւ այնպես ակտիվորեն մասնակցեցին հանրահավաքից հետո կազմակերպված երթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել